Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին, ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությունը:

«Այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրեջանին: Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի իր նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:

Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ-ի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և, Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները ՀՀ-ի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե Ադրբեջանի խորքային մտահոգությունը փարատելի է, քանի որ ՀՀ-ն որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների նկատմամբ՝ չունի:

«Ավելին, ՀՀ-ն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում։

Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ, ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ: Սա անտրամաբանական է և այս մոտեցումը Հայաստանի համար չի կարող լինել ընդունելի»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս