2025թ. բյուջեի նախագիծը՝ լակմուսի թուղթ կառավարության առաջնահերթությունների մասին

Ազգային ժողովը վաղը մեկնարկող հերթական նստաշրջանին պատրաստվում է քննարկել 2025թ. պետական բյուջեի նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնության քվեարկության արդյունքները, իհարկե, կանխատեսելի են, սակայն դա բնավ չի նշանակում, որ պետք է լռել ու չարձանագրել բյուջեի նախագծում տեղ գտած թերությունների մասին։

Ի թիվս բազմաթիվ անիրատեսական պլանավորումների, որոնք վերաբերում են բյուջեի եկամուտներին և որոնց առանձին անդրադարձ ենք կատարել, ոչ պակաս կարևոր քննարկման առարկա է 2025թ. բյուջեի ծախսային կողմը։

2025թ. բյուջեի նախագծով ծրագրված է, որ ընդհանուր ծախսերը 2024թ. համեմատ աճելու են 8.6%-ով։ Մինչդեռ հենց այդ նախագծի բյուջետային ուղերձում գրված է, որ 2024-ին սպասվում է ընդհանուր ծախսերի 4.1% թերակատարում։

Բյուջեի կատարման վերաբերյալ այս պահին առկա ամենաթարմ պաշտոնական տեղեկատվությունը 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրն է, համաձայն որի՝ բյուջեի ծախսերը նշված ժամանակահատվածում զգալիորեն՝ 13.0%-ով թերակատարվել են։

Այսինքն՝ 9 ամիսների կտրվածքով թերակատարումը 2025թ.-ի պետական բյուջեի ուղերձով սպասվող տարեկան մեծությունից ավելի քան եռակի մեծ է։

Ծայրահեղ լավատես պետք է լինել ակնկալելու համար, որ 4-րդ եռամսյակում թերակատարման առումով վիճակն այնքան կբարելավվի, որ այն տարվա կտրվածքով կկազմի ընդամենը 4.1%։ Նույնիսկ, եթե կառավարությանը հաջողվի բարելավել այդ ցուցանիշը, կստացվի, որ 2025-ի ընդհանուր ծախսերը 2024թ. պաշտոնապես սպասվող ցուցանիշի համեմատ էապես՝ 13.2%-ով ավելի են պլանավորվել։ Բյուջեի եկամուտների՝ 2025թ. բյուջեի նախագծով պլանավորված բավական համեստ աճի պարագայում սա կնշանակի, որ եկամուտ-ծախս տարբերությունը կառավարությունը ստիպված է լինելու հավասարակշռել/բալանսավորել ի հաշիվ պետական պարտքի ավելացման։ Էլ չասած, որ առանց այդ էլ 2025թ. բյուջեի նախագծով ծրագրվում է պետական պարտքի «աննախադեպ»՝ շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլարի աճ։

Լավատեսություն չի ներշնչում նաև 2024թ. 9 ամիսների կտրվածքով ընթացիկ և կապիտալ ծախսերի անհամաչափ թերակատարումը. տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի թերակատարումը 3.3 անգամ ավելի մեծ է, քան ընթացիկ ծախսերինը, ինչը զգալի մեծ տարբերություն է։ Այս տարբերությունը մատնանշում է պետության տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու ուղղությամբ կառավարության գործիքակազմի ու մեթոդների լրջագույն թերությունների առկայությունը։ Եվ, չնայած ընթացիկ տարվա ցուցանիշների զգալի թերակատարմանը, 2025թ. պետական բյուջեի նախագծում կապիտալ ծախսերը նույնպես ավելացվել են։

Ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025թ. բյուջեի նախնական քննարկման ընթացքում, խոստովանեց, որ 2025թ. բյուջեն կազմվել է բավական բարձր պակասուրդով՝ չնայած՝ «մենք ամեն տեղ էնքան ենք ծախսերը նվազեցրել, որ անդրադարձել ենք մեր աշխատավարձերին»։

Նախարարի այս արձանագրումը բավական տարակուսելի է, քանի որ իրականում ոչ բոլոր ծախսերն են կրճատվել։ Ավելին, մի շարք ուղղություններով ծախսերը նույնիսկ զգալիորեն ավելացել են։

Մասնավորապես, էապես ավելանալու են ոստիկանության և պետական պահպանության գծով ծախսերը, մինչդեռ բյուջեի դեֆիցիտը փորձել են «սանձել» էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև մարզպետարանների հաշվին։

Ի դեպ, ՀՀ մարզերի գծով՝ կրճատվել են մարզպետի աշխատակազմի կողմից տարածքային պետական կառավարման ապահովմանն ուղղվող ծախսերը։

Ավելին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում մարզպետներից մի քանիսը, կամա թե ակամա, հրապարակեցին իշխանության համար անցանկալի տեղեկատվություն՝ ոչ միայն նվազելու է աշխատավարձային ֆոնդը, այլ նաև պլանավորվում է զգալի թվով աշխատատեղերի կրճատում։ Առնվազն ծախսային պլանավորման այս պատկերն ի ցույց է դնում, թե որոնք են գործող իշխանության առաջնահերթությունները «կայուն և զարգացող» ոստիկանապետություն կառուցելու ճանապարհին։

Խոսելով առաջնահերթություններից՝ 2025թ. պետական բյուջեի նախագծով կենսաթոշակներն ու նպաստները հաջորդ տարի նույնպես չեն բարձրանալու։ Երևի բյուջեի ծախսերի ցուցակում այս ենթակետն էլ պետական միջոցների «անիմաստ վատնում» դասակարգչի ներքո է։

Եվ սա շատ զարմանալի է, քանի որ 2025թ.-ից «Քաղաքացիական պայմանագիրն» ակտիվորեն սկսելու է պատրաստվել 2026թ. հերթական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, իսկ կենսաթոշակների բարձրացումն իրենց քարոզչական թեզերից ամենասիրվածն է։

Ո՞վ ասաց, թե աննախադեպ աճ չկա։ Իհարկե կա. աճում է բյուջեից երկրորդային կարևորության ծախսերին ուղղվող միջոցները, աճում է բյուջեի պակասուրդը, պետական պարտքը, աճում են երկրի տնտեսական կայունությունը խաթարող մարտահրավերները, աճում են ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրները։

«Ապագա կա» կարգախոսը երևի միայն վերաբերում էր գործող իշխանության ներկայացուցիչներին ու ուժայիններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930