Փիլոյանի գործով անցած Նվեր Մնացականյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվել են, նաև՝ նախքան նախաքննության ավարտը

2022 թվականի մարտի 31-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ տեղեկացվում էր, որ մեղադրանք է առաջադրվել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, և, որ քրեական գործով ևս 8 անձ ունեն՝ մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ:

Նշվում էր, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

Շատ ավելի ուշ Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքի դրվագներից մեկը՝ խոշոր չափերով կաշառք ստանալը (երկու դրվագ), վերաորակվել էր ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածով՝ խարդախությամբ։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքներով։

Բայց կոնկրետ դեպքում խնդիրը սա չէ: Այլ, որ Փիլոյանի գործով սկզբում անցնում էր նաև Նվեր Մնացականյանի որդին՝ Մհեր Մնացականյանը, նա ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետն էր:

Կարդացեք նաև

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում»:

Ավելին, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները»:

Բնականաբար, Նվեր Մնացականյանը լրատվամիջոցներին հավատացրել էր, որ որդին ոչինչ չի արել:

«Իմ որդին ոչինչ չի արել։ Որ փաստաբան ունենա, երբ որ մեղադրանքն ամբողջությամբ կունենաք ձեր ձեռքի տակ, նոր խոսեք»,- 2022 թվականի մարտին «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում ասել էր նա:

Ավելի ուշ, երբ գործը դատաքննության փուլում էր, մենք նկատել էինք, որ Մհեր Մնացականյանի անունը բացակայում է մեղադրյալների ցուցակում։

Ըստ այդմ՝ 2024 թվականի հոկտեմբերի 29-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե երբ և ինչ հիմքով է քրեական հետապնդումը դադարեցվել ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին պետ Մհեր Մնացականյանի նկատմամբ:

Նոյեմբերի 11-ին մեր հարցմանն ի պատասխան իր գրության մեջ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են հետևյալը.

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող թիվ 58207222 քրեական վարույթով Մհեր Մնացականյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.08.2003-ին, ուժը կորցրել՝ 01.07.2022 թվականին) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1 և 2-րդ կետերով և 34-308-րդ հոդվածի 1-ին մասով:

2022 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացվել Մհեր Մնացականյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 2-րդ մասի 1-ին, 1.1 և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Բացի այդ, 2023 թվականի մայիսի 11-ի մեկ այլ որոշմամբ Մհեր Մնացականյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումն է դադարեցվել:

Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»:

Հավելենք, որ Անդրանիկ Փիլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է 2022 թվականի սեպտեմբերին:

Այսինքն, Մհեր Մնացականյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մի որոշում կայացվել է (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 2-րդ մասի 1-ին, 1.1 և 2-րդ կետերով) նախքան նախաքննության ավարտը, մեկը՝ դրանից հետո:

Դեռ 2022-ին մամուլը գրում էր, որ Նվեր Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի հետ շատ մտերիմ է: Գուցե այդ մտերմությունը պահպանվել է, իսկ գուցե դե ֆակտո և դե յուրե ամեն ինչ օրինական է…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930