
Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տագնապի ու ծանր հիվանդությունների ուղղակի կապը

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անհանգիստ տղամարդկանց մոտ ավելի վաղ են զարգանում սրտի հիվանդությունները և շաքարային դիաբետը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի ամսագրում, հաղորդում է SciTechDaily-ն։
Սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և 2-րդ տիպի շաքարային դիաբետի, անհանգստության և ռիսկի գործոնների միջև կապը հետազոտելու համար հեղինակները վերլուծել են նորմատիվ ծերացման ուսումնասիրության տվյալները, որը 1961 թվականին Բոստոնում նախաձեռնել էին ԱՄՆ Վետերանների ամբուլատոր կլինիկայի փորձագետները:
Հետազոտվել է 1561 տղամարդ, որոնց միջին տարիքը 1975 թվականին եղել է 53 տարի։ Հետազոտությանն անցնելու պահին նրանք սրտանոթային հիվանդություն կամ քաղցկեղ չեն ունեցել, և բոլորը նևրոզի թեստ են անցել:
Ինչպես հայտնի է, նևրոտիկներին բնորոշ է իրավիճակները որպես սպառնալից, սթրեսային կամ ճնշող մեկնաբանելու միտում: Նրանք հակված են ավելի հաճախ զգալ բացասական հույզեր, ինչպիսիք են վախը, անհանգստությունը, տխրությունը և զայրույթը:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ անհանգստության բարձր մակարդակը կապված է կենսաբանական գործընթացների հետ, որոնք կարող են հանգեցնել սրտի հիվանդության և նյութափոխանակության խանգարումների: Եվ այս կապը կարող էր առաջանալ շատ ավելի վաղ, քան սովորաբար ենթադրվում է, դեռ մանկության կամ պատանեկության տարիքում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Լևին Լին:
Տագնապային տրամադրությունները կարող են լինել հարմարվողական կամ անառողջ, ասում է նա, հատկապես, երբ այն դառնում է անկառավարելի և խանգարում առօրյա գործունեությանը:
Հետազոտության մասնակիցները յուրաքանչյուր երեքից հինգ տարին մեկ բժշկական հետազոտություններ ու արյան անալիզներ է հանձնել: Հեղինակները առողջական վիճակի գնահատման պարամետրերից ընտրել են յոթ ռիսկի գործոն՝ արյան ճնշման վերին և ստորին թվերը, ընդհանուր խոլեստերինը, տրիգլիցերիդները, մարմնի զանգվածի ինդեքսը, արյան շաքարը, էրիթրոցիտների նստվածքի արագությունը և բորբոքման մարկերը:
Յուրաքանչյուր մասնակցի նշանակվել է միավոր՝ մեկական ռիսկի յոթ գործոններից յուրաքանչյուրի համար: Եթե մարդն ուներ վեց և ավելի բարձր ռիսկային մարկերներ, գիտնականները համարում էին, որ նա մոտ արդեն զարգացել է սրտանոթային հիվանդություն։
Հետազոտողները պարզել են, որ 33-ից 65 տարեկանում միջինում մեկ տասնամյակում բարձր ռիսկային գործոնների միջին թիվն աճել է և մինչև 65 տարեկանը հասել է միջինը 3,8-ի: