Եթե «եռանկյունի» կոչված ճանապարհը չեն հանձնելու թշնամուն, ինչո՞ւ սահմանագծում չեն արել. պատերազմը սարերի հետևում չէ. Միհրան Մախսուդյան

Տավուշում Ադրբեջանի հետ սահմանագծման որոշակի աշխատանքներից հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առիթը բաց չեն թողնում՝ ասելու, թե իրենց սահմանագծման աշխատանքների շնորհիվ Տավուշը, մասնավորապես՝ Կիրանց գյուղը, ավելի անվտանգ է դարձել, որն այս պահին թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում։ Իսկ գյուղի դպրոցն ուղիղ թշնամու «քթի տակ» է հայտնվել սահմանագծումից հետո։

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի խոսքով՝ այդ ամենն իշխանության կողմից զուտ հայտարարություն է, իրականության հետ առնչություն չունի, քանի որ անվտանգ չէ, իսկ «թուրքը մնում է թուրք»։

«Ես մի քանի անգամ ասել եմ՝ եթե անվտանգ  է, եթե սահմանագծումն արել են, ինչո՞ւ են թողել Կիրանցի ու Ոսկեպարի հատվածը։ Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ են թողել այդ հատվածը, ինչո՞ւ այդ հատվածում սահմանագծում չեն անում, եթե չկան փակագծեր, եթե այդ «եռանկյունի» կոչված ճանապարհը չեն հանձնելու թշնամուն, թող անեին։ Դա ո՞ւմ համար են թողել, թող դա էլ դեմարկացիա անեն. ես չեմ կասկածում, որ այդ հատվածն էլ են հանձնելու»,- 168.am հետ զրույցում նշեց Միհրան Մախսուդյանը։

Ըստ նրա, նույնիսկ մանկապարտեզի երեխան կարող է ասել, որ Ադրբեջանի հետ Հայաստանը չի կարող ունենալ խաղաղության պայմանագիր, առավել ևս՝ այդ թուղթը չի կարող Հայաստանի համար ապահովել խաղաղություն։

Կարդացեք նաև

«Ալիևի պահանջներն օրեցօր ավելանում են։ Փաշինյանն ասում էր՝ Արցախը հանձնենք, լավ է լինելու, հանձնեց, հետո եկան Կիրանց, հետո կանցնեն «անկլավներին», հետո գալու է, ասի՝ Սահմանադրությունը փոխենք, հետո Ալիևի հաջորդ պահանջն է կատարելու՝ պատժելու է պատերազմի բոլոր մասնակցներին, որ Ալիևը ստորագրի Խաղաղության պայմանագիր։ Վաղն էլ կպահանջի, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը հանենք, նրա անունով փողոցներն անվանափոխենք, և այլն։ Ինչպե՞ս եք կարծում, Ալիևն այդքան հեշտությամբ Խաղաղության պայմանագիր կարո՞ղ է ստորագրել»,- շեշտեց պահեստազորի գնդապետը։

Այս ամենի վերջում Միհրան Մախսուդյանը պատերազմ է տեսնում։

«Ես ասել եմ, որ պատերազմը սարերի հետևում չէ, պատերազմը մոտ է։ Այդ պատերազմին պետք է պատրաստվենք, որ գոնե մեկ անգամ կարողանանք մինչև վերջ կռվենք՝ մեր կորցրածը հետ բերենք։

Հիմա մեզ իրարից մասնատում են, բաժանում, դրա համար այսօր այս կարգավիճակում ենք։ Մ.թ.ա. 428 թվականին Դարեհ Առաջինն է ասել, որ եթե ուզում ես հաղթել հային՝ մասնատիր նրան, հիմա այդ գործընթացն են անում։ Հիմա մասնատված ենք, երբ ասում ենք՝ կռիվ, ասում են՝ մենք ինչպե՞ս ենք կռվելու, վախկոտ ազգ ենք, այս ենք, այն ենք։ Այս ազգի մեջ վախ են մտցրել, այդ վախերը պետք է հանենք ու պատրաստվենք պատերազմի»,- եզրափակեց Միհրան Մախսուդյանը։

Հիշեցնենք, որ Տավուշում սահմանային առաջին սյունը տեղադրվեց ապրիլի 23-ին, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը լուսանկար հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար։ Չնայած Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանագծման աշխատանքների վերաբերյալ կանոնակարգը չէր հաստատվել՝ երկուստեք, սահմանագծումը շարունակվում էր, որի արդյունքում հայկական կողմից տարածքներ անցան Ադրբեջանի հսկողության տակ, այդ թվում՝ որոշ բնակիչների տներ ու հողատարածքներ, որոնց կադաստրի վկայականները մինչև այսօր այդ բնակիչների ձեռքին են։

Տեսանյութեր

Լրահոս