Լյարդի ցիռոզից մահացության դեպքերը 2030թ. աճելու են. հայ գիտնականները դեղաբույսերի խառնուրդ են ստեղծել
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները լյարդի ցիռոզի բուժման նոր մոտեցում են առաջարկում, ինչի մասին էլ զրուցել ենք «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Արշակյանի հետ։
– Ինչպե՞ս առաջացավ լյարդի ցիռոզի բուժման եղանակ փնտրելու գաղափարը։
– Ընդունվելով «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիա՝ առաջարկվեց զբաղվել բուսական ծագման դեղերի ուսումնասիրությամբ, և հետագայում ուսումնասիրությունները, համագործակցությունները, բժիշկների հետ քննարկումները խորացրեցին գաղափարը, որն է՝ գտնել լյարդի ցիռոզի նախնական ախտորոշումը, հետո նաև դինամիկ ախտորոշումը, և ըստ դրա՝ կատարել բուժական նոր էֆեկտների գնահատում:
– Քանի՞ տարի է, որ այս ուղղությամբ ուսումնասիրություն եք կատարում։
– Ուսումնասիրությունները կատարում եմ ավելի քան յոթ տարի, որից հինգ տարին լաբորատոր հետազոտությունների փուլ է եղել, որից հետո այն արդեն սկսվել է մշակվել՝ ըստ հետազոտական տվյալների։ Նույնիսկ առաջարկել եմ հիպոթեզ՝ նախնական ախտորոշման պատճառահետևանքային կապերի վերաբերյալ, որն էլ ներկայացրել եմ միջազգային կոնֆերանսներում՝ արժանանալով բավականին լավ գնահատանքի:
– Աշխարհում ևս նման ուսումնասիրություններ կատարվում են։ Նախքան այն սկսելը նայում, համեմատություն կատարո՞ւմ եք, թե իրենք որ կետին են հասել, Դուք որ կետից պետք է շարունակեք։
– Իհարկե, ցանկացած իրեն հարգող գիտնական, երբ իրականացնում է հետազոտական աշխատանք և գաղափար առաջադրում, պարտավոր է ուսումնասիրել նաև միջազգային փորձը և բոլոր գիտնականների հետազոտությունները: Ինչպես ես եմ սիրում ասել՝ «պարտադիր պետք է հետ նայել անցյալ, որպեսզի ճիշտ կառուցենք մեր ապագան»։ Նաև պետք է հաշվի առնել տարածաշրջանային առանձնահատկությունները: Լյարդի խնդիրների ուսումնասիրությունները շատ վաղուց են սկսվել, որովհետև լյարդը համարվում է մարդու օրգանիզմի լաբորատորիա, և լյարդի առողջ վիճակից է կախված մարդու օրգանիզմի առողջական վիճակը։ Արդեն հրապարակվել են տվյալներ, որ մինչև 2030 թվականը լյարդի հիվանդություններից, մասնավորապես՝ լյարդի ցիռոզից մահացությունների թիվը գնալով աճելու է, ինչն առավել արդիական է դարձնում հարցը։
– Այս ընթացքում բուսական խառնուրդ եք ստեղծել՝ բաղկացած անթառամից և կաթնափուշից․ դրանք նպաստելո՞ւ են լյարդի ցիռոզի վաղ ախտորոշմանն ու կանխարգելմանը։
– Բույսերի համակցումների գաղափարը կար, իսկ իմ կողմից առաջարկվել է՝ գտնել ճիշտ համակցումը, որն առավել էֆեկտիվ կլինի։ Առաջարկվել է հաշվի առնել նաև սեռային պատկանելությունը, որը խիստ սպեցիֆիկ է լինում դինամիկ զարգացման ընթացքում: Շատ փակագծեր չեմ կարող բացել այս պահին, քանի որ տվյալները դեռևս չեն հրապարակվել, բայց կարծում եմ, որ հետագա լուրջ հետազոտություններով դրանք կընդգրկվեն բժշկական պրակտիկայում։
Նշեմ, որ բացի երկու բույսերի՝ անթառամի և կաթնափուշի խառնուրդից, իմ կողմից առաջարկվում է հիպոթեզ, որպեսզի կիրառվեն նաև այլ բույսերի համակցումներ՝ կախված փուլային ախտորոշման խորությունից, այլ օրգանների պատճառահետևանքային կապերով ֆունկցիոնալ շեղումներից։
Ի դեպ, անթառամն ու կաթնափուշն օգտագործվել են հնուց՝ մարդկանց բուժելու նպատակով, և դա կարևոր էր ինձ համար, քանի որ նշանակում է՝ ճիշտ ուղու վրա եմ, կարող եմ անցյալի փորձը դեպի ապագա տանել։
– Համագործակցո՞ւմ եք բժիշկների հետ, թե՞ թիմում միայն գիտնականներ են։
– Այս պահին պաշտոնական համագործակցություն չունենք բժիշկների հետ։
– Փորձարկումն իրականացնում եք լաբորատոր առնետների վրա։ Օգտագործել եք դեղաբույսերի խառնուրդն ու տեսել եք, որ օգտակա՞ր է։
– Այո։ Լաբորատորիայում մոտ 250-ից ավելի առնետ ուսումնասիրվել է։ Առողջ կենդանիներին մենք «հիվանդացնում» ենք լյարդի ցիռոզով, այնուհետև փորձարկում ենք բուժման տակտիկան՝ ըստ մշակված ընթացակարգի։
Փորձարկման արդյունքում մենք տեսել ենք այդ խառնուրդի էֆեկտիվությունը լյարդի հյուսվածքների վրա։ Հետագայում դիտարկվեց դրանց էֆեկտիվությունը լյարդ-թոք, լյարդ-երիկամ ֆունկցիոնալ կապի վրա։
– Եվս քանի՞ տարի է ուսումնասիրությունը շարունակվելու։
– Սկսեցինք լյարդի ցիռոզ հիվանդության պատճառահետևանքային կապի որոնումից, բայց երկրորդ դրամաշնորհը չստացվեց շահել, ու այս փուլում լաբորատոր հետազոտությունները մի փոքր դանդաղ են ընթանում, որովհետև նյութածախսեր, ռեագենտներ են անհրաժեշտ դրա համար։ Ամեն դեպքում չենք հուսահատվում, որովհետև գաղափարներ շատ կան, որոնք փուլ առ փուլ կիրականացվեն։
– Որպեսզի գիտնականը չմնա գրանտի հույսին՝ պետական պատվեր իջեցնելը կարևոր չէ՞։
– Դա ևս կարևոր է։ Կարծում եմ՝ գիտնականը պետության մեջ պետք է այնքան ապահովված լինի, որ ոչ թե մտածի, թե ինչպես հարմարեցնի հետազոտությունը, որ շատ փող աշխատի, այլ մտածի այն մասին, թե որքանո՞վ է հետազոտությունն իրատեսական ու պիտանի մարդկությանը։ Ես բռնել եմ այն ուղին, որը ստեղծում է համազգային, համամարդկային գիտություն։ Հասկանում եմ, այն բարդ է, համբերություն ու ծավալուն աշխատանք է պահանջում։
– Հաճախ գիտնականները խնդրի առջև էին կանգնում, քանի որ նյութերը, որ պատվիրում էին, շատ ուշ էին տեղ հասնում։ Հարցը լուծվե՞լ է։
– Ինքս այս խնդիրն ունեցել եմ: Նույնիսկ իմ ատենախոսական աշխատանքի հետազոտության համար բավականին գումար ես եմ ներդրել։ Իհարկե, ունեցել եմ նաև դրամաշնորհ, որի մի մասը ծախսվել է ռեակտիվների, փոքր սարքերի ձեռքբերման համար։ Բայց միայն լաբորատոր հետազոտությունը գիտություն չէ։ Գիտությունն ավելի լուրջ է։
– Դեղագործները, բիզնեսմենները հետաքրքրվա՞ծ են գիտնականների ուսումնասիրություններով։
– Վերջին շրջանում հետաքրքրությունը մեծացել է, բայց դեռևս չկա այն միջանկյալ օղակը, որ գիտնականին կապում է բիզնեսմենի հետ։ Շատ դեպքերում ստացվում է՝ գիտնականը գիտությունը պետք է թողնի ինչ-որ մի կետում ու ինչ ստեղծել է՝ դա դարձնի բիզնես, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Եթե գաղափարներ ունի առաջարկելու՝ ավելի լավ է, գիտության մեջ մնա։ Բիզնեսմենի գիտությունն իրենն է։
– Օրերս Երևանում «Կենսաբանական գիտությունների ոլորտում կանանց առաջնորդության խթանում» թեմայով ֆորումի էիք մասնակցում։ Ունե՞նք կին կենսաբանների կարիք։
– Կարծում եմ՝ համալրված է։ Կենսաբանության ոլորտում կին գիտնականներն ավելի շատ են, քան տղամարդիկ։
– Երբեմն կենսաբանների, քիմիկոսների թափուր հաստիքների համալրման հայտարարություններ ենք տեսնում՝ նաև ձեր կենտրոնում․ գալիս, տեսնում են՝ աշխատավարձը քի՞չ է, թե՞ գիտությամբ զբաղվելու ցանկություն չկա։
– Հիմա բավականին բարձրացել է գիտնականի աշխատավարձը, պարզապես մասնագետներ չկան։ Բնագիտական ոլորտում լավ մասնագետների սով է։ Մոտենում ենք նրան, որ ունենալու ենք այդ խնդիրը։ Ուրախալի մեկ բան ասեմ՝ հոկտեմբերի 1-6-ը կայացած «Գիտության շաբաթի» շրջանակներում ավագ դպրոցի տնտեսագետների խումբ եկավ, ու, երբ փոքրիկ փորձ կատարեցինք՝ ասացին, թե չգիտեին, որ կենսաբանությունն այսքան հետաքրքիր է։ Ինձ համար դա լույսի մի շող էր։ Իրոք, եթե ճիշտ, հետաքրքիր ներկայացվի, կարծում եմ, շատ ուսանողներ կունենանք։
– 2026թ․ կատեստավորվեն նաև գիտնականները․ սա կնպաստի գիտնականների թվի ավելացմա՞նը, թե՞ նվազմանը։
– Վախենում եմ այն հանգամանքից, որ չհասնենք նրան, որ գիտնականը փորձի ստեղծել գիտություն՝ հանուն վարձատրության։ Գիտությունը սեր է, լուրջ արժեք։ Գիտնականը պետք է ստեղծի լուրջ արժեք։
Ատեստավորումը կարևոր է։ Այն կարծես որոշակի մոտիվացիոն մեխանիզմ է, որ կարող է գիտնականին ստիպել, որ ավելին անի։ Բայց պետք է ատեստավորման հանձնաժողովն անընդհատ փոխվի, որ չմտածեն՝ որոշողը միայն իրենք են։