Բաժիններ՝

Հավատքի գինը

Աստվածաշունչը շեշտում է հավատքի կարևորությունը, հավատք, որը փրկում է մարդուն և պարգևում կյանք: Մարդկանց ընկալումները տարբեր են հավատքի վերաբերյալ, բայց վերջնական հիմնակետում այդ ամենն ամբողջանում է երկնքից իջած հավիտենական ճառագայթի ներքո:

Այս լույսն է, որ հավատքին հաղորդում է կյանք և հարատևություն, հակառակ դեպքում անձանց մոտ կյանքի վերելքների ու վայրէջքների ընթացքում այն հաճախ փլուզվում է, որովհետև հավատի ամրոցը չի կառուցվում ամուր հիմքերի վրա` շաղախված այն հոգևոր պտուղներով, որոնք դիմակայում են յուրաքանչյուր փորձության ընթացքում: Ինչո՞ւ է այդպես: Շատերի մոտ հավատքը դրսևորվում է ինչ-որ պայմանավորվածությամբ, որը, ըստ տվյալ հավատացող անհատի, ինչ-որ ակնկալիք պիտի բերի նրան:

Մարդկանց մեծ մասը մնում է հավատքի այն ընկալման մեջ, որի հիմնասյունը տալու և առնելու փոխհարաբերությունն է, այլ կերպ այն կարելի է բացատրել որպես փոխշահավետ պայմանավորվածություն: Իսկ եթե չկա այդ շահը, ի՞նչ անել, շարունակե՞լ հավատալ Աստծուն: Այստեղ է, որ բազմաթիվ մարդկանց մոտ տարբեր իրավիճակներում խաթարվում է Աստծո հետ հարաբերությունը, որովհետև իրականում նրանք Աստծուն չեն փնտրում և ցանկանում նրա հետ բարեկամություն անել (Հովհ 15:12-16), այլ Աստծո հնարավորություններն ու կարողություններն են ցանկանում ունենալ իրենց անձնական հետաքրքրությունների համար: Ինչպես, օրինակ, եթե Աստված մարդու հոգուն խաղաղություն չպարգևի, ի՞նչ անել, այլևս չհավատա՞լ նրան…

Որոշ փիլիսոփաներ պնդում են, թե օբյեկտիվորեն մարդու և Աստծո միջև փոխհարաբերությունը կառուցված է փոխշահավետ պայմանավորվածությունների վրա, նույնիսկ սիրո պատվիրանը հիմնված է այդ փոխշահավետ պայմանների վրա: Ի՞նչն է այդ հարաբերության առանցքն այս դեպքում` շա՞հը:

Կարդացեք նաև

Ասվում է` եթե չկա անձնական շահ, ապա չկա և հավատ, ինչպես, օրինակ, մարդը հավատում է Աստծուն, որովհետև Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված փրկում է մարդուն և տալիս հավիտենական կյանք: Մարդը հավատում է, որովհետև Աստված սիրում է նրան (Հովհ. 3:16), քանի որ Արարիչը տալիս է երջանկություն, կյանք, խաղաղություն և այլն, այսինքն` անհատն ունի անձնական շահ Աստծո նկատմամբ, դրա համար էլ հավատում է: Բայց ենթադրենք, եթե Աստված մարդուն երջանկություն, խաղաղություն չպարգևի, արդյո՞ք ամեն անհատ անվերապահորեն կգնա Նրա ետևից: Երբ Հիսուս հրաշքներ էր գործում, ամբոխը կրնկակոխ հետևում էր և հավատում Նրան, բայց երբ ցույց տվեց, որ այդ հրաշքներն իր համար կարևոր չեն, ոչ էլ ամենայն հնարավորություն և գերբնականություն, Իր ետևից գնացող նույն ամբոխը պախարակում և խաչելության էր տանում Նրան:

Մենք կյանքում պիտի նայենք մեր հոգուց ներս, որպեսզի իրականում հասկանանք՝ արդյո՞ք վերցնում ենք մեր խաչը և հետևո՞ւմ Հիսուսին, թե՞ հրեաների պես Նրան ենք խաչելության տանում…: Հարկ է նշել, որ Նա մեր ուժերից վեր գործողություններ կամ պահանջներ չի ակնկալում, այլ անշահախնդիր հավատք, որի բովանդությունն ու էությունը ոչ թե փոխշահավետ պայմանավորվածությունն է, այլ անշահախնդիր աստվածային սերը: Միայն այս դեպքում է, որ հավատքը պարզապես արտաքին ձևերի իրագործում չի դառնում, կամ արտաքին մեխանիկական գործողությունների ամբողջություն, այլ ներքին փոփոխություն, ուր ցանված հոգևոր սերմերը բերում են լիառատ հոգևոր պտուղներ:

Այս ժամանակ է, որ անհատը հաշտություն է կնքում Աստծո հետ և խաղաղվում, ու նույնիսկ ամենածանր փորձության մեջ Աստծո խաղաղության զորությունը նրա հոգուց չի պակասում: Այս հանգրվանում է, որ անհատը լսում է Քրիստոսի կանչը, թե վերցրու քո խաչը և հետևիր ինձ (Ղուկ. 14:27) և քայլում Տիրոջ շավիղներով, որոնք կարող են լեցուն լինել փշոտ ու քարքարոտ ուղիներով: Նա ինքնաբուխ է հետևում Հիսուսին, իր էությունից բխած, այս դեպքում մարդը հարցադրում չի անում, թե ինչպիսին է Աստված, այլ գնում է նրա ետևից, որովհետև Աստծու պատկերն է ու նմանությունն է, որովհետև Աստված նրա Երկնավոր Հայրն է:

Սա էութաբանական հարթության վրա հիմնված փոխհարաբերություն է: Իսկ այդ հարաբերության շունչն ու շաղախը աստվածային սերն է: Երբ առաքյալները Հիսուսի հետ էին, նրանք նույնպես մեծ ակնկալիքներ ունեին: Իսկ երբ եկան Հիսուսին ձերբակալելու, բոլորը փախուստի դիմեցին, որովհետև դեռևս չէին հասկացել իրենց Տիրոջը, որ ամեն իշխանությունից, գերբնական կարողությունից, հրաշքներից ու հնարավորություններից վեր աստվածային սերն է, որ այդ սիրո մեջ է կյանքի բովանդությունն ու իմաստը, որ այդ սերն է երջանկացնում անհատին ու ամբողջ մարդությանը: Նրանց հավատքն այդ օրերին այնպես չդրսևորվեց, ինչպես խաչված ավազակինը, ով, իր կողքին տեսնելով խաչյալ և տառապյալ Հիսուսին, հավատաց նրան` չսպասելով որևէ հրաշքի և գերբնական կարողության: Արդյո՞ք մենք կարող ենք այդպիսի հավատք դրսևորել, ինչպես խաչված ավազակն էր:

Արդյո՞ք կարող ենք Աբրահամի նման անվերապահորեն հետևել Աստծո պատգամին` գնալով հակառակ մեր անձնական շահին կամ Հոբի նման կորցնել ամեն ինչ, բայց չկորցնել Աստծուն: Պատմության մեջ արձանագրված այս կերպարները հավատքի իրական դրսևորումներ են:

Աստված չի կամենում, որ Իր հանդեպ հավատքը շահով չափվի, դրա վառ ապացույցը Հիսուսի խաչելության, մահվան ընդառաջ գնալն էր, որովհետև աստվածային սերը վեր է, քան ամենայն ինչ: Երկնավոր Հայրը ակնակալում է, որպեսզի մարդու հոգին դառնա պարզ հայելու պես մաքուր, ուր կարող է լիակատար կերպով պայծառորեն փայլատակել Աստծո պատկերն ու նմանությունը, իսկ ունենալ Աստծու պատկերը, նշանակում է ունենալ այն ամենն, ինչ ունի Երկնավոր Հայրը` և՛ զորություն, և՛ խաղաղություն, և՛ երջանկություն, և՛ ամենայն գեղեցիկն ու բարին:

Մենք արդեն իսկ ունենք, մեզ տրված է, բայց այդ գանձերը մեղքի շղարշով ծածկել ենք մեր մեջ և փնտրում ենք հեռու հորիզոններում: Մենք կանգնած ենք այդ հիմնակետում, բայց մեզ թվում է, թե դեռ պիտի երկար ճանապարհ անցնենք, որպեսզի հասնենք այդ բաղձալի հիմնակետին, մարդու հոգու տառապանքների աղբյուրն այստեղ է, որովհետև ինքը ձգտում է հեռանալ իր հիմնակետից և ընթանալ դեպի պատրանքային նպատակակետը:

Աստվածային սերն ու հոգևոր խոնարհությունը ջնջում են ամեն տեսակի շահ մարդու և Աստծո միջև: Երբ մարդու հոգու խորքում վերջնականապես կդադարեն ու կվերանան շահադիտական նկրտումներն Աստծո նկատմամբ, տվյալ անձը լիապես  հաղորդակից կլինի Աստծո Հոգու ներգործությանը և զորությանը: Արդ, հավատքի գինը աստվածին սերն է, սիրո լույսի դրսևորումը յուրաքանչյուր քայլում և ակնթարթում:

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս