«Ստիպում եք դաժան բաներ հիշել. եղել եմ Փաշինյանի թիմում, գիտեմ՝ ինչպես կվարվեն». Տաթևիկ Հայրապետյան
Բաքուն մեղադրում է Երևանին և Փարիզին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ։ Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում ընդունվել է բանաձև, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Բանաձևում ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը, այն կոչ է անում ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ բանաձևի ո՞ր հատվածն է Ադրբեջանի դեմ, եթե այդ պետության նպատակն իսկապես տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելն է:
«Մեր բոլոր եթերներում փաստերով ապացուցում ենք, որ Ադրբեջանի նպատակը խաղաղության հասնելը չէ, և եթե Ադրբեջանն ակնհայտորեն այսօր խոսում է քո պետության տարածքի հանդեպ հավակնությունների մասին, եթե ակնհայտ պետական քարոզչություն է տանում այդ տարածքների «յուրացման», իր համար «պատմական հայրենիքի» վերածելու մասին, ապա ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Ի՞նչ ուժի անթույլատրելիության մասին է խոսքը, եթե ինքը զենքի մեծաքանակ գնում է կատարում, բազմաթիվ զորավարժություններ է անցկացնում, եթե ԼՂ «լուծման» հիմքում դնում է ուժի կիրառումը՝ որպես քաղաքականություն: Ադրբեջանի նպատակն է՝ արդարացնել կամ նորմալ դարձնել ուժի կիրառումը տարածաշրջանում, և ինչ հակասում է այդ քաղաքականությանը, խնդրահարույց է Ադրբեջանի համար»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հայրապետյանի խոսքով՝ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր իզմ-երից ընտրել է խեղճիզմը, Ալիևն ասում է՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ռևանշիստական տարրեր ունի.
«Չգիտեմ՝ Ալիևը որտեղի՞ց է տեսնում այդ ռևանշիզմը, որը ոչ ոք չի տեսնում, բայց դե, Փաշինյանի աջակիցները սիրում են, չէ՞, ասել՝ ամեն ինչ գցեցին խեղճ հարիֆի գրպանը, կասեն՝ հիմա էլ Ալիևը ռևանշիզմը գցում է խեղճ հարիֆի գրպանը: Իսկ իրականում, Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել, բայց բոլորին պարզ է, որ իրավիճակը սրողը, խաղաղության չգնացողն Ադրբեջանն է, որ Փաշինյանն աննախադեպ քանակի միակողմանի զիջումներ է արել՝ ինչ-որ մի թուղթ պոկելու համար, որի վրա խաղաղություն գրված կլինի, որ ինքն էլ հանրությանն ասի՝ տեսեք, բերեցի այդ բաղձալի թուղթը, Ալիևն էլ չի ուզում ոչ մի թուղթ տալ, չի ուզում իրեն ոչնչով սահմանափակել, դրա համար հորինում է տարբեր մեղադրանքներ:
Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արևմուտքին դարձնել պատասխանատու՝ ապագա հնարավոր ռազմական գործողությունների համար: Շրջանառում են տարբեր թեզեր, թե իբր Հայաստանի համար Արևմուտքը Մարշալի պլան է գծել, վերածում է պլացդարմի, բայց բոլորին պարզ է, որ դա իրականությունից հեռու է: Հայաստանը մինիմալ քայլեր է անում պատերազմից հետո ինչ-որ բան վերականգնելու ուղղությամբ, դրա ներքո հիմնականում շոու է դրած, քան ծրագիր. Լավ է, որ զենքը գնում են, բայց եթե ԶՈւ մոդեռնիզացիայի, ընդհանուր բանակի, պետության առաջ նպատակ չի դրվում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ կոնֆրոնտացիայի չենք գնալու, մեր հողերը եթե չտան, ուժի չենք դիմելու, այս ամենը դառնում է երկրորդական և աննպատակ: Ուստի ինձ համար դա ավելի շատ հանրությանը ներկայացվող շոու է, քան իրական գործողություններ բանակի մոդեռնիզացիայի ուղղությամբ, էլ չեմ խոսում՝ ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի մասին»:
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը և այլ օրենքներ փոխելու Ադրբեջանի պահանջին, նշելով, որ երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Հետևաբար, Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն:
Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ ՀՀ ղեկավարությունը բավականին բարդ թնջուկ է ստեղծում իր շուրջ՝ փորձելով Ադրբեջանին ապացուցել, որ ամեն քայլի պատրաստ է, միայն թե մի թղթի կտոր իրեն հրամցնեն. «Իրենք անընդհատ 5 քայլ առաջ են գնում, հույս ունենալով, որ Ադրբեջանը կես քայլ առաջ կանի, բայց Ադրբեջանը 5 քայլ հետ է գնում այդ կետից: Եթե ՍԴ-ում տարել են հաստատման, ըստ մասնագետների՝ անօրինական ճանապարհով, օրենքները խախտելով, ապա հարց չի առաջանո՞ւմ՝ իսկ Ադրբեջանը տանելո՞ւ է դա իր ՍԴ հաստատման. իհարկե չի տանելու: Ինչո՞ւ անընդհատ 5 քայլ առաջ գնալ, արդարանալ, ինչո՞ւ չեք վերցնում Ալիևի բոլոր ելույթները և նրա դեմ օգտագործում, ո՞ւմ համար եք արդարանում, ո՞ւմ եք ինչ ուզում ապացուցել: Ալիևը վերջերս հայտարարել է՝ ես թույլ չեմ տվել այն մարդկանց, որոնք տարբեր ՀԿ-ների կողմից են, որ խաղաղության դիսկուրս առհասարակ լինի Ադրբեջանում: Սա ֆանտաստիկ հայտարարություն է. նա ասում է, որ թույլ չի տվել՝ հանրության մակարդակով խաղաղության մասին քննարկում:
Եթե դիմացի կողմն այլ նպատակներ ունի, ինչքա՞ն կարող ես խեղճանալ, երբ ինքն այդ ամենը վերցնում՝ կապիտալիզացնում է ու քո առաջ դնում է նոր պահանջներ: Այս անտրամաբանական շղթան ե՞րբ է ավարտվելու, ո՞րն է այն կետը, որից հետո դու ասելու ես՝ վերջ, այս մարդը չի գալիս խաղաղության, ե՞րբ պետք է դա պարզ լինի, երբ ինքը բաց տեքստով դա ասում է: Ինքը հասել է նրան, որ ամեն ինչ զիջեց՝ Լեռնային Ղարաբաղը, գյուղերը, խնդրում է, որ թղթի կտոր տան, բոլորին խառնում է իրար, բայց դա էլ չեն տալիս: Ինչքա՞ն կարող ես նվաստանալ, ես չեմ հասկանում»:
Ըստ նրա՝ Փաշինյանը կարող է հեռանալ փողոցով. «Նա իմիջի պահպանման խնդիր ունի, չի կարող ամբողջությամբ ծեծուջարդ կազմակերպել և մնալ իշխանության: Եթե հանրային այնպիսի պահանջ լինի, ինչպես, օրինակ՝ 2018-ին էր, ապա իրեն ի՞նչ այլընտրանք է մնալու, առաջին հերթին իր կուսակցության մարդիկ են գնալու: Ես եղել եմ այդ թիմում, ես գիտեմ, որ իրենք կարող է Փաշինյանի դեմքին ոչինչ չասեն, բայց կուլիսների հետևում քչփչան, և հենց սկսի շարժվել, դուրս գան»:
ԱԺ-ում Փաշինյանը խոստովանեց՝ ինքն է արգելել ընդդիմադիրներին ծանոթացնել Ալիևի հետ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանը: Նաև արձանագրեց, որ ՔՊ պատգամավորները ծանոթ չեն այդ տեքստին, չեն կարդացել:
Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ եթե ՔՊ-ականները ծանոթ չեն տեքստին, ինչպե՞ս են այդպես պաշտպանում այդ պայմանագիրը:
«Ստիպում եք դաժան բաներ հիշել, որ ես վերջին 4 տարիներին մոռացել էի, ոչ թե մոռացել, այլ մի կողմ էի դրել իմ մտքում, բայց տեսեք՝ խնդիրները 2020 թվականից հետո բազմաթիվ էին, և խնդիրը միայն այն չէր, որ երկիրը գնացել էր պարտության: Խնդիրներից մեկն այն էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը հանդիպել էր գրեթե բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, բայց երբեք չէր հանդիպել իր ֆրակցիայի հետ, ու հետո, երբ ֆրակցիան բոլորի պես լուրերից էր իմանում՝ ինչ է ստորագրվել, չունենալով պատկերացում իրավիճակի մասին, և եթե չլինեին ինդիվիդուալ այցերը, կմտածեիր՝ այլ բան է կատարվում: Բայց դրանից հետո պատասխանատու փորձում էին կարգել ֆրակցիային, մարդկանց, որոնք ընդհանրապես տեղյակ չեն եղել՝ ինչ է կատարվում: 2021 թվականի ընտրություններին պարզ էին խաղի կանոնները՝ դու տեղյակ չես լինելու՝ ինչ է ինքը որոշում, բայց դու պատասխանատու ես լինելու այդ որոշման համար: 2018-19-ին այդ խաղի կանոնը պարզ չէր: Այդ թիմ ով մտել է 2021 թվից հետո, ընդունել է այդ խաղի կանոնը, որ Փաշինյանն իրեն կարող է չասել՝ ինչ է կատարվում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում