Հայաստանում դեռահասների շրջանում աճում է սոցցանցերի խնդրահարույց օգտագործումը. ԱՀԿ Եվրոպայի գրասենյակ

Ըստ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի HBSC զեկույցի՝ 10 դեռահասից 1-ը պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկողության ներքո պահելու համար, և այդ միտումը Հայաստանում աճում է։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նոր տվյալները փաստում են դեռահասների շրջանում սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման կտրուկ աճի մասին, ընդ որում Եվրոպական տարածաշրջանում միջին ցուցանիշները 7%-ից (2018 թ․) հասել են 11%-ի (2022 թ․):

Հայաստանյան տվյալներն արտացոլում են միևնույն միտումը․ ամենաբարձր աճը գրանցվել է աղջիկների շրջանում, որոնք եռապատկել են սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը՝ հասնելով 13%-ի՝ նախկինում գրանցված 4%-ի համեմատ։ Տղաների շրջանում արձանագրված ցուցանիշը 12% է՝ նախկին 6%-ի համեմատ։

Այս ցուցանիշները մտահոգություններ են առաջացնում այն մասին, թե ինչպես են Հայաստանում և ընդհանրապես Եվրոպայում թվային տեխնոլոգիաներն ազդում երիտասարդության հոգեկան առողջության և բարեկեցության վրա: Այս տվյալները վերցված են Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունից (HBSC), որը 2022 թ․ անցկացվել է 11, 13 և 15 տարեկան գրեթե 280,000 երիտասարդների շրջանում, որոնք ապրում են 44 երկրներում և տարածաշրջաններում՝ ընդգրկելով Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Կանադան:

Հայաստանին վերաբերող առանցքային տվյալներից են.

Տղաների 10%-ը և աղջիկների 13%-ը նշել են, որ պայքարում են սոցիալական մեդիայի օգտագործումը վերահսկելու համար, և այն արդեն իսկ հանգեցրել է բացասական հետևանքների:

Դեռահասների 44%-ը (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 49%) ընկերների հետ մշտական կապի մեջ է առցանց:

Եվրոպական տարածաշրջանին վերաբերող առանցքային տվյալներից են.

10 դեռահասից ավելի քան մեկը (11%) դրսևորել է սոցցանցային խնդրահարույց վարքագծի նշաններ, և հայտնել է, որ պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկելու համար ու զգում է դրանց բացասական հետևանքները: Աղջիկների շրջանում գրանցվել է սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործման ավելի բարձր ցուցանիշ, քան՝ տղաների (13%՝ 9%-ի համեմատ):

Երիտասարդների ավելի քան մեկ երրորդը (36%) հայտնել է ընկերների հետ առցանց մշտական կապի մեջ լինելու մասին (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 44%):

Զեկույցը սահմանում է սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործումը որպես կախվածության ռիսկ պարունակող հետևյալ նշանները դրսևորող վարքագիծ՝

սոցցանցերի օգտագործումը վերահսկելու անկարողություն

սոցցանցերի չօգտագործման հետևանքով առաջացող «զրկանքի համախտանիշ»

գործունեության այլ տեսակների անտեսում՝ հօգուտ սոցիալական ցանցերի

առօրյա կյանքում բացասական հետևանքների հետ առերեսում՝ սոցցանցերի չափից ավելի օգտագործման պատճառով։

Սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճի հետևանքները

Դեռահասների շրջանում սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճը էական մտահոգություններ է առաջացնում՝ երիտասարդների շրջանում դրանց հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Նախորդ հետազոտության համաձայն՝ սոցցանցային խնդրահարույց վարքագիծ դրսևորող օգտատերերը նաև հայտնել են իրենց հոգեկան և սոցիալական բարեկեցության մակարդակի նվազման և կախվածություն առաջացնող նյութերի օգտագործման ավելի բարձր մակարդակի մասին՝ ի համեմատ նման վարք չդրսևորողների և ոչ օգտատերերի հետ: Այս միտումը, եթե շարունակվի, կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ դեռահասների զարգացման և երկարաժամկետ առողջության վրա: Ավելին, սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը կապված է քնի պակասի և ուշ քնելու հետ, ինչը կարող է ազդել դեռահասների ընդհանուր առողջության և ուսումնական առաջադիմության վրա:

«Սոցիալական ցանցերը կարող են ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ դեռահասների առողջության և բարեկեցության վրա»,- նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան: Ծնողների, ուսուցիչների և Առողջապահության նախարարության հետ համատեղ, մենք պետք է օգնենք երիտասարդներին ապահով կերպով կողմնորոշվել թվային ոլորտում և օգնենք նրանց իրազեկված ընտրություն կատարել իրենց առցանց գործունեության վերաբերյալ՝ առավելագույնի հասցնելով օգուտները և նվազագույնի հասցնելով իրենց հոգեկան և սոցիալական բարեկեցությանը սպառնացող ռիսկերը»:

Սոցիալական մեդիայի օգտագործման դրական կողմերը

Թեև զեկույցը շեշտադրում է ռիսկերը, այն նաև ընդգծում է սոցցանցերի պատասխանատու օգտագործման առավելությունները: Սոցցանցերում լայնորեն ներգրավված, սակայն խնդրահարույց վարքագիծ չդրսևորող դեռահասները նշել են՝ ավելի ամուր աջակցություն և սոցիալական կապեր են ձեռքբերել իրենց հասակակիցների շրջանում:

Հասցեական գործողություններ

Սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման դեմ ուղղված գործողությունները պետք է օգնեն երիտասարդներին զարգացնել թվային գրագիտության հմտությունները, խթանել առցանց պատշաճ վարքագիծը և աջակցել սոցցանցերի խնդրահարույց օգտագործման վտանգին առերեսված օգտատերերին:

Գործողությունների ճանապարհային քարտեզ

Թեև հետազոտության արդյունքները մտահոգիչ են, դրանք կարելի է նաև կիրառել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ ուրվագծելու համար: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը, որը ներառում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, քաջալերում է քաղաքականություն մշակողներին, մանկավարժներին և առողջապահական ծառայություններ մատուցողներին առաջնահերթություն տալ դեռահասների թվային բարեկեցությանը, կոչ անելով՝

ներդրումներ կատարել առողջությունը խրախուսող դպրոցական միջավայրում՝ հիմնված թվային գրագիտության ուսուցանման վրա․ դպրոցներում պետք է իրականացնել ապացուցահենք ծրագրեր, որոնք անդրադառնում են սոցցանցերի պատասխանատու օգտագործմանը, առցանց անվտանգությանը, քննադատական մտածողության հմտություններին և խաղային առողջ սովորություններին:

Բարելավել հոգեկան առողջության ծառայությունները․ պետք է ապահովել գաղտնի, չդատապարտող և մատչելի հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը, որոնք կարող են լուծել թվային տեխնոլոգիաների խնդրահարույց օգտագործման հետևանքով առաջացած խնդիրները:

Խթանել բաց երկխոսությունը. Պետք է խրախուսել թվային բարեկեցության մասին զրույցներն ընտանիքներում, դպրոցներում և համայնքներում՝ խարանը նվազեցնելու ու իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Վերապատրաստել մանկավարժներին և առողջապահական ծառայություններ մատուցողներին․ անհրաժեշտ է ապահովել մասնագիտացված ուսուցում՝ թվային գրագիտության ոլորտում արդյունավետ և ներառական կրթություն և աջակցություն տրամադրելու համար:

Հարթակներին պարտադրել հաշվետվողականություն․ պետք է ապահովել, որ սոցցանցային հարթակներում կիրառեն տարիքային սահմանափակումներ և ստեղծել կանոնակարգ, որը կխրախուսի երիտասարդ օգտատերերի համար թվային գործիքների պատասխանատու մշակումը:

Տեսանյութեր

Լրահոս