Օրենքը հակասահմանադրական է. քանդում են կրթական համակարգը. ազգայինը կհանեն, բուհերը կփակեն, դատարկ թուղթ էլ տանեն ԱԺ, կընդունեն. Խաչիկ Աբաջյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանն է։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որը  մասնագիտական շրջանակների կողմից խիստ քննադատությունների է ենթարկվում:

Հետաքրքրականը նաև այն է, որ Ժաննա Անդրեասյանն օրինագծի շարադրանքից  դուրս է մղել նաև «ազգային» բառը: Օրինագծի սկզբում նշվում է բուհերի առաքելության մասին, որ բուհերը պետք է ձևավորեն ժողովրդավարություն, համամարդկային արժեքներ, և այլն՝ առանց «ազգային» արժեքների:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փորձ է արված միացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները։ Եվ այստեղ առաջնային նպատակը «Ակադեմիական քաղաք» կոչվածին օրենսդրական մակարդակ տալն է, բուհերի խոշորացումը, փակումը։ Հաջորդ նպատակը բուհերի՝ առավել կախվածությունն է քաղաքական իշխանությունից։
  • ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նախագահը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, ՀՊՏՀ-ինը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Մանկավարժականինը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆիզկուլտ ինստիտուտինը՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Գեղարվեստի ակադեմիայինը՝ մյուս փոխնախարար Դանիելյանը, Պոլիտեխնիկ ինստիտուտում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը… Այս նոր օրինագծով սահմանափակում չկա․ քաղաքական կուսակցության, քաղաքական պաշտոն զբաղեցնող անդամը կարող է լինել բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
  • Եթե պետական մակարդակում չունենք հայեցակարգ, ռազմավարություն, ապա անիմաստ է որևէ բանի մասին խոսելը։ Որևէ հիմնավորում չկա, օրինակ, ինչո՞ւ է պետք խոշորացնել բուհերը։ Օրինակ, այս օրինագծով՝ 4000 ուսանողից պակաս ուսանող ունեցող բուհերը պետք է փակվեն։ Կոնսերվատորիան, օրինակ, 4000 ուսանող չունի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ավիացիոն համալսարանը, ֆիզկուլտ ինստիտուտը, Գեղարվեստի ակադեմիան, Թատերական ինստիտուտը, մարզային բոլոր բուհերը, մասնավոր բուհերը նույնպես չունեն 4000 ուսանող։ Ի՞նչ են անելու, փակելո՞ւ են։
  • Բուհական հանրույթը՝ որպես հանրույթ, պետք է միասնական կարծիք հայտներ, պահանջատեր լիներ, որովհետև այս օրենքի շահառուն միայն բուհերի ռեկտորները չեն, այլև ուսանողներն ու դասախոսները։ Այս օրենքով, օրինակ, խեղաթյուրվում է նաև ուսանողական ինքնակառավարման տրամաբանությունը։
  • Ըստ այս նոր օրինագծի՝ բոլորն են գնալու «Ակադեմիական քաղաք» կոչվածը, այդ թվում՝ ԵՊՀ-ն, որը գործող օրենքով հատուկ կարգավիճակ ուներ՝ Մայր բուհն էր։ Հիմա այդպես չէ, որևէ հատուկ կարգավիճակ չունի, հանել են։ 
  • Չգիտեմ՝ ինչի, Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) «ազգային» բառը չեն հանել, երևի վրիպել են։ Եթե ազգայինը հանում են, ի՞նչ տարբերություն՝ որևէ արտասահմանյան բուհի մասնաճյո՞ւղ է, թե՞ տեղական։
  • ԳԱԱ կազմում գործող բոլոր ինստիտուտներն անցնելու են կա՛մ ԿԳՄՍՆ, կա՛մ բուհերի ենթակայության տակ։ Սա խնդրահարույց է, որովհետև ստացվում է՝ մի իրավաբանական անձի ենթակայության տակ գործելու է մեկ այլ իրավաբանական անձ։
  • Օրենքում աբսուրդային ձևակերպումներ կան նոր ստեղծվելիք, անհասկանալի լիազորություններով մարմնի՝ էթիկայի կոմիտեի ձևավորման մասին։ Ըստ դրանց՝ ստացվում է, որ բուհի ռեկտորն ավելի հեշտ է ընտրվում, քան բուհի ուսխորհրդի նախագահը կամ էթիկայի կոմիտեի նախագահը։ Վերջինիս ընտրվելու համար 60% մասնակցություն է պետք։
  • ԵՊՀ-ի դեպքում մենք նախադեպ ունեցել ենք, երբ մի գիշերում կառավարությունը ցրեց բուհի հոգաբարձուների խորհուրդը, երբ միանգամից 16 հոգի հայտարարեցին, որ իրենց ժամանակը չի ներում այդ գործունեության համար։ Այս օրենքով՝ կարող են ամիսը մեկ հոգաբարձուների խորհուրդը ցրել։
  • Այս օրենքով՝ կառավարությունն է որոշելու՝ որ բուհում ինչ ֆակուլտետ կարող է բացվել կամ փակվել։ Իսկ մենք գիտենք՝ ինչպես են անցկացվում կառավարության նիստերը՝ 90 տոկոս չզեկուցվող հարցերով, միանձնյա որոշումներով։

  • Այս օրենքն ավելի հակասահմանադրական է, քան նախորդ նախագիծը։
  • Այս օրենքով՝ ստացվում է, որ բակալավրը նույնպես կարող է դառնալ ֆակուլտետի դեկան։ Կա՛մ վրիպել են, կա՛մ, որ ավելի վատ է, այդպես են մտածում։
  • Ըստ այս օրենքի՝ այլևս չի լինելու գիտությունների թեկնածու, հետո՝ դոկտոր։ Բոլորը լինելու են դոկտոր։ Ցանկացել են նմանեցնել եվրոպական PHD-ին, բայց լավ չեն կարդացել կամ հասկացել դրա իրական էությունը։
  • Օրենքում խայտառակ ձևակերպում կա ուսանողական ինքնակառավարման մասին։ Չի կարող ինքնակառավարվող մարմնի կանոնադրությունը հաստատել մեկ այլ ինքնակառավարվող մարմին։ Կամ չի կարող այն ցրել։ Դա անում են, որովհետև այսօր բուհերում բոլորը կառավարվող են, բացի ուսանողներից։ Ստացվում է, որ հոգաբարձուների խորհուրդն է որոշելու՝ ուսանողական խորհուրդը լուծարվի՞, թե՞ ոչ։
  • Դուք լուրջ մտածում եք, որ կառավարման այս մոդելով մեր բուհերն առաջիկայում ընդգրկվելու են բուհերի վարկանիշավորման ցանկի մեջ ու հայտնվելու են աշխարհի 1000 լավագույն բուհերի կազմո՞ւմ… Դուք լուրջ այդպե՞ս եք մտածում:
  • Կան բազմաթիվ կուլիսային խոսակցություններ, որ ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է ղեկավարում այս «բարեփոխումները», անգամ հակամարտության մեջ է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ԵՊՀ ռեկտորի հետ։
  • «Ռեսթարթը» հիմա բուհում չկա, բայց հետաքրքիր է, նրանք, որ ժամանակին կատաղի պայքար էին մղում իբր բուհերի քաղաքականացվածության դեմ, հիմա լռում են։
  • Կասկած չունեմ, որ եթե անգամ դատարկ թուղթ էլ այս օրենքի նախագծի փոխարեն տանեն Ազգային ժողով, այն ընդունվելու է, բայց այս օրենքի ընդունումը լուրջ խնդիրներ է առաջացնելու։

  • Երբ 2022թ․ԵՊՀ-ում քննարկվում էր բուհի նպատակներից «ազգային» բառը հանելու հարցը, քննարկումը կառավարության անդամների մասնակցությամբ տևեց 45 րոպե։ Քննարկեցին, քննարկեցին, վերջում ուսանող անդամներով ասացինք՝ իսկ դուք գիտե՞ք, որ չեք կարող փոխել, հանել, որովհետև Հիմնադրամների կանոնադրությունը դա թույլ չի տալիս անել։ Այսինքն՝ այդքան անտեղյակ լինելով՝ լուրջ դեմքերով քննարկում էին մի բան, որն օրենքի հետ հակասություններ ուներ: Մեզ վրա ջղայնացան՝ բա ինչի՞ շուտ չէիք ասում, մենք էլ էսքան ժամանակ քննարկում ենք: Զավեշտալի էր: Հիմա ասում եմ՝ կարդացե՛ք, առնվազն 3 կետով հակադրություն կա։
  • Դիտավորյալ կամ հանցավոր անգործությամբ քանդվում է կրթական համակարգը։ Բարձրագույն կրթության հիմքը հանրակրթությունն է։ Եթե այդ համակարգն ամբողջությամբ քանդված է, մենք դրա հիման վրա ինչպե՞ս ենք պատրաստվում կառուցել ամուր բուհական համակարգ։
  • Արդեն 2 տարի է՝ անվճար համկարգում սովորող ուսանողները չեն ստանում կրթաթոշակ, որովհետև Ժաննա Անդրեասյանն ասաց՝ այդ 5000 դրամը, միևնույն է, իրենց կյանքում ոչինչ չի փոխելու, հետևաբար՝ այն ընդհանրապես չեն տա։
  • Ուսանողներին հնարավոր չէ ճնշել։ Ցավոք, ակադեմիական հանրույթն ու ուսանողությունը չեն արձագանքում երկրում տեղի ունեցողին։ Երբ ասում են՝ ինչպե՞ս կարող են բուհը փակել, այդ հարցն ինձ համար զարմանալի է։ Այսինքն՝ Արցախը հանձնել կարող էին, բուհը փակել՝ ո՞չ։ Ինչի՞ վրա ենք էլ զարմանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս