Զանգվածային տարհանման հանգամանքը հավասարազոր կլինի պարզապես ծանր պահին Լիբանանը լքելուն. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ իս, շատ կարևորի մասին, որին անդրադարձել եմ պարբերաբար, այլ առիթներով:

Լիբանանի շուրջ ստեղծված ծանր ու բարդ վիճակը Հայաստանում առաջացրել է խոսակցություններ տեղի հայ համայնքի տարհանման թեմայով: Այդ խոսակցություններն, անշուշտ, բնական են, ելնելով Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից և դրանցից բխող վտանգներից:

Այստեղ սակայն, կան մի քանի էական հարցեր, որոնք թերևս պահանջում են տարհանման թեմայի վերաբերյալ առաջին հերթին շատ զգուշավորություն: Դա խիստ զգայուն հարց է, որն, անշուշտ, պետք է լինի Հայաստանի ուշադրության կենտրոնում, հայության ուշադրության կենտրոնում, բայց թերևս այդ ուշադրությունը պետք է արտահայտվի խիստ զգուշավոր, և թերեւս գերազանցապես լուռ աշխատանքի միջոցով, որովհետև խոսքը վերաբերում է, իհարկե, մի կողմից՝ մարդկային կյանքերին, մեր հայրենակիցների կյանքերին, մյուս կողմից՝ հայկական պետականության համար ռազմավարական նշանակության խնդրի:

Նախ, հարկ է արձանագրել, որ Լիբանանում պարզապես հայկական համայնք չէ: Լիբանանահայությունը Լիբանան պետության կյանքին խորապես ինտեգրված, այդ ընթացքում մեծ հեղինակություն ձեռք բերած հանրույթ է, և ըստ էության նույնիսկ հնարավոր ասել՝ Լիբանանի պետականաստեղծ հանրույթներից մեկը:

Հետևաբար, այդ առնչությամբ զանգվածային տարհանման թեմայի որևէ անշրջահայաց շոշափում, ըստ էության ոչ թե կօգնի բարձրացնել անվտանգությունը, այլ հակառակը՝ հարվածի տակ դնելով վերը նկարագրածս հատկանիշներով համայնքի հեղինակությունն ու վարկը, կարող է Լիբանանում գերզգայուն ու գերլարված սոցիալ-հոգեբանական միջավայրում ստեղծել խիստ բացասական մթնոլորտ հայ համայնքի շուրջ: Որովհետև, կրկնեմ, հայ համայնքը լիբանանյան պետական-հանրային օրգանիզմի այնքան յուրային բաղադրիչ է, որ զանգվածային տարհանման հանգամանքը հավասարազոր կլինի պարզապես ծանր պահին Լիբանանը լքելուն, ընդհուպ՝ «դավաճանելուն»: Իսկ դա կմեծացննի հայության պաշտպանվածությո՞ւնը, թե՞ խոցելիությունը, սա արդեն, մեղմ ասած, կլինի շատ բաց հարց:

Որովհետև հայության հանդեպ այդ վերաբերմունքը ձևավորվելու է ոչ միայն լիբանանյան հանրության մոտ, այլ Լիբանանին աջակցող ռեգիոնալ ամբողջ շրջանակում

Մյուս, ռազմավարական նշանակության հանգամանքն այն է, ինչի մասին արտահայտվել եմ բազմիցս, օրինակ, այդ թվում՝ Երուսաղեմի հայկական թաղամասի Կովերի պարտեզ կոչվող տարածքի շուրջ զարգացումների առիթով: Մերձավոր Արևելքում ծավալվող ախարհաքաղաքական դիմակայության օրակարգերում ամենևին վերջին տեղում չէ ռեգիոնը հայկական դավանա-քաղաքական, պատմա-քաղաքական ներկայությունից ազատելը, «մաքրելը»: Որովհետև Մերձավոր Արևելքում հայության խորքային ներկայությունը ոչ միայն հայկական գործոն է, այլ նաև ընդհանրապես ռեգիոնում քրիստոնեական գործոնի առանցքային բաղադրիչ:

Իսկ դա անուղղակի ռեսուրս է հայկական պետականության քաղաքական կշռի, միջազգային սուբյեկտության փաստարկային պաշարի տեսանկյունից: Իսկ այսօր, երբ վերջին չորս տարիներին մեզ հետ տեղի ունեցածն էապես նվազեցրել է այդ պաշարը, մենք պետք է չափազանց զգույշ և ուշադիր լինենք դեռևս պահպանվող ռեսուրսի հանդեպ:

Հաճախ եմ խոսում, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական խնդիրը Հայաստանն ըստ էության դեկորատիվ պետության, պարզապես ցուցանակի վերածելն է: Եվ այդ գործում նրանց, ու նաև նրանց աշխարհաքաղաքական ռազմավարական նկրտումների թիկունք պահող որևէ սուբյեկտի հուզողը նաև այն մերձավորարևելյան ռեսուրսն է, որ անուղղակի, բայց առկա է հայկական գործոնի շրջանակում, և որը անկասկած հայկական պետականության նժարը ծանրացնող գործոն է:

Անշուշտ, մարդկային կյանքերը չափազանց կարևոր են, և այստեղ հարցերը չպետք է դիտարկվեն կա՛մ-կա՛մ հակադրության տրամաբանության մեջ, այլ՝ և՛-և՛: Ու դրա համար շատ կարևոր է չտրվել տարատեսակ գայթակղությունների և թեման, մարտահրավերը, ռիսկերն ու խնդիրները շոշափել վերը նկարագրածս գործոնները հաշվի առնող շրջահայացությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս