ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները հասանելի կդառնան միջազգային կազմակերպությանը

Հայաստանի Կառավարության որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր կտրամադրի միջազգային կազմակերպություն։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրող ընկերություն ընտրելու համար հայտարարված մրցույթին հայտ է ներկայացել 3 միջազգային կազմակերպություն։

Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի որակավորման հարցման փուլում հաղթող է ճանաչվել միջազգային երեք հեղինակություն ունեցող ընկերություն։

Հենց այս ընկերություններն են, որ համապատասխանել են Կառավարության ներկայացրած բոլոր տեխնիկական պահանջներին, և նրանցից մեկն էլ մրցույթի հաջորդ փուլում հաղթող ճանաչվելու պարագայում կկնքի պայմանագիր՝ պետության և մասնավոր համագործակցության մասին, և կստանա ՀՀ քաղաքացիներին անձնական տվալներին հասանելիություն ստանալու, կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր պատրաստելու իրավունք։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկել է նախատեսել պահանջ, որի համաձայն՝ տվյալների կենտրոնը կտեղակայվի բացառապես ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում՝ պահպանելով միջազգային «ISO 27001» ստանդարտը, իսկ դրա պահուստային տարբերակը՝ նույն տվյալների կենտրոնում, կամ ՀՀ տարածքում գտնվող առանձնացված այլ տարածքում՝ վերոհիշյալ ստանդարտին համապատասխանող այլ տվյալների կենտրոնում՝ ֆիզիկական անվտանգության պահանջների խիստ պահպանման պայմանով (որպես տարբերակ՝ միջգերատեսչական քննարկումների ընթացքում դիտարկվել է «OVIO» ընկերության տվյալների կենտրոնը)։

Բացի այդ, տվյալների հնարավոր կորուստը բացառելու նպատակով՝ տվյալների կենտրոնի կրկնօրինակը, ըստ ԱԱԾ-ի, նպատակահարմար է տեղակայել ՀՀ կենտրոնական բանկի՝ Դիլիջան քաղաքում գտնվող տվյալների կենտրոնում։

Տեսանյութեր

Լրահոս