Երբ ԳՇ պետի առաջ միկրոֆոն են դնում՝ բոլորս խայտառակ ենք լինում. Գեղամ Մանուկյան

Բաքվում տեղի ունենալիք COP29-ից առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում է ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը, և այդ առումով նոյեմբերի 1-ին բողոքի ակցիա եք անցկացնելու:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ չի կարող կլիմայական արդարություն լինել, եթե մարդկային արդարություն չլինի, իրավական արդարություն չլինի:

«Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի, Հայաստանի արտգործնախարարության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան, դեսպանատների դեմ բողոքի գործողություններն իրականում վերջին ամիսներին Դաշնակցության համահայկական կառույցի զորաշարժի աշխատանքի մի մասն է։ Այս ամիսներին լայնածավալ աշխատանք է իրականացվել և՛ Եվրախորհրդարանում, և՛ Միացյալ Նահանգներում, Կանադայում, աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ մեր կառույցները կան, և ասեմ, որ բավականին արձագանք է ստանում միջազգային հանրության կողմից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ընդդիմությանն ուղղված քննադատություններին՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմության վիճակը շատ բարդ է, որովհետև երկարատև տասնամյակների պայքարում որևէ քաղաքական հաջողություն չունեցած քաղաքական գործիչներից սկսած, առանձին խմբակներ իրենց անհաջողությունը փորձում են ընդդիմադիրների վրա գցել, խոսել նրանց մանդատներից:

«Մանդատների թեման շատ հաճախ շահարկում է հատկապես նախկին խորհրդարանում եղած «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը, որ՝ 2021 թվականին արտահերթ ընտրություններ եղան, որովհետև իրենք համաձայնվեցին մանդատները վայր դնել, որն իրականության հետ կապ չունի: Այն ժամանակ պարզապես «Լուսավոր Հայաստանը» համաձայնվեց Նիկոլ Փաշինյանի խաղի սցենարին։ Գործարք եղավ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ վարչապետի թեկնածու չի առաջադրվում, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը», արդյունքում լինում է արտահերթ ընտրություններ։ Հիմա տվյալ դեպքում, ենթադրենք, սցենար ասեմ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ, մենք պետք է համաձայնվենք իր խաղի կանոնին և երկու անգամ մենք էլ չառաջադրենք թեկնածու, որպեսզի արտահերթ ընտրություն լինի՞, այսինքն՝ գնանք Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի՞, բնականաբար, ո՛չ»:

Պատգամավորի գնահատմամբ՝ իշխանությունները Հայաստանը վերածում են Թուրքիայի ֆորպոստի. «Անվտանգության խորհրդի քարտուղարի հպարտության ամենամեծ առիթն այն է, որ Ռուսաստանից համարյա զենք չեն առնում. խոշորագույն զենք արտադրող երկրներից մեկից զենք չառնելը համարվում է հերոսություն։ Դու այդ ամբողջ դատարկ տեղը, երբ որ փորձում ես լրացնել ՆԱՏՕ-ով, Հայաստանին ամենամոտ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ո՞րն է, Թուրքիան։ Նախկինում Հայաստանը միշտ էլ բոլոր կողմերի հետ համագործակցել է, բայց ազնիվ է աշխատել։ Մեկին չի խաբել՝ ի շահ մյուսի, հետո մյուսին խաբել՝ ի շահ մյուսի։ Բայց տվյալ դեպքում անհավասարակշիռ քաղաքականությունը երկիրը ճոճում է, հատկապես, որ մեկ-մեկ պոռոտախոսությամբ են զբաղվում. նույն խորհրդարանական իշխանության պատգամավորների հակառուսականությունը ոնց որ կոճակով լինի՝ կոճակը սեղմում են՝ հակառուսականության ալիք է, հետո Նիկոլ Վովաևիչը Պուտինի հետ եթե հանդիպում է, կոճակը սեղմում են՝ ձայները կտրում են»:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում  հայտարարել է, որ այս պահի դրությամբ ՀՀ–ում պատերազմի կամ ռազմական էսկալացիայի վտանգ չկա, և համաձայնել է Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պետք է հետ բերել ոչ ռազմական ճանապարհով. «Սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում` համապատասխան սահմաններով»:

Գեղամ Մանուկյանը դիմեց լրագրողներին. «Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր բանակի, հանուն մեր Զինված ուժերի, կխնդրեմ, իհարկե, մասնագիտական առումով ճիշտ խնդրանք չի, կխնդրեմ Էդվարդ Ասրյանին ընդհանրապես չմոտենալ։ Մեղք է մեր բանակը, մեղք է մեր Զինված ուժերը, մեր Զինված ուժերի անցյալը, պատմությունը, պայքարը, նահատակները, որովհետև ամեն անգամ միկրոֆոնները երբ որ գլխավոր շտաբի պետի առաջ դնում են, խայտառակ ենք լինում բոլորս։ Մենք չենք անդրադառնում, բայց բոլորս խայտառակ ենք լինում՝ որպես երկիր։ Էդվարդ Ասրյանի հետ կապված երկար պատմություն է, բայց մի անգամ 2021 թվականին իրեն պաշտոնազրկեցին մեկ բանի պատճառով, որ Սեյրան Օհանյանին գովել էր փակ նիստի ժամանակ»:

Վերջում հետաքրքրվեցինք՝ նոր նվերներ պատրաստվո՞ւմ է տանել Նիկոլ Փաշինյանին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:

«Այո, կլինի: Հարցուպատասխանը կգա՝ բարին հետը։ Նվեր չէ, ասել եմ, որ դա նվեր չի, ցավոք սրտի, նվեր եմ կոչել։ Մյուս անգամ երևի այն թուրքերեն գրքի հայերեն տարբերակը տանեմ, որ չչարչարվեն թարգմանիչների վրա, եթե կարդան»,- ի պատասխան՝ ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս