Խամաճիկային այս իշխանությունը COP29-ին կմասնակցի, երբ տերերից հրահանգ ստանա. Արմեն Բադալյան
Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ դեռևս որոշում չունեն՝ նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP29-ին մասնակցության վերաբերյալ։ Այդ որոշումը դեռևս չկա նաև այսօր, քանի որ Արարատ Միրզոյանը և փոխարտգործնախարարները ևս օրեր առաջ ասացին, որ համաժողովին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունեն։
Բազմաթիվ երկրներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը՝ նախագահների, վարչապետների ու փոխվարչապետների մակարդակով։
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը դեռ որոշում չունի, իսկ միգուցե որոշում ունի, սակայն այն չե՞ն հանրայնացնում։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դժվարացավ պատասխանել այս հարցին, սակայն վստահ է՝ ՀՀ իշխանությունների արևմտյան տերերն ինչպես որոշեն, նրանք այդպես էլ անելու են։
«Հաշվի առնելով, որ այս իշխանությունը հանդիսանում է արևմտյան գլոբալիստների խամաճիկային իշխանությունը Հայաստանում, նրանք չեն կարող ինքնուրույն որոշում կայացնել։ Եթե Արևմուտքից ստանան հրահանգ, կգնան ու կմասնակցեն, իսկ եթե այդ հրահանգը չեղավ՝ չեն մասնակցի։ Եթե հանկարծ թողեցին իշխանությունների հայեցողությանը, ապա որոշումը լինելու է՝ ըստ օրվա «կուրսի»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանը հնարավոր է համարում, որ այս համաժողովից 1-2 օր առաջ, կամ դրան նախորդող օրերին Ալիևն իր անձնական իմիջի համար բանտում գերությունից ազատ արձակի 1-2 հայի, ընդ որում, այն անձանցից, որոնց ձերբակալության ժամկետի ավարտին քիչ ժամանակ է մնացել, քանի որ այնպես չէ, որ Բաքվում բոլոր գերիները, ռազմագերիները ցմահ կամ 15-20 տարով են դատապարտվել։
«Ալիևի վրա որևէ միջազգային ճնշում չկա, Ադրբեջանը 1-2 գերիների բաց կթողնի իր անվան համար։ Ադրբեջանին չեն կարող ճնշել, նրան ճնշելու համար նախ պետք է Թուրքիային ճնշեն, բայց այս պահի դրությամբ ո՞վ է Թուրքիային ճնշողը՝ Ֆրանսիան և Գերմանիա՞ն, իհարկե ոչ»,- նշեց Արմեն Բադալյանը և ընդգծեց՝ այս հարցում չեն կարող օգնել անգամ Փաշինյանի թվացյալ ջերմ հարաբերությունները Մակրոնի հետ։
«ԵՄ-ն Ադրբեջանից գազ է գնում, բացի այդ, Ադրբեջանը Թուրքիայի դե ֆակտո տարածքն է, դրա համար առաջինը պետք է Թուրքիայի վրա ճնշումներ գործադրեն։ Այլ խոսքով՝ Ալիևի վրա ազդելու համար, առաջին հերթին՝ պետք է ազդել Էրդողանի վրա»,– եզրափակեց Արմեն Բադալյանը։
Նշենք, որ ԱԺ նախորդ անցնող քառօրյայի ընթացքում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հստակ չպատասխանեց պատգամավորի հարցին՝ Ալիևից COP29-ից առաջ կպահանջի՞ հայ գերիներին ու պատանդներին։
Ի դեպ, COP29-ը Բաքվում անցկացնելու համար Հայաստանը հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի։
Հիշեցնենք, որ վերջերս Ավստրալիայի Democracy for sale-ի հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանը 4,7 միլիոն դոլար է վճարել բրիտանական լոբբիստներին՝ COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ իր վատ հեղինակությունը, համբավը «մաքրելու» համար։ Հետաքննությունն անցկացվել է iPaper-ի և SourceMaterial-ի հետ համատեղ։
Հետազոտության համաձայն, միջազգային Teneo խորհրդատվական ընկերությանը շնորհվել է 7-ամսյա պայմանագիր մարդու իրավունքների խախտումների համար մեղադրվող և նավթով հարուստ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի «իմիջը բարելավելու» համար։
«Հետազոտողները պնդում են, որ Teneo-ի կազմում աշխատում է Ալեքս Հիքմանը՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի բիզնես-խորհրդատուն, իսկ Լոնդոնում ընկերության ավագ գործադիր տնօրենը Պատրիկ Լաֆլանն է՝ Մեծ Բրիտանիայի մեկ այլ նախկին վարչապետի՝ Թոնի Բլեերի նախկին հատուկ խորհրդականներից մեկը: