
Ի՞նչ է հայտարարագրել Անդրանիկ Քոչարյանը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը «սաղմոսերգությամբ» սկսել է մրցել իր քաղաքական առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, մայիսի սկզբին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Պատգամավորն ապրում է որդու և կնոջ հետ, որոնք, ըստ հայտարարագրի նշումի, չեն աշխատում։
Նա հաշվետու տարում հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 1997 թվականին գնված ավտոտնակ, 2002թ․-ին գնված բնակարան մայրաքաղաքում, ապա և՝ 2020 թվականին ժառանգություն ստացած ևս մեկ բնակարան, և բոլորն էլ տնօրինում է միանձնյա:
Պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին ավելացել են՝ տարեսկզբի 0 դրամի, 88 դոլարի, 1000 եվրոյի և 5,854,979 դրամի փոխարեն՝ կազմելով 2 միլիոն դրամ, 2,098 դոլար, 2005 եվրո և 4 միլիոն 054,052 դրամ։ Աճել են նաև Անդրանիկ Քոչարյանի կանխիկ միջոցները՝ € 2,000-ն տարեվերջին կրկնապատկվել է, 3000 դոլարը՝ դարձել 5000, իսկ 4,700,000 դրամը՝ 4,850,000 դրամ։
ՔՊ-ական պատգամավորի՝ 2024 թվականին ստացած 13 միլիոն 188,328 դրամ եկամուտը ձևավորվել է ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։
Անդրանիկ Քոչարյանը նաև «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հ/կ նախագահն է:
Պատգամավորի որդին՝ Վազգեն Քոչարյանը, հայտարարագրել է 2022 թվականին գնած «Վոլվո» մեքենան և կանխիկ դրամը, որը տարեսկզբին եղել է 0 դոլար և 4 միլիոն 700,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 2,400 դոլար և 4,150,00 դրամ։
Նրա տիկինը՝ Լուսինե Քոչարյանը, հայտարարագրում նշել է բանկային հաշիվների՝ 500 դոլար, 135,409 դրամ մնացորդների մասին, որոնք տարեվերջին նվազել են՝ կազմելով 13 եվրո, 20 դոլար և շուրջ 93 հազար դրամ, ապա նաև՝ կանխիկ միջոցների մասին, որոնք տարեկսկզբի 0 դրամի և 2700 դոլարի փոխարեն՝ տարեվերջին կազմել են 170,000 դրամ և 3,500 դոլար։