«Տղամարդը գալիս, վարակում է կնոջը, նա էլ` պտղին. ՀՀ-ում ՍՊԻԴ-ով հիվանդների թիվը չի նվազում». վարակաբան
2024թ․ ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 462 դեպք, որից 341-ը՝ արական (73,8%), 121-ը՝ իգական (26,2%) սեռի շրջանում։ ՁԻԱՀ-ի 110 դեպք, որից 87-ը՝ արական (79%), և 23-ը՝ իգական (21%) սեռի շրջանում: Մահվան 92 դեպք, որից 74-ը՝ արական (80,4%), և 18-ը՝ իգական (19,6%) սեռի շրջանում: Երեխաների շրջանում (0-14 տարեկան) 3 դեպք է գրանցվել։ Մարդու իմունային անբավարարության վիրուսի՝ ՄԻԱՎ-ի մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ, վարակաբան Հրանտ Բաբայանի հետ։
– Բժի՛շկ, ի՞նչ է ՄԻԱՎ-ը, ե՞րբ է ի հայտ եկել։
– ՄԻԱՎ-ը երկարատև քրոնիկ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հանդիսանում է մարդու իմունային անբավարարության վիրուսը։ Հիվանդությունը հիմնականում ախտահարում է իմուն համակարգը, որը տարիների ընթացքում հյուծվում է, և առաջ է գալիս ՁԻԱՀ կամ հայտնի ՍՊԻԴ համախտանիշը։ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է։ Բուժառուները երբ գալիս են, հարցնում են՝ իրենց մոտ ՄԻԱ՞Վ է, թե՞ ՁԻԱՀ, ու, երբ լսում են, որ ՄԻԱՎ է, ինչ-որ տեղ ուրախանում են, բայց նույն հիվանդությունն է, ուղղակի ՁԻԱՀ-ը վերջին փուլն է՝ ավելի ծանր։
Հիվանդությունը համեմատաբար նոր է, մոտ 100 տարի է, ինչ կա։ Առաջացման վայրը համարվում է Աֆրիկան՝ Կոնգոն, որտեղ տեղի ունեցավ կապիկների պոպուլյացիայից անցումը մարդկային պոպուլյացիային։ Սա տեղի ունեցավ հետևյալ կերպ․ մարդիկ որս արեցին, այդ միսը սննդի մեջ օգտագործեցին, և այդկերպ տարածվեց Կոնգոյում ու ողջ երկրում։ Այսինքն, սննդակարգը պարբերաբար փոխելով՝ մարդիկ ունենում են խնդիրներ։ Այնպես, ինչպես կորոնավիրուսի տարածման վարկածներից մեկը համարվեց այն, որ չղջիկ կերան, ու վարակը տարածվեց։
1920 թվականից սկսած մարդկային պոպուլյացիայում վիրուսը կուտակվեց և, ըստ նախնական կարծիքների, առավել բարձր մակարդակի հասավ 1960-70-ականներին, երբ արևմտյան երկրներում տեղի ունեցավ, այսպես կոչված, սեքսուալ հեղափոխություն։ Նախկին ԽՍՀՄ երկրներում տարածվեց այն ժամանակ, երբ սեքսի մասին պատկերացումներն ավելի ազատականացվեցին և սկսեցին չգործել բարոյական նորմերի չափանիշները։
Այսինքն, մարդիկ սեռական հարաբերություն ունենում էին զուտ հաճույքի համար։ Դա իր դրական կողմերն էլ ունեցավ, սակայն հանգեցրեց վարակի տարածմանը։ 1981թ․ սկսեցին նկարագրվել առաջին դեպքերը՝ կասկածելի հիվանդություններ, որոնք չէին բուժվում։ Թոքաբորբից, որը հեշտ բուժելի հիվանդություն էր՝ երիտասարդները սկսում էին մահանալ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժիշկները համախմբվեցին և սկսեցին որոնել պատճառը ու 1983թ․ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում իրարից անկախ հայտնաբերեցին վիրուսը։ Դրանից հետո առաջ եկավ դեղամիջոցի հարցը։ 1987թ․ սկսեց շրջանառվել առաջին հակառետրովիրուսային «Զիդովուդին» դեղամիջոցը, որը նախկինում արտադրվել էր՝ որպես հակաուռուցքային միջոց,,բայց արդյունավետ չէր։ Հայտնի երաժիշտներից մեկը` Ֆրեդի Մերկուրին, ով նույնպես ՄԻԱՎ վարակակիր էր, ստանում էր «Զիդովուդին» դեղը, սակայն մեկ դեղով բուժումն արդյունավետ չէր, և նա մահացավ 1991թ․։
– Որո՞նք են փոխանցման ուղիները։
– Երեք ճանապարհ գոյություն ունի՝ սեռական, արյան միջոցով և ՄԻԱՎ վարակ ունեցող մորից՝ երեխային։ Անպաշտպան սեռական հարաբերությունների արդյունքում փոխանցվում է վիրուսը, և ռիսկի խմբում միգրանտ աշխատողներն են, ովքեր արտագնա աշխատանքի մեկնելիս պարբերաբար ունենում են սեռական հարաբերություն։
Ռիսկի խմբում սեռական ծառայություն մատուցող կանայք են, տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ։
Արյան բաղադրիչներով փոխանցումը լինում է ախտահարված ներարկիչների, բժշկական գործիքների միջոցով, երբ դրանք պատշաճ ձևով չեն մշակվում։ Ներերակային թմիամիջոցներ օգտագործողների մոտ նույն ներարկիչը բավականին տարածված գործոն է՝ հիվանդության տարածման առումով։
– Կա՞ վիճակագրություն, թե տարեկան ՄԻԱՎ վարակի քանի՞ դեպք է գրանցվում։
– Ընդհանուր առմամբ, Հայաստանում մինչ օրս գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, որից 4250-ը՝ արական (70%), 1826-ը՝ իգական (30%) սեռի շրջանում։ ՁԻԱՀ-ի 2779 դեպք, որից 2069-ը՝ արական (74%), 710-ը՝ իգական (26%) սեռի շրջանում։ Մահվան 1276 դեպք է գրանցվել, որից 1023-ը՝ արական (80%), 253-ը՝ իգական (20%) սեռի շրջանում։
Այս տարվա դրությամբ ունեցել ենք ՄԻԱՎ վարակի 462 դեպք, որից 341-ը՝ արական (73,8%), 121-ը՝ իգական (26,2%) սեռի շրջանում։ Վարակվածների մեծ մասը 25-39 տարեկան է։
– Վարակի տարածումն ինչի՞ հետ է կապված՝ անկրթությա՞ն։
– Սկզբնական շրջանում կային կարծրատիպեր․ ՄԻԱՎ-ը կապում էին բարոյականության հետ։ ԱՄՆ-ում առաջին դեպքերն արձանագրվեցին տղամարդկանց մոտ, որոնք սեռական կոնտակտ ունեին տղամարդկանց հետ։ Հիվանդության անունը ֆիքսվեց՝ որպես հոմոսեքսուալների հիվանդություն։ Որոշ ժամանակ հետո թմրանյութեր օգտագործողների մոտ դեպքեր արձանագրվեցին, ու հիվանդությունը կոչվեց «հոմոսեքսուալիստների, թմրամոլների և բոմժերի հիվանդություն»։
Այս 30 տարիների ընթացքում արևմտյան երկրները կարողացան հեռանալ այդ կարծրատիպերից ու արդեն, ըստ հիվանդության՝ մարդուն բնորոշում չեն տալիս։ Ցավոք, մեր երկրում դեռ այդ խնդիրը կա։ Մարդիկ, շատ դեպքերում՝ անգամ բժիշկները, տեղյակ չլինելով՝ խուսափում են հիվանդների հետ շփվելուց։ Գյուղերում լինում է. բուժառու ունենք, ում կարգավիճակն իմացել են և սկսել են չբարևել, չշփվել, նրա տուն չգնալ։ Դեպքեր են եղել, որ մարդիկ փոխել են իրենց բնակության վայրը։ Երևանում հայտնի կլինիկաներ են եղել, որ հիվանդության պատմության վրա կարմիր տառերով գրել են՝ ՍՊԻԴ, որը հետո փոխել տվեցինք։ Այդ մոտեցումն անընդունելի է։ Գրագիտության պակասն է։
– Դեպքեր են լինում, երբ բժիշկները հրաժարվում են վիրահատել բուժառուին՝ իմանալով, որ ՄԻԱՎ վարակակիր է, երբեմն էլ մարդը չի տեղեկացնում, որ վարակակիր է։ Սա ինչի՞ մասին է խոսում՝ փոխադարձ անվստահությա՞ն։
– Բուժառուների մեծ մասը որոշում է չասել իր կարգավիճակի մասին, որովհետև կարծում է, որ հայտնելու դեպքում խնդիրներ կունենա։ Շատ դեպքերում բժիշկները հրաժարվում են օգնություն ցուցաբերել՝ բերելով տարբեր պատճառաբանություններ։ Հիմա այդ մոտեցումը փոխվել է, բուժօգնություն տրվում է, իսկ բժշկական գործիքների միջոցով վարակվելու խնդիր չկա։ Վիրուսը բավական անկայուն է, սովորական ախտահանիչ նյութերով վերանում է, և բուժանձնակազմի վարակվելու որևէ խնդիր գոյություն չունի։ Իսկ եթե բուժառուն ստանում է հակառետրովիրուսային բուժում և ունի վիրուսի ճնշված մակարդակ, ապա անգամ արյունային կոնտակտը վարակի աղբյուր չի հանդիսանա։
Մարդիկ մարզերում իրենց կարգավիճակի մասին չեն ասում՝ զուտ ինֆորմացիայի տարածումից խուսափելու համար։ Չկա այդ վստահությունը։ Անգամ Երևանում բժշկական միջին և ցածր օղակի անձնակազմը դեռ չունի գիտելիքների այն պաշարը, կրթության այն մակարդակը, որ իրենց թույլ չտան տարածել ինֆորմացիան։
– Բայց վարակակիր լինելու մասին չասելու դեպքում մեխանիկորեն կարող են ուրիշի վնասել՝ արյան կաթիլը մնա գործիքին…
– Վիրահատությունների ժամանակ՝ անկախ նրանից, բուժառուն ասա՞ց իր կարգավիճակի մասին, թե՞ ոչ, միջամտությունից առաջ բոլոր բուժհիմնարկներում ՄԻԱՎ վարակի թեստավորում է արվում։
– Եթե կինը հղի է և տեղյակ չի եղել, որ ՄԻԱՎ վարակակիր է, երեխան նո՞ւյնպես վարակակիր է լինում։
– Ոչ: Հղիների դեպքում մորից երեխային փոխանցվում է, եթե բուժում չի ստանում, և երեխայի վարակվելու հավանականությունը 25-40 տոկոս է։ Եթե հղիությունը հայտնաբերվեց՝ արագ սկսում ենք հակառետրովիրուսային բուժումը, ապա այդ դեպքում հավանականությունն իջնում է 1-2 տոկոսի։ Կա միջոցառումների շարք, որոնցով մենք մաքսիմալ բացառում ենք երեխայի վարակվելը։ Երեխաները ծնվում են կեսարյան հատումով, այն ավելի քիչ տրավմատիկ է։ Ծնվելուց հետո երեխան մոտ մեկ ամիս ստանում է հակավիրուսային կանխարգելիչ բուժում՝ սիրոպի տեսքով։ Պարբերաբար երեխային հետազոտում ենք։
– Եթե մարդը վտանգավոր հարաբերություն է ունեցել՝ միանգամից բուժում սկսելու դեպքում լիարժեք բուժում հնարավո՞ր է։
– Մեզ մոտ կա երկու հասկացողություն․ մեկը հետկոնտակտային բուժումն է, մյուսը՝ նախակոնտակտային։ Բժիշկը մատը ծակել է, անձն ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն, դրանից հետո տալիս ենք հետկոնտակտային բուժում։ Սա ՄԻԱՎ վարակի բուժումն է՝ սահմանափակ ժամկետով, 30 օրով։ Մեկ ամիս բուժում ստանալուց հետո մարդը նորից հետազոտվում է։ Դեռևս դեպք չի գրանցվել, որ այդ բուժումից հետո ՄԻԱՎ վարակի դեպք արձանագրվի։
Նախակոնտակտայինն այն է, որ մարդը գիտի՝ սեռական հարաբերություն է ունենալու ՄԻԱՎ վարակով պացիենտի հետ, ինքը նույնպես այդ դեղն օգտագործում է, որպեսզի կանխարգելի ՄԻԱՎ վարակի տարածումը։ Այսինքն, մինչև կոնտակտը նախակոնտակտային բուժում է ստանում։
Այս երկու միջոցառումները մաքսիմալ կանխարգելում են ՄԻԱՎ վարակի տարածումը։
– ՄԻԱՎ-ից մինչև ՁԻԱՀ անցումը քանի՞ տարի է տևում։
– Վարակվելուց հետո կարճ ժամկետում՝ 2-3 շաբաթ տևողությամբ, առաջանում է սուր փուլ։ Անձի մոտ կարող է լինել ջերմության բարձրացում, թուլություն, ցավեր բկանցքում, գրիպանման երևույթներ։ Մարդն այս ամենին նշանակություն չի տալիս, որից հետո գալիս է երկարատև լատենտ, այսինքն՝ անախտանիշ փուլը, որը միջինում 9-10 տարի է։ Մարդն ունի օրգանիզմում հարուցիչը, ինքը վարակիչ է, բայց առողջ է իրեն զգում ու բուժօգնության չի դիմում։ Սա ամենավտանգավոր շրջանն է՝ վարակի առումով, երբ տարբեր մարդկանց կարող է վարակել։ 9-10 տարի հետո սկսում են ի հայտ գալ հիվանդության ախտանշանները։ Առանց որևէ պատճառի մարդիկ սկսում են երկարատև՝ մեկ ամսից ավելի ջերմել կամ ունենալ երկարատև փորլուծություն, լիմֆատիկ մի քանի խմբի հանգույցների մեծացում է լինում, այսինքն՝ օրգանիզմը սկսում է մարդուն ազդանշան տալ, որ խնդիր ունի, անհրաժեշտ է հետազոտվել։ Եթե մարդը գրագետ թերապևտի է մոտենում, ապա նրան ուղարկում են ՄԻԱՎ վարակի թեստավորման, իսկ եթե չէ՝ անարդյունավետ բուժումներ են սկսում։ Երկարատև ջերմություն, լուծ են բուժում, և տարիների ընթացքում ախտահարումը խորանում է, մարդը մտնում է ՁԻԱՀ փուլ։ Իմուն համակարգն այն կարգի ճնշված է լինում, որ իմունիտետը չի կարողանում պաշտպանել տարբեր վարակիչ և ուռուցքային հիվանդություններից, որն արդեն առողջապահական համակարգի համար խնդիր է։ Դրա համար ցանկալի է պարբերաբար ՄԻԱՎ վարակի թեստավորում անցնել։ Օրինակ, աշխատանքային միգրանտները երկրից բացակայում են 6 ամիս, 1 տարի, և նախքան հայրենիք վերադառնալը ցանկալի է, որ թեստավորում անցնեն։ Իրենք պետք է այդքանը գիտակցեն։ Տղամարդը վարակված գալիս է, իրեն առողջ է զգում, վարակում է կնոջը, հղիություն է զարգանում, և պտուղը կարող է վարակվել։ Մարդկանց մեջ պետք է կուլտուրա ձևավորվի, որ տարին մեկ հետազոտվեն։
– Վիճակագրական տվյալներ ներկայացրեցիք, ինչը նշանակում է, որ տարեցտարի դեպքերի թիվն աճե՞լ է, թե՞ նաև նվազում է եղել։
– Վերջին մի քանի տարում նվազում չկա։ Այս տարի 462 նոր դեպք ունենք։ Նախորդ տարիներին 500-ից ավելի նոր դեպք է եղել։ Սա խոսում է այն մասին, որ հիմա ավելի լայնածավալ հետազոտություն է իրականացվում։ Ունենք շարժական կլինիկա, որ բոլոր մարզային կենտրոններում, գյուղերում շրջում ենք, բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի, Հեպատիտ B-ի, C-ի և Սիֆիլիսի հետազոտություն անցկացնում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով միգրանտներին։ Տեղամասային բուժկենտրոնները ևս անցկացնում են հետազոտություններ։
– Ճի՞շտ է, որ վարակվելուց 2-4 ժամվա ընթացքում, երբ մարդու մոտ լինում է գրիպանման երևույթ, այն խոսում է ՄԻԱՎ-ի մասին։
– Ո՛չ։ Գրիպանման երևույթ բոլորի մոտ էլ կարող է լինել։ Կասկածելի է լինում, երբ գրիպանման երևույթները երկար ժամանակ չեն անցնում, տևում են մեկ ամսից ավելի։ Դա արդեն կասկածելի խնդիր է, որ իմուն համակարգի հետ ինչ-որ բան այն չէ։ Նույնը՝ թոքաբորբի դեպքում։ Եթե ամիսներով չի բուժվում՝ ազդակ է, որ մարդուն պետք է հետազոտել ՄԻԱՎ վարակի կապակցությամբ։ Վարակի աղբյուր են հետևյալ կենսաբանական հեղուկները՝ արյունը, սերմնահեղուկը, վագինալ, մենստրուալ արտադրությունները և կրծքի կաթը։ Եվ կան հեղուկներ, որոնց մեջ վիրուսը կա, բայց վարակի աղբյուր չեն․ դրանք են՝ արցունքը, թուքը, քրտինքը, մեզը։ Մարդիկ վախենում են ՄԻԱՎ վարակակիրների հետ շփումներից, սակայն ձեռքսեղմումները, համբույրները վարակի աղբյուր չեն։ Համատեղ սնվելը, ափսեները, բաժակները ևս վարակի աղբյուր չեն։
– 1980-ական թվականներին շատ էին խոսում «Արմենիկում» դեղի մասին, որի միջոցով հնարավոր էր բուժել ՄԻԱՎ-ը, սակայն արտերկրի փորձագետներն այն չէին հավանել։ Հիմա դեղը կիրառվո՞ւմ է Հայաստանում։
– «Արմենիկումը» հիմա չի կիրառվում։ Այն յոդի հիմքի վրա լրացուցիչ դեղամիջոց էր՝ հակառետրովիրուսային դեղորայքի հետ համատեղ։ Հակառետրովիրուսային դեղամիջոց չէր և վերջնական մշակման արդյունքի չհասավ։ Թերի դեղամիջոց է, որը չի էլ արտադրվում։
– 2020թ․ Չինաստանը հայտարարեց՝ նոր դեղ են ստեղծել, որը 8 շաբաթում ՄԻԱՎ-ը վերջնական բուժում է։ Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է, և արդյո՞ք հիվանդությունը վերջնական բուժել հնարավոր է։
– Ցավոք, հիվանդությունը վերջնական բուժում չունի։ Բուժման ֆոնի վրա դառնում է քրոնիկ, վերահսկելի հիվանդություն։ Վիրուսը երկարատև բուժման արդյունքում ճնշվում է, իմուն համակարգը վերականգնվում է, և մարդն առողջական խնդիր չի ունենում։ Ինչ վերաբերում է Չինաստանի արտադրած դեղին, ապա ցանկացած դեղամիջոց պետք է փորձաքննություն անցնի։ Երբ կկիրառվի՝ այդ ժամանակ կխոսենք, իսկ այսօր ՄԻԱՎ վարակը վերջնական բուժում չունի, և ողջ կյանքի ընթացքում բուժառուն պետք է ստանա հակառետրովիրուսային բուժում։