Թրամփը բողոք է հղել Բրիտանիայում կառավարող կուսակցության դեմ Հարիսին օգնելու պատճառով
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը բողոք է հղել Մեծ Բրիտանիայի կառավարող Լեյբորիստական կուսակցությանն այն բանից հետո, երբ նա հայտնել է, որ մտադիր է իր մոտ 100 աշխատակցի ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին օգնելու համար ընտրարշավում, տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով Թրամփի ընտրարշավի փաստաբան Հերի Լավկովսկիի գրած բողոքին։
Մինչ այդ Telegraph թերթը տեղեկացրել էր, որ Լեյբորիստական կուսակցությունը իր մոտ 100 աշխատակցի կուղարկի Հարիսին օգնելու ընտրարշավում։ Թերթը նշել է, որ հանրապետականները զայրացել են լեյբորիստների մտադրությունից եւ նախազգուշացրել, որ այդ քայլը վնաս կպատճառի Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ հարաբերություններին Թրամփի հաղթանակի դեպքում։
«Դոնալդ Թրամփն իրավաբանական բողոք է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարող Լեյբորիստական կուսակցության դեմ այն բանից հետո, երբ նրա ակտիվիստները մեկնել են ԱՄՆ, որպեսզի աջակցեն Քամալա Հարիսին»,- նշվել է հաղորդագրությունում։
Պարբերականի տվյալներով՝ Լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ իր ջանքերը համապատասխանում են ԱՄՆ ընտրությունների կանոններին, որոնց համաձայն՝ օտարերկրյա կամավորները չեն կարող ավելի քան հազար դոլար ծախսել թեկնածուներին օգնելու համար։ Ինչպես գրել է պարբերականը՝ հղում կատարելով բողոքին, Թրամփի նախընտրական շտաբը կասկածի տակ է դրել այդ գումարը, իսկ Մեծ Բրիտանիայի՝ Հարիսին օգնելու մտադրությունները Լավկովսկին անվանել է «միջամտություն ԱՄՆ ընտրություններին»։ Պարերականի համաձայն՝ հանրապետականները Դաշնային ընտրական հանձնաժողովից պահանջել են հետաքննություն սկսել։