«Արցախն իմ տղայի՝ Վարդանի չափ կարոտում եմ. Իրենց առաջնորդիկը չէ՞ր ժամանակին ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Դավիթ Ամալյան

Այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկին հայտարարել է, թե «Արցախն Ադրբեջանի տարածք է եղել ու կա»։

«Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»,- ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե որտեղի՞ց է Ալեն Սիմոնյանը վերցրել այն թեզը, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ հարձակվել Արցախի վրա։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը նախօրեին հարցազրույցում ասել էր, որ՝ հարձակվել Ղարաբաղի վրա ու Հայաստանի տարածքները օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից. «Ադրբեջանը արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդան Ամալյանը, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է Արցախում ու Արցախի համար, որն այսօր Ալեն Սիմոնյանը համարում է «Ադրբեջանի տարածք»։

Կարդացեք նաև

Դավիթ Ամալյանն Ալեն Սիմոնյանի և առհասարակ իշխանության որևէ ներկայացուցչի նմանօրինակ հայտարարություններից չի զարմանում. ըստ նրա՝ նրանք անում ու ասում են այն, ինչի համար եկել են իշխանության։

«Իրենց առաջնորդիկը չէ՞ր ժամանակին ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Իրենք եկել էին վատ բաներ անելու, սկզբում ժողովրդի աչքին լավ էին երևում, որ հետո այսպես անեին։ Դե, հիմա իրենց երեսն արդեն պարզվել է։

Իմ կարծիքը նույնն է՝ ես այսօր Արցախն իմ տղայի՝ Վարդանի չափ կարոտում եմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ամալյանը և ընդգծեց՝ նույնիսկ ծիծաղելի է խոսել իրենց հետ համաձայն լինել-չլինելու մասին։

Հարցին՝ հայ ազգի ամոթը չէ՞, երբ հայրեիքի մի հատվածը թշնամուն հանձնած իշխանությունը շարունակում է ղեկավարել Հայաստանը, Դավիթ Ամալյանը պատասխանեց.

«Ամոթը եղավ 2018 թվականից, երբ Նիկոլի կողքին սկսեցին 5 հոգուց ավելի մարդ հավաքվել, այդ մարդիկ որքան ավելացել են, այդքան ամոթ է»։

Տեսանյութեր

Լրահոս