Բաժիններ՝

Կիևը չի ընդունի ՆԱՏՕ-ին անդամակցության որևէ այլընտրանք՝ հաշվի առնելով Բուդապեշտի հուշագրի «դառը փորձը». Ուկրաինայի ԱԳՆ

Բուդապեշտի հուշագրից հետո Ուկրաինան բացառում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկացած այլընտրանք, քանի որ այդ հուշագիրը «դառը փորձ» է դարձել Ուկրաինայի համար։

Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարությունը հրապարակվել է Բուդապեշտի հուշագրի ստորագրման 30-ամյակի նախաշեմին։ 1994 թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված Բուդապեշտի հուշագիրը պետք է Ուկրաինայի համար ապահովեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխիքներ՝ աշխարհի երրորդ ամենահզոր միջուկային զինանոցից հրաժարվելու դիմաց։ Հուշագիրը պետք է նշանակալի քայլ դառնար գլոբալ միջուկային զինաթափման ամրապնդման գործում և օրինակ ծառայեր այլ պետությունների համար՝ հրաժարվելու միջուկային զենքից։ Սակայն, ըստ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության, Ռուսաստանը, այդ հուշագրով լինելով Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, անտեսեց այն և հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքը։

«Ռուսաստանի կողմից Բուդապեշտի հուշագրի խախտումը ստեղծել է վտանգավոր նախադեպ, որը խարխլել է վստահությունը միջուկային զինաթափման գաղափարի նկատմամբ։ Փոխարենը, մենք տեսնում ենք տարբեր երկրների ակտիվ փորձեր Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից մինչև Եվրաատլանտյան տարածք՝ ստեղծելու կամ ընդլայնելու առկա միջուկային զինանոցները», – ասված է հայտարարության մեջ։

Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին և Բրիտանիային, որոնք ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը, Ֆրանսիային և Չինաստանին, որոնք միացել են դրան, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր անդամ երկրներին՝ կոչ անելով Ուկրաինային տրամադրել անվտանգության արդյունավետ երաշխիքներ։

Ուկրաինայի համոզմամբ՝ նման երաշխիքը լիիրավ անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։

«Ունենալով Բուդապեշտի հուշագրի դառը փորձը՝ մենք չենք բավարարվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության այլընտրանքներով, սուռոգատներով կամ փոխարինողներով», – նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի կունենա Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Reuters-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան անցյալ շաբաթ նամակ է հղել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ կոչ անելով հանդիպման ընթացքում Կիևին պաշտոնապես տրամադրել անդամակցության հրավեր։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամների շրջանում չկա համաձայնություն այս փուլում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցի շուրջ։ Դրա համար հարկավոր է ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամների համաձայնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս