Ինչո՞ւ Ադրբեջանն Արցախի նախագահին ստիպեց ստորագրել թուղթ, որն իրեն պետք չէ. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն այն կարծիքին է, որ երբ Ադրբեջանը պարբերաբար խոսում է այս կամ այն ուղղությամբ իբր թե հայկական կողմի գործողությունների մասին, ուղղակի հերթական անգամ լրատվական հոսքերում իր դիրքերն է ամրացնում, որպեսզի հետագա որոշակի գործողությունների համար փորձի հիմքեր ստեղծել. դա Ադրբեջանի մարտավարությունն է:

«Պետք է հարցին կոմպլեքս նայել, թե մնացած հարթակներում ինչ պահանջներ են առաջ քաշում: Ամենակարևոր և մեզ համար ամենավտանգավոր պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանն ուղղակի ուզում է ՀՀ ԶՈւ-ն լուծարել: Այդ խնդիրը լուծելու համար նա որոշակի քայլերի հաջորդականություն է ծրագրել, փորձում է դրա հետևից գնալ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ինչպես Ադրբեջանը հաջողության հասավ և կազմաքանդեց Արցախի Պաշտպանության բանակը, և մենք տեսանք՝ ինչ հետևանքներ ունեցավ այդ ամենը, նույնը տրամաբանությամբ էլ փորձում են կազմաքանդել ՀՀ ԶՈւ-ն:

«Պետք է արձանագրենք այդ վտանգը, և մնացած պահանջները, որ Ադրբեջանն առաջ է քաշում, դրա փոքր էլեմենտներն են: Որպեսզի հասկանաք, թե անկախ պարտությունից, նրանք ինչպիսի լրջությամբ են վերաբերվում մեր բանակի, մեր ժողովրդի կարողություններին, տեսեք՝ ինչ արեցին Արցախում գործողություններից առաջ. մեկ տարի սոված պահեցին մարդկանց, ստեղծեցին համապատասխան դիվանագիտական հիմքեր ու նոր գնացին գործողության: Ինչո՞ւ ավելի շուտ չգնացին նման գործողության, որովհետև հաշվարկներ ունեն, որ անգամ մեր ՊԲ-ն այդպիսի վիրավոր վիճակում մարտունակ միավոր է և կարող է խնդիրներ լուծել: Դրա համար, մաքսիմալ քամեցին, նոր գնացին որոշակի գործողությունների: Նույնիսկ այդ պարագայում ՊԲ-ն հերոսական դիմադրություն ցույց տվեց այդ ուժերի դեմ. Տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, որ այդտեղ նաև գործողություններին մասնակցում են և՛ թուրքական կողմի հատուկ նշանակության ստորաբաժանումները, և՛ ավիացիա, և՛ հրետանի: Ընդամենը մեկ փոքր միավորի նկատմամբ գործողություն անելու համար նրանք կոմպլեքս գործողությունների շարք իրականացրին: Առաջնայինը շրջափակումն էր, որ փորձեն մարդկանց բարոյապես էլ վնասներ հասցնել, հետո նոր գնալ գործողությունների»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Նա հանցագործություն է համարում ՀՀ իշխանությունների և նրանց աջակիցների այն պնդումները, թե արցախցիները թողել-փախել են. «Նույն ՀՀ իշխանությունները հեռադիտակով նայում էին, թե ոնց է ՊԲ-ն այնտեղ բոյ տալիս, դա մեկ այլ հարց է: Բայց այն, որ նրանք կենաց-մահու կռիվ են տվել, դա միանշանակ է: Իմիջիայլոց, երբևիցե մտածե՞լ եք՝ Ադրբեջանն ինչու ստիպեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որպեսզի, այսպես ասած, լուծարման թուղթը ստորագրեն:

Ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ նման թուղթ ունենալու դեպքում: Իմ գնահատմամբ, դա ընդամենը պաս էր ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք օգտագործեն՝ ներքաղաքական իրավիճակներում: Չեք նկատե՞լ՝ ով Արցախից խոսում է, ասում են՝ բա դուք չստորագրեցի՞ք, այնպիսի տպավորություն է, որ եթե այդ թուղթը չլիներ, ուրիշ բան չկար խոսելու: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ պետք է տարբեր իրավիճակներում Հայաստանի գործող իշխանություններին օգնել, որովհետև պետք են, ինչ ուզում են՝ կարողանում են անել:

Եթե ներքաղաքական դաշտում այդ շահարկումը չլիներ, գուցե ես նման համոզման չգայի, բայց որ տեսնում ես՝ ոնց են աջուձախ իշխանություններն այդ փաստը շահարկում, եզրակացությունը մեկն է: Ադրբեջանին, իրավական իմաստով, այդ թուղթը պետք չէ. որ պահին Ադրբեջանը հղում արեց, այսպես կոչված, լուծարման փաստաթղթին, այդ պահից սկսած հնարավոր է մեր հաջողությունները սկսվեն: Եթե դու լուծարմանը հղում ես անում, ուրեմն՝ մինչ այդ էլ ճանաչել ես, իսկ դիվանագիտական իմաստով նրանք երբեք չեն գնա այդ քայլին ու չեն անի նման հայտարարություն: Միջազգային ոչ մի դերակատար դրա մասին չի խոսում, որովհետև շատ լավ հասկանում են՝ իրավական տեսանկյունից այդպիսի բան ուղղակի չի կարող լինել: Չգիտես՝ ինչու, միայն մեր գործող իշխանությունները դա չեն հասկանում և պատեհ պահին, հենց Արցախից խոսք է գնում, ասում են՝ ստորագրեցիք, դուրս եկաք, մեզնից ի՞նչ եք ուզում»:

Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանությունները ոչ թե պայքարել են, այլ պայքարելու իմիտացիա են արել. «44 օր ոչ թե համոզմունք է եղել, որ պետք է հողերը պաշտպանել, այլ պայքարի իմիտացիա: Պայքարողն այդպես չի կառավարում պատերազմը, Ֆեյսբուքով պատերազմ չես կարող կառավարել, էլ չեմ ասում այն տարօրինակ հանգամանքները, երբ տարօրինակ մարդիկ տարօրինակ տեղում էին հայտնվում: Ծիծաղելի է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմից ավելի շատ տեղեկատվություն ունի, քան իրավապահ համակարգը:

Երկրի ղեկավարին պետական ապարատն է տեղյակ պահում, հիմա ո՞նց կարող է պետական ապարատն ամբողջությամբ վերցրած ավելի քիչ բան իմանա, քան ինքը, այն էլ՝ մի քանի անգամ քիչ բան: Ուրեմն՝ ինչ-որ այլ երկրներից ինչ-որ մարդիկ միայն Նիկոլ Փաշինյանին են ինֆորմացիա տվել, և դրա մասին չգիտի ԱԽ-ն, որի անդամներ են ուժային կառույցները, և գիտի միայն Նիկոլ Փաշինյանը: Չի լինում այդպես: Ասում է՝ սցենարով գրված պատերազմ էր: Բա այդ ե՞րբ հասկացավ Փաշինյանը, որ դա սցենար է: Առաջին օրվանից գիտե՞ր, թե՞ երեկ իմացավ:

Այդ ամենը վերլուծելով, միջին վիճակագրական մարդը կարող է հենց իրենց վրա այդ ամենը պրոյեկտել, որովհետև քայլերի հաջորդականությունը հենց դրան է տանում: Հակառակ դեպքում, ստացվում է, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, ժողովրդի լեզվով ասած՝ մեխի գլուխ է եղել, որովհետև եթե ինչ-որ մարդիկ քո երկրում սցենարներ են փորձել մշակել, դու դրա մասին գիտես ու երկրի ղեկավար լինելով՝ գործողություն չես իրականացնում, ուրեմն՝ դու էլ ես մտածում, որ էդ սցենարը ճիշտ է, կամ մեխի գլուխ ես, որ չես կարողանում նման կարևոր հարցերին լուծումներ տալ»:

Նա շեշտեց՝ Ադրբեջանն ուզում է կազմաքանդել Հայաստանի անվտանգային համակարգը.

«Եթե նկատել եք, խոսում են՝ այս երկրից այսքան զենք բերեցինք. բերում-բերում են, բայց չգիտես՝ ինչու, զորավարժություններ չեն անում, ՄՈԲ ռեսուրսի հետ չեն աշխատում, դրան գումարած՝ ԱԳՆ-ից գուժում են, որ նոյեմբերին՝ COP-29-ից հետո, պատերազմ է լինելու: Արդյո՞ք մեր գործողությունները համաչափ են այս իրավիճակին: Տարածաշրջանը եռում է, թե ինչ մասշտաբների կվերածվի, դժվար է կանխատեսել, բայց գերտերությունների տարբեր փորձագիտական կարծիքներ կան, որ այս ամենը կարող է երրորդ համաշխարհայինի վերածվել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս