Կրճատել ու տապալել պետական ծրագրե՞րը, թե՞ ավելացնել պետական պարտքը. Կառավարությունը՝ երկընտրանքի առջև
ՀՀ պետական բյուջեի թե’ եկամուտները, թե’ ծախսերը թերակատարվել են։ Դա է վկայում ՀՀ 2024թ. պետական բյուջեի առաջին կիսամյակում կատարման հաշվետվությունը։
Ենթադրվում է, որ այս բացասական զարգացումները գործող իշխանության համար պետք է խիստ մտահոգիչ լինեն և դրդեն դրանք կանխելու համար գործուն քայլեր կատարելուն։ Փոխարենը, պետական կառավարման տարբեր մակարդակներում բյուջեի կատարմանը դրական երանգ է հաղորդվում։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը 27.08.2024թ. տված հարցազրույցում ընդգծել էր, որ «բյուջեն բավական լավ է կատարվում»։ Մեր ուշադրությունից չէր վրիպել այն, որ նախարարն իրեն ապահովագրելու համար նախադասության վերջում ավելացրել էր «իր ծախսային մասով» ձևակերպումը՝ չնայած որ փաստացի ծախսերի գծով առաջին կիսամյակում թերակատարումը 12.5% կամ 175.8 մլրդ դրամ է: Իսկ հաշվետու ժամանակահատվածում եկամուտների գծով թերակատարումը 8.0% կամ 108.3 մլրդ դրամ է՝ ծախսերի թերակատարման համեմատ ավելի քիչ։ Միգուցե նախարարի լավատեսությունը պայմանավորված էր նրանով, որ բյուջեի ընդհանուր ծախսերի փաստացի մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է, իսկ աճի տեմպը և ճշտված պլանի համեմատ կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մի փոքր բարելավվել։
Օրերս կառավարության որոշմամբ հավանության արժանացած ՀՀ 2025թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ մինչև 2024թ. տարեվերջ սպասվում են 2,593.6 մլրդ դրամի եկամուտներ և 3,076.5 մլրդ դրամի ծախսեր՝ 2024թ. բյուջեով ծրագրված համապատասխանաբար 2,723.6 և 3,206.5 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն՝ պաշտոնապես նույնպես ընդունվում է, որ 2024թ. բյուջեով պլանավորված ցուցանիշները կթերակատարվեն։
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին բյուջեի փաստացի եկամուտները բյուջետային ուղերձով 2024թ. համար սպասվող ցուցանիշից պակաս են 969.6 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 1,367.9 մլրդ դրամով։ Այսինքն՝ բյուջեն կատարելու համար 2024թ. վերջին 4 ամիսներին պետք է ապահովվեն ամսական միջին հաշվով առնվազն համապատասխանաբար՝ 242.4 և 342.0 մլրդ դրամի եկամուտներ և ծախսեր։ Մինչդեռ 8 ամիսների կտրվածքով միջին ամսական եկամուտները կազմել են 203 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 213.6 մլրդ դրամ։ Հետևաբար, կարելի է ակնկալել, որ փաստացի թերակատարումը, առնվազն ծախսերի գծով, էապես գերազանցելու է 2025թ. բյուջետային ուղերձով՝ 2024թ. համար սպասվող տարեկան թերակատարմանը։ Իհարկե, եթե դրանք տարվա վերջին 4 ամիսներին «անսպասելիորեն» չաճեն։
Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունը տարվա վերջին ամիսներին բյուջեի ծախսերի կտրուկ ավելացման «ուշագրավ» փորձ ունի։ Օրինակ, նախորդ երկու տարիներին բյուջեի կապիտալ ծախսերն առաջին երեք եռամսյակներից յուրաքանչյուրում էապես թերակատարվել էին, սակայն եղանակային առումով կապիտալ ծախսերի համար ոչ նպաստավոր չորրորդ եռամսյակում դրանք կտրուկ աճեցին և տարեկան թերակատարումը եղավ ավելի փոքր, քան ինն ամիսների կտրվածքով էր: Չի բացառվում, որ այս տարվա վերջին ամիսներին նույնպես նման «թռիչք» արձանագրվի։ Ի դեպ, 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին փաստացի իրականացվել են 256.0 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, մինչդեռ 2024-ի տարեկան պլանավորված մեծությունը 710.3 մլրդ դրամ է։ Այսինքն՝ 2024թ. տարեկան բյուջեն այս մասով չթերակատարելու համար տարեվերջի 4 ամիսներին ամսական միջին հաշվով պետք է կատարվեն նախորդ 8 ամիսների միջինից շուրջ 3.6 անգամ ավելի շատ կապիտալ ծախսեր, ինչը նույնիսկ ՀՀ «փորձառու հրաշագործ» կառավարության համար չափազանց բարդ խնդիր է։
Մյուս կողմից, հաշվի առնելով անցած ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների բավական լուրջ թերակատարումը և հետագա ամիսներին դրա խորացման վտանգը, խնդրին անհրաժեշտ է մոտենալ այլ համատեքստում։ Այս պարագայում կառավարությունը կանգնելու է երկընտրանքի առջև՝ կա՛մ իրականացնել բյուջեի սեկվեստր՝ ասել է թե մասնակի կրճատել հաստատված ծախսերը, կա՛մ կտրուկ ավելացնել դեֆիցիտը, ինչն իր հերթին կհանգեցնի նաև պետական պարտքի ավելացմանը։ Ի դեպ, վերոհիշյալ հարցազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասել էր, որ բյուջեի «սեկվեստրի խոսակցություններն անտեղի են»։ Որպես ասվածի հիմնավորում՝ նա նշել էր բյուջեում՝ բացասական զարգացումների համար նախատեսված 55 մլրդ դրամի պահուստային ֆոնդի առկայությունը։ Մինչդեռ, դժվար է պատկերացնել, թե բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդը դրան անգամներով գերազանցող թերակատարման պարագայում, ինչպես է «փրկելու» հաստատված ծախսերի կրճատման անհրաժեշտությունից։ Նախարարի խոսքերից կարելի է եզրակացնել, որ առաջիկայում սպասվում է բյուջեի դեֆիցիտի կտրուկ աճ։
Անկախ նրանից, թե կառավարությունը կգնա բյուջեի մասնակի կրճատման, թե դեֆիցիտի ավելացման ճանապարհով, երկու սցենարների դեպքում էլ հետևանքները ծանր են լինելու տնտեսության և, վերջին հաշվով, նաև բնակչության համար։
Առաջին դեպքում՝ մի կողմից կխոչընդոտվի մի շարք պետական կառույցների բնականոն աշխատանքը, մյուս կողմից՝ տնտեսության ներուժի առումով որոշ կարևորագույն ծրագրեր ամբողջությամբ կամ մասամբ չեն իրականացվի՝ բացասաբար անդրադառնալով ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա տնտեսական աճի վրա: Իսկ երկրորդ դեպքում՝ դեֆիցիտի ավելացման արդյունքում առաջացած հավելյալ պարտքի բեռը ուղղակիորեն կընկնի բնակչության ուսերին։