Ներքին Հանդի նոր իրականությունն ու նոր տանիքները․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված 22 տների տանիքները կնորոգվեն 201 մլն 882.726 դրամով

Ներքին Հանդի 22 տներ, որոնք վնասվել էին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, կունենան նոր տանիքներ․ տանիքների նորոգման աշխատանքների նպատակով օրերս Քաղաքաշինության կոմիտեն «Շին» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որի գինը 201 միլիոն 882.726 դրամ է։

Կառավարությունը դեռ օգոստոսին էր սույն որոշումը կայացրել՝ հիմնավորման մեջ հիշեցնելով․ «Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքները, ընդհանուր 6861,5 քմ մակերեսով։ ՀՀ վարչապետի կողմից Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակներում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, վերջինիս կողմից տրվել է հանձնարարություն՝ շատ արագ կազմակերպել նշված բնակավայրի տների տանիքների վերանորոգման աշխատանքները»։

Իսկ Նիկոլ Փաշինյանն այս տարի հունիսին էր եղել Ներքին Հանդում՝ վեհ առաքելությամբ, որ գյուղի բնակիչներին տեղեկացնի․ «Մեր հաջորդ քայլը հետևյալն է, սահմանազատում պետք է անենք։ Այ հիմա Ոսկեպարում սենց վիճակ ա՝ ցանկապատը՝ քաշած, երկրի սահմանը՝ հստակ, անվտանգությունը՝ ապահովված, ոչ կով կանցնի, ոչ մարդ կանցնի, գիշերները մարդիկ հանգիստ քնեն։ Նույնն էլ պետք է ստեղ անենք, լուծումն էտ ա, ժողովուրդ»։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերից թշնամու վերահսկողության տակ են գտնվում Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի եկեղեցին, գերեզմանատունը, խմելու ջրի ակունքները, արոտավայրերը և ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր բարձունքները։

Կարդացեք նաև

«Շին» ՍՊԸ-ի մասին

2014 թվականին հիմնադրված այս ընկերությունը պետգնումներում երևում է միայն 2020 թվականից՝ միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքելով «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի, Ալավերդու համայնքապետարանի, Ծաղկաձորի համայնքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Հանրային Հեռուստաընկերության հետ։

2021 թվականից այս ընկերության իրական շահառու է դարձել Արամ Խաչատրյանը, որին էլ պատկանում է ընկերության 100 տոկոս բաժնեմասը։

Տեսանյութեր

Լրահոս