«Հայկական հրաշքն» ավարտվում է. Հույսները կտրել են

Իշխանության համար ավարտվում է այն ոսկե շրջանը, երբ ոչինչ չանելով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հաշվին, «համաշխարհային մակարդակի» աճեր էին գրանցում ու վերագրում իրենց։ Կարծում էին, թե դրսի դրական շոկերը հավերժ են լինելու ու ոչինչ չանելով՝ հավերժ վայելելու են դրանց արդյունքները։ Ձեռքերը ծալած նստել էին, մատը մատին չէին խփում՝ փոխարենը՝ ստեղծված հնարավորությունները ծառայեցնեին տնտեսության հետագա զարգացումների համար հիմքեր ստեղծելուն։

Եղած հնարավորությունները մսխեցին ու այսօր «վայելում» են հետևանքները։

Ինչպես և սպասվում էր, ավարտվում է Հայաստանի տնտեսության «հրաշքը»։

Վերջին շրջանում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունները սկսել են թուլանալ՝ հետևանքներն ակնհայտ են. տնտեսական աճի տեմպերն էապես դանդաղել են։

Կարդացեք նաև

Կառավարությունը հույս կտրել է, որ այս տարի էլ բարձր աճեր կարձանագրվեն։ Սպասվում է, որ աճը կլինի նույնիսկ ավելի ցածր, քան նախատեսել են։

Հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն, կառավարությունն այս տարի ակնկալում է ընդամենը 5,8 տոկոս տնտեսական աճ՝ նախատեսված առնվազն 7 տոկոսի դիմաց։

Առաջին կիսամյակում դեռ 6,5 տոկոս աճ կար, երկրորդում դա էլ չի սպասվում։

Դատելով կառավարության այս կանխատեսումներից՝ տարվա երկրորդ կեսին աճի տեմպն ավելի կընկնի։ Նույնիսկ 5 տոկոսից ցածր կլինի։

Տարեկան ՀՆԱ-ն, որը պիտի կազմեր 10,5 տրիլիոն դրամ՝ կկազմի 10,1 տրիլիոն. 405 մլրդ դրամով քիչ, քան պլանավորել էին բյուջեով։

Արդյունաբերության մեջ, որտեղ տարեսկզբին 25-30 տոկոսանոց  աճեր էին ցույց տալիս, կանխատեսվում է ընդամենը 3,1 տոկոս աճ։ Այն էլ նախորդ տարվա 2,2 տոկոս անկումից հետո։

Գյուղատնտեսության մեջ, որտեղ, ըստ էկոնոմիկայի նախարարի, վերջին տարիներին 7 անգամով ավելացել է պետական աջակցությունը, աճի ակնկալիքը հազիվ 3,3 տոկոս է՝ նախորդ մի քանի տարիների անկումից հետո։

Այդպես էլ հայտնի չդարձավ, թե ո՞ւր են գնացել այդ գումարները, ինչպե՞ս են ծախսվել, ինչի՞ վրա են ծախսվել, որ գյուղատնտեսությունը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել։ Այսպիսի համեստ աճերով, հազիվ էլ առաջիկայում վերականգնվի՝ նախորդ տարիների անընդմեջ անկումներից հետո։

Դեռևս կպահպանվի շինարարության ոլորտի երկնիշ աճը, բայց այն անհամեմատ ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի էր։ Ծառայությունների ոլորտում ևս աճի տեմպի մեծ անկում է սպասվում։ Նախորդ տարվա 11,5-ի փոխարեն՝ 6,9 տոկոս։

Սպասվում է նաև արտաքին առևտրի աճի տեմպի էական դանդաղում։

Արդեն հաջորդ տարի կանխատեսվում է՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման խոր անկում։

Արտահանման-ներմուծման ծավալներն առնվազն մեկ երրորդով կկրճատվեն։

Հաջորդ տարվա տնտեսական աճի սպասումներն ավելի հոռետեսական են. ակնկալիքն ընդամենը 5,6 տոկոս է՝ հետագա տարիների հոռետեսական հեռանկարով։

Գրեթե բոլոր ոլորտներում հաջորդ տարի աճի սպասումներն ավելի ցածր են, քան այս տարվա ակնկալիքներն են։ Գյուղատնտեսության մեջ կանխատեսվում է 2,9 տոկոս, ծառայություններում՝ 5,8 տոկոս, շինարարության մեջ՝ 6,8 տոկոս աճ։ Երևանում եկամտային հարկի հետվերադարձի ծրագրի դադարեցումից հետո, շինարարության աճի տեմպը կրկնակի կդանդաղի։

Աճի տեմպի որոշ արագացման հնարավորություն են տեսել միայն արդյունաբերության մեջ։ Կառավարության կանխատեսումներով, կլինի 5,7 տոկոս։ Ենթադրվում է, որ դա էլ պայմանավորել են հանքարդյունաբերության ոլորտի երկու հիմնական գործոններով՝ Ամուլսարի հանքի շահագործմամբ և Սոթքի հանքի մասնակի վերաշահագործմամբ։

Մյուս տեղերում հեռանկարներ ինչպես չկային, այնպես էլ՝ շարունակում են չլինել։

Վերջին տարիներին կառավարության ու Կենտրոնական բանկի իրականացրած քաղաքականությունները բերել են նրան, որ իրական տնտեսության բազմաթիվ ճյուղեր ու ընկերություններ հայտնվել են ծանր վիճակում, կրել են ոչ միայն տնտեսական դժվարություններ, այլև մեծ կորուստներ։ Ազգային արժույթի չափից դուրս արժևորման հետևանքով, ներքին տնտեսության արտահանելի հատվածի կարողությունները կրճատվել են։ Ու չնայած արտաքին առևտրի ոլորտում արձանագրված բարձր աճերին, ներքին տնտեսության բաժինն արտահանման մեջ նույնիսկ պակասել է։ Հույս էլ չկա, որ հաջորդ տարի իրավիճակը կարող է շտկվել։

Տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունից ակնկալիքներ չկան։ Մինչդեռ՝ ինչպիսի հեռանկարներ էին բացվել մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, ծառայություններ, որոնք ամբողջությամբ փոշիացրին։ Հաջորդ տարի արդեն Հայաստանը չի ունենա այն ֆինանսական հսկայական հոսքերը, որոնք ուղղված էին գերազանցապես արտաքին առևտրի ֆինանսավորմանը։ Իրական տնտեսությունն այդպես էլ չկարողացավ օգտվել դրանից։

Արձանագրված արագացված աճերը բացարձակ որակ չունեին, ավելացված արժեք գրեթե չէին ստեղծում։ Այդպիսի աճերով էին խաբում հասարակությանն ու թաքցնում տնտեսության իրական վիճակը՝ հայտարարելով, որ դարձել ենք համաշխարհային տնտեսության առաջատարներից մեկը։

Այդպես էլ չհասկացան, որ մի տեղից ապրանքները մեկ այլ տեղ տեղափոխելը, ուրիշ երկրների հաշվին «համաշխարհային մակարդակի» աճեր գրանցելն ամենևին էլ տնտեսական «հրաշք» չէ։ Տնտեսական քաղաքականության արդյունքները երևում են տնտեսության որակի, կառուցվածքի, բացվող նոր արտադրությունների մեջ։ Այստեղ է, որ կառավարությունը հպարտանալու ոչ մի առիթ չունի։ Զարմանալի չէ, որ արտաքին շոկերի թուլանալուն զուգահեռ՝ այլևս անհնարին է լինում թաքցնել տնտեսության խնդիրները։ Ընդամենը մի քանի ամիս առաջ խոսում էին սպասվող բարձր տնտեսական աճերի ու հերթական համաշխարհային ռեկորդների մասին։ Այնինչ՝ անգամ նախատեսված աճը չեն կարողանում ապահովել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս