«Ֆաթիմայի մատներ» կամ կարտոֆիլով ռուլետներ
Բաղադրիչները՝
- 400 գ ֆիլո խմոր
- 500 գ կարտոֆիլ
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 1 պճեղ սխտոր
- 2 ճյուղ կանաչ սոխ
- 2 ճյուղ մաղադանոս
- կես կիտրոնի կեղև
- 1 թ/գ խարիսա համեմունք (տես՝ խորհուրդը)
- ձիթապտղի ձեթ
- աղ
- կարագ՝ տապակին քսելու համար
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը և սոխը քառակուսաձև կտրատեք և ձիթապտղի ձեթի մեջ միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե տապակեք: Ապա 1/2 բաժակ եռացրած ջուր լցրեք վրան, կափարիչը փակեք, թույլ կրակի վրա 20 րոպե շոգեխաշեք:
Այնուհետև ավելացրեք ճզմած սխտորը, և շարունակեք 5 րոպե շոգեխաշել, ապա պատառաքաղով տրորեք։ Վերցրեք կրակի վրայից:
Մանր քերիչով անցկացրեք կիտրոնի կեղևը, կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատեք, ավելացրեք ստացված զանգվածին, ապա ավելացրեք խարիսան, աղն ու պղպեղը: Թողեք միջուկը հովանա:
Ֆիլո խմորը 12-15 սմ կողմերով քառակուսաձև կտրատեք, 3-4 քառակուսի մեկը մյուսի վրա դրեք՝ յուրաքանչյուր շերտին ձիթապտղի ձեթ քսելով: Այն խմորը, որով դեռ չեք աշխատում, ինչպես նաև պատրաստի ռուլետները դրեք խոնավ կտորի տակ, որպեսզի չչորանա:
Բազմաշերտ քառակուսիների ամեն շերտի վրա 1-2 ճ/գ միջուկ դրեք, ապա ռուլետի ձևով ոլորեք: Նույնն արեք մյուս քառակուսիների հետ:
Խորը կաթսայի մեջ միջին ուժգնության կրակի վրա լավ տաքացրեք կարագը: Մաս-մաս տապակեք ռուլետները, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի ռուլետները դրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:
«Ֆաթիմայի մատները» մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ: Խարիսան չիլի պղպեղով, սխտորով, զիրայով և ձիթապտղի ձեթով խիտ, կծու սոուս է: Դուք կարող եք այն տանը պատրաստել. պարզապես պետք է մանրացնեք բաղադրիչներն ու իրար խառնեք, կամ էլ կարող եք այն փոխարինել ոչ այնքան աղի, կծու աջիկայով:
«Ֆաթիմայի մատների» բուսական միջուկը կարող եք փոխարինել մսայինով: Դրա համար անհրաժեշտ է տապակած սոխին ավելացնել 200 գ ոչխարի միս, աղացած զիրա և համեմի սերմ, ապա 300 գ կարտոֆիլ, ինչից հետո ռուլետները շարունակեք պատրաստել՝ ըստ բաղադրատոմսի: