«Նոր հարձակումներ կլինեն. իշխանությունների լկտիությունը, սուտը չափ ու սահման չունի». Սաթիկ Սեյրանյան

Արդեն 20 տարի շարունակ՝ սկսած 2004 թվականից, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր՝ ի հիշատակ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում առաջին հայկական պարբերականի՝ «Ազդարարի» լույսընծայման։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի գնահատմամբ՝ Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է:

«Տարբեր առիթներով նույնիսկ Լրագրողների միջազգային ֆեդերացիան, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան միացել են Հայաստանի ժուռնալիստների միության տարբեր հայտարարություններին և կոչ արել տարբեր միջազգային կառույցների, որպեսզի ուշադրություն դարձնեն Հայաստանում տիրող իրավիճակին, այն է, թե ինչպես են հետապնդումների ենթարկվում լրատվամիջոցները, լրագրողները: Դեպքերը բազմաթիվ են. սկսենք նրանից, որ 2018 թվականի հեղափոխություն կոչվածից հետո սկսեցին ուղղակիորեն թիրախավորվել լրատվամիջոցների ներկայացուցիչները և՛ սոցիալական ցանցերում, և՛ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու ընթացքում, օրինակ՝ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները կարող էին իրենց թույլ տալ վիրավորել լրագրողներին, զրպարտություն տարածել լրատվամիջոցների հասցեին:

Երբևէ չէինք տեսել, որ լրագրողին կամ խմբագրին կարող են ԱԺ նախագահի, տվյալ դեպքում՝ Ալեն Սիմոնյանի հրահանգով դուրս բերել ԱԺ-ից, հիշում ենք՝ ինչպես էին Անի Գևորգյանին քարշ տալով դուրս բերում ԱԺ-ից, որտեղ նա կատարում էր իր աշխատանքը, և հետագայում ինչ հետապնդումների ենթարկվեց նա»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ հիշելով նաև իշխանական պատգամավորների մասնակցությամբ տարբեր միջադեպեր:

Կարդացեք նաև

«Մենք հիշում ենք, թե ինչ լկտի պահվածք ցուցաբերեց Խաչատուր Սուքիասյանն «Առավոտ»-ի արդեն նախկին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, վերջերս՝ նաև «Ֆակտոր»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի նկատմամբ: Այդ մարդն իրեն համարում է ամեն ինչի գիտակ, բայց բոլորս հիշողություն ունենք, բոլորս գիտենք՝ Խաչատուր Սուքիասյանն ինչպես է դարձել Խաչատուր Սուքիասյան, ում կամ ինչի շնորհիվ: Այս լկտի պահվածքն անհետևանք է եղել, մինչ օրս ոչ ոք չի պատժվել: Մենք միշտ կոչ ենք արել, որ իրավապահ մարմիններն ընթացք տան, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Իշխանությունների լկտիությունը չափ ու սահման չունի»,- ասաց նա:

Սաթիկ Սեյրանյանի գնահատմամբ՝ ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նա է թիրախավորում լրագրողներին, նույն կերպ իրենց պահում են իշխանական պատգամավորները. «Նիկոլ Փաշինյանի հրահանգով է այս ամենը տեղի ունենում»:

Նա նկատեց, որ ամբողջ աշխարհն է պայքարում ապատեղեկատվության դեմ, բայց հատկապես Հայաստանի լրատվադաշտն ամենօրյա ռեժիմով ստիպված է պայքարել պաշտոնական ապատեղեկատվության դեմ. «Այդ կեղծ տեղեկությունները տարածվում են առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի միջոցով: Երբ Փաշինյանին ասում են՝ այսպես ես ասել, ասում է՝ սխալ եք հասկացել: Լրագրողներն իրականում թունավոր պայմաններում են աշխատում, այս տոքսիկ միջավայրում, որ ստեղծել են այս իշխանությունները, և իրենց բանուգործը թողած՝ ամենօրյա ռեժիմով ստիպված են բացահայտել այն սուտը, որը հորդում է Նիկոլ Փաշինյանից և նրա քաղաքական թիմից, այնինչ քաղաքացուն մտահոգող այնքա՜ն խնդիրներ կան, բայց դու չես հասցնում որպես լրատվամիջոց՝ այդ ամենին անդրադառնալ, որովհետև ստիպված ես անընդհատ այդ սուտը բացահայտել, այդ կեղծիքը բացահայտել»:

Հարցին՝ ովքե՞ր են այսօր Հայաստանում կարծիք ձևավորողները, նա պատասխանեց. «Ժամանակին, երբ ակտիվ լրագրությամբ էի զբաղվում, հիշում եմ, որ Հայաստանի համար ամենածանր ժամանակահատվածներում՝ Հոկտեմբերի 27, ապրիլյան պատերազմ, այլ ծանր իրավիճակներ, մենք մշտապես լրագրողներով դիմում էինք ստեղծագործողներին, կոմպոզիտորներին, օրինակ՝ Մանսուրյան, երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյան, երջանկահիշատակ Լևոն Խեչոյան, երջանկահիշատակ Ռազմիկ Դավոյան, այլ գործիչներ, և նրանք իսկապես ազատ կարողանում էին բարձրաձայնել իրենց տեսակետը և հասարակությանն ուղղորդել, խորհուրդներ տալ, որովհետև երբեմն հասարակությունն այդ դեպքերից քանդվում, ալեկոծվում էր, և այդ ժամանակներում իսկապես մեզ համար շատ կարևոր էր նրանց կարծիքը:

2018թ. երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, առաջին բանը որ արեց, փորձեց թիրախավորել հեղինակություններին, ոչնչացնել հեղինակություններին, վարկաբեկել, հեղինակազրկել, ինչպես անում է մամուլի նկատմամբ:

Փորձում են ցույց տալ, որ լավն են, աշխատում են, ամեն ինչ անում են, բայց մամուլը չի թողնում աշխատեն՝ թիրախավորելով լրատվամիջոցներին, խոսքի ազատությունը, մամուլը, նույն կերպ թիրախավորում են քաղաքական, հասարակական, մշակութային և բոլոր ոլորտների գործիչներին: Հիշում եք՝ 2018-ից հետո մի շրջան կար, երբ շատերն առհասարակ վախենում էին կարծիք արտահայտել, առհասարակ վախենում էին խոսել, այնինչ այդ մարդկանց խոսքի կարիքը կար: Բարեբախտաբար, այդ վախի պատը ջարդեցին լրագրողները, իրավաբանների համայնքը, պատմաբանների համայնքը, տարբեր քաղաքագետներ: Ամեն կերպ փորձում էին ոչնչացնել, ջարդել, որպեսզի ոչ մի հեղինակություն չմնա և միակ հեղինակությունը լինի Նիկոլ Փաշինյանը՝ իր ուսապարկերով: Կարճ ժամանակում այդ փուչիկը պայթեց»:

Նրա խոսքով՝ Հայաստանում իրականում չկա իշխանություն. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահել են արևմտյան որոշակի կենտրոններ, Թուրքիան և Ադրբեջանը, նրանք են պահել այդ աթոռը, որովհետև նա պետք է ավարտին հասցնի այդ գործը: Այս ամեն ինչի մասին, որ խոսում ենք, անիշխանության մասին է: Մարդիկ ենթագիտակցորեն հասկանում են, որ Հայստանում իշխանություն չկա: Եթե մարդն իմանա, որ ունի լավ հրամանատար, կգնա բանակ, կգնա պատերազմի, բայց եթե տեսնի, որ օդաչուն ոչ միայն հարբած է, այլև մասնագիտությամբ խոհարար է, կնստի՞ այդ ինքնաթիռը, չի՛ նստի: Այս տոտալ անորոշությունն ինչի՞ արդյունք է, որ մարդիկ հասկանում են՝ իշխանություն չկա: Չկա իշխանություն, որը կմտածի իր վաղվա օրվա մասին»:

Ըստ նրա՝ լրագրողի խնդիրն է՝ արձանագրել և ցույց տալ իրականությունը. «Պետք է ցույց տալ, որ սա առավոտից երեկո հեծանիվ է քշում: Ադրբեջանը զինվում է, աննախադեպ համաձայնություններ է ձեռք բերում տարբեր երկրների հետ, ձեր «ընտրյալը» հեծանիվ է քշում: Հասարակությունը շատ բան հասկացել է դրանից»:

Նա նկատեց՝ այս իրավիճակում լրագրողները պետք է շարունակեն իրենց աշխատանքը, շարունակեն մնալ առաջնագծում. «Բոլորս հասկանում ենք, որ անում ենք մեր երկրի համար, որովհետև ուզում ենք ապրել, ստեղծագործել մեր երկրում: Հետևաբար՝ պետք է շարունակենք աշխատել: Ես միշտ մեր գործընկերներին հորդորում եմ պինդ լինել, որովհետև նոր մարտահրավերներ են սպասվում, պատերազմի վտանգը կա, բազմաթիվ նոր անակնկալներ են սպասվում, նոր հետապնդումներ են սկսվելու և՛ քաղաքական ընդդիմախոսների, և՛ վերլուծաբանների, և՛ հրապարակախոսների, և՛ լրագրողների դեմ:

Որքան իշխանությունների վարկանիշն ընկնում է, որքան հասկանում են, որ վտանգ կա՝ կորցնելու իրենց իշխանությունը, իսկ իրենք արտաքին քաղաքական հարցերով իրենց փակուղի են մտցրել, և բոլոր կողմերից պահանջում են պարտքը վերադարձնել, իրենք դրանից դրդված՝ ավելի են սրելու իրենց գործիքները մեր դեմ: Պետք է ամուր լինենք, պինդ լինենք, հարգենք միմյանց պրոֆեսիոնալ աշխատանքը, հնարավորինս փորձենք պահպանել էթիկայի կանոնները, սատար լինենք միմյանց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս