Ահավոր վիճակ է. քաղաքը խառնեցին. գլուխները պատով կտան՝ կթանկացնեն. քաղաքացիները դեմ են քաղաքապետարանի՝ տրանսպորտային բարեփոխումներին

Մի քանի օր է՝ մայրաքաղաքի ավտոբուսներում վճարումներն ընդունվում են QR կոդերով և բացառապես 100 դրամանոց մետաղադրամներով։ Մինչ քաղաքացիներն ու նրանց իրավունքները պաշտպանող տարբեր շրջանակներ սա համարում են օրենքի խախտում՝ հղում անելով արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքին, ըստ որի, ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել, քաղաքապետարանից վստահեցնում են՝ իրենք ճիշտ ուղու վրա են, այս համակարգն այլընտրանք չունի։

Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից, ու հենց հունվարի 1-ից սկսած՝ քաղաքացիները կառերեսվեն տրանսպորտային բարեփոխումների ողջ հմայքին, այդ թվում՝ ուղեվարձի թանկացմանը․ քաղաքային իշխանությունն ասում է՝ 100 դրամով հնարավոր չէ սպասարկել նոր ավտոբուսները:

168am-ը լսել է պարտադրված այս որոշումների միջև մնացած քաղաքացիների տեսակետները։

«Սոսկալի վիճակ է․ իրենք նախ պետք է բնակչությանն ապահովեին 100 դրամանոցներով, նոր որոշում կայացնեին։ Ես նոր եմ իջել 18 համարի տրանսպորտից, 80 տոկոսը չունեին, վարորդն ասեց՝ հո չե՞ք իջնի։ Բոլորը պետք է հավաքվեն-գնան Ավինյանի մոտ։

Կարդացեք նաև

Գլուխները պատին կտան՝ հունվարի 1-ից կթանկացնեն․ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Ես սկզբում այս ղեկավարությանը դեմ չէի, բայց էնքան բան արեցին՝ արդեն տեղ չկա․․․ լռելու տեղ չկա․․․»,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշը հավելեց՝ ամբողջ քաղաքը 100 դրամանոց է փնտրում։

Քաղաքացիներն ուշադրություն դարձրին նաև խնդրի մեկ այլ կողմի վրա՝ թղթի անտեղի վատնման, ժամանակի կորստի, հավելյալ բարդացումների։

«Ահավոր վիճակ է, ես չեմ իմանում՝ այս խճճվածությունն ինչի՞ են ստեղծել․ ես 100 դրամի համար այսօր աշխատանքից ուշացել եմ, փողը փող չի՞։ Իրենք երկիրը կերել են, ծախել են, եթե շոֆերը 100 դրամ վերցնի՝ ո՞նց կլինի»,- զայրույթով հավելեց թոշակառու մի կին։

Մայրաքաղաքի բնակիչները դեռ հույս ունեն՝ որոշումը կչեղարկվի․ նշում են՝ ստորագրահավաքներ են կազմակերպվում, և գուցե դա կկարողանա ինչ-որ բան փոխել։

Ի դեպ, քաղաքային իշխանությունների որոշման դեմ ստորագրահավաք կազմակերպողը Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանն է, որը նախօրեին սոցիալական հարթակում դիմել է քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ իրենց խմբերն այդ նպատակով շրջելու են քաղաքում․

Դեռ 2013 թվականին այդ ժամանակվա իշխանություններն առաջարկել էին տրանսպորտի գինը դարձնել 150 դրամ, նույն օրերին սկսվել էին զանգվածային բողոքի ակցիաներ։ Մասնակիցները «Չենք վճարելու 150 դրամ» և «Վարորդ, միացի՛ր պայքարին» պաստառներով բոյկոտի կոչ էին անում և բացատրություններ պահանջում։

Հետաքրքրական զուգադիպությամբ՝ այդ ակցիայի մասնակիցների մեջ էին նաև գործող իշխանության տարբեր դերակատարներ, որոնք այսօր, փաստորեն, նախընտրում են լռելը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս