Եթե կարող եք բան փոխել, կփոխեք, անգամ, եթե Քոչարյանն ու Սարգսյանը 1000 տարի էլ մնան դաշտում, իսկ եթե ոչ, չեք կարող, անգամ, եթե ձեզ նրանք սկուտեղի վրա մատուցեն քաղաքական դաշտը. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում որոշ քաղաքական ուղղությունների ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից շրջանառության մեջ դրված «Նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից» թեզին:
Մինչ այդ, սակայն, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ սկսած կառավարող ուժից մինչև ընդդիմադիրներ, չկա այն համարժեքությունը, որը պետք է լիներ այս իրավիճակին։
«Չկա մարդկանց հետ իրավիճակի շուրջ առարկայական խոսակցություն, բացի Փաշինյանին տրվող գնահատականներից։ Կասկած չունեմ, որ աղետը շեփորելն արվում է միանգամայն անկեղծ ու հիմնավոր, բայց հասարակության համար դա բավարար չէ։ Հասարակության հետ աշխատանքի մեծ սպեկտոր կա, բայց չկա այդ աշխատողը։ Շատերին թվում է՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա պետք է մատուցեն քաղաքական դաշտը ու հեռանան։ Դա քաղաքականություն չէ։ Ի վերջո, միայն իրենք ունեն համակարգային ռեսուրսներ»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ներքաղաքական այս իրավիճակից պետք է հետևություն անեն բոլորը, այդ թվում՝ նախագահները։
«Ի՞նչ անել իրավիճակը փոխելու համար՝ խոսե՞լ, թե՞ լռել։ Ի վերջո, պոպուլյար չէ քննարկել այն հարցը, թե արդյո՞ք կա մի քաղաքական ուժ, որն ուզում է Նիկոլ Փաշինյանի փոխարեն վերցնել իշխանությունը։ Քաղաքականությունը զարգանում է, եթե հարցեր տրվեն քաղաքական դերակատարներին։ Մեզանում կա՛մ կռապաշտություն է, կա՛մ մերժողականություն։ Հայաստանի երեք նախկին նախագահները Հայաստանն առաջնորդել են բավականին բարդ ժամանակներում։ Հիմա ի՞նչ է, նրանք վախենալո՞ւ են խոսել, ինչ է թե՝ իրենց քննադատո՞ւմ են… Ոչ իհարկե։ Ու հույս ունենալ, որ ինչ-որ մեկը գալու է, նոր մարդ, ու չի արժանանալու համընդհանուր քննադատության, միամտություն է։ Շատ են խոսում՝ իբրև թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խանգարում են։ Քաղաքականությունն այդպես չի լինում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որ ունեն համակարգեր։ Նման խոսակցությունները սպեկուլյատիվ են։ Եթե դուք կարող եք բան փոխել, կփոխեք, անգամ, եթե Քոչարյանն ու Սարգսյանը 1000 տարի էլ մնան դաշտում, իսկ եթե ոչ, չեք կարող, անգամ, եթե ձեզ այդ մարդիկ սկուտեղի վրա մատուցեն քաղաքական դաշտը։ Քաղաքականություն ստեղծում են համակարգերը, ստեղծե՛ք ու փոխե՛ք, կամ մի՛ խոսեք»,- նշեց Հակոբ Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: