Հայաստանում տարածված են հեպատիտ B-ն, C-ն, ՄԻԱՎ-ը․ պատճառներից մեկը մատնահարդարումն է․ Պոդոլոգ

Եղունգների տարածված վարակներից է սնկախտը։ Այն սկսվում է որպես սպիտակ կամ դեղնադարչնագույն բիծ՝ տեղակայված ձեռքի կամ ոտքի մատի եղունգի ծայրի տակ: Երբ վարակը խորանում է, եղունգը կարող է գունաթափվել, փշրվել: Մաշկաբան, պոդոլոգ Անուշ Գոմցյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է խնդրի առաջացման պատճառների, բուժման եղանակների մասին։

Ի՞նչ է եղունգների սնկախտը։

– Սնկերն ինֆեկցիոն հիվանդությունների շարքից են, ախտահարում են մաշկը, և եթե ախտաբանական են, ապա առաջացնում են հիվանդություններ, ախտահարում են մաշկը, եղունգները, մազերը։ Եթե ախտահարում են եղունգները, ապա սկսվում է օնիխոմիկոզ հիվանդությունը, որը վարակիչ է, տարածվում է։ Այն ինքնուրույն չի անցնում։

Կարդացեք նաև

Ոտքերի եղունգների դեպքում ավելի հաճախ է առաջանում սնկախտ, քանի որ կան նպաստավոր պայմաններ․ դրանք են՝ փակ կոշիկը, ինչ-որ մեկի հողաթափը հագնելը, լողավազանը և այլն։

Եթե վարակը սկսվեց մի եղունգում, տարածվո՞ւմ է։

– Տարածվում է։ Մարդ կա՝ մի քանի տարի ունենում է սնկային հիվանդություն մեկ եղունգի հատվածում, բայց եթե անընդհատ մշակում է, խաղում է այդ եղունգի հետ, կարող է տարածվել։ Կա ստատիստիկա․ եթե ախտահարված են երկու ոտքի եղունգները, ապա դոմինանտ ձեռքը ևս ախտահարված է։ Հիմնականում մաշկն է ախտահարվում, հետո նոր՝ եղունգները։

Ինչպե՞ս մարդը հասկանա, որ իր մոտ զարգանում է սնկային հիվանդություն, որևէ ձևով արտահայտվո՞ւմ է։

– Արտաքինից տեսնում ենք կլինիկական դրսևորումները․ երբ կա եղունգի գույնի փոփոխություն՝ դեղնավուն, կանաչավուն երանգ, սկսում է եղունգը հաստանալ, միաժամանակ դառնում է շատ փխրուն, բայց դժվար կտրվող։ Ոտքերի սնկախտի դեպքում հնարավոր է թեփոտվածություն, մատների արանքում կարծես ծալքավոր, մաշկի հավելյալ կուտակումներ լինեն, կարող է նաև մատների արանքում քոր լինել։

– Հակասնկային քսուքները կօգնե՞ն, եթե առանց բժշկի այցելելու օգտագործեն։

– Իրականում գնում են դեղատներ, վերցնում հակասնկային կաթիլներ, 2-3 օր օգտագործում են, չի օգնում, հիասթափվում, բացասաբար են տրամադրվում հիվանդության հանդեպ, ասում են՝ չի օգնում, ու մոռանում են հիվանդության մասին։ Մեկ դեղով կամ մի քանի օր հակասնկային կաթիլներ օգտագործելով՝ եղունգի սնկախտը չի բուժվում։ Նախ բժիշկը պետք է ասի՝ ունե՞ք սունկ, թե՞ չէ, որովհետև կան բազում հիվանդություններ, որոնց դեպքում փոփոխությունները նման են։ Կարող է լինել բակտերիալ ախտահարում, հիվանդություններ, որոնք նպաստում են, որ եղունգի գույնը, ձևը փոփոխվի։ Կան տրավմաներ, օրինակ, գելլաքի դեպքում առաջանում է քիմիական այրվածք և գույնը փոփոխվում է։ Մարդը մտածում է՝ սնկախտ է, ու սկսում է հակասնկային կաթիլ օգտագործել, ինչը սխալ է։

Հակասնկային դեղորայքն ունի՞ կողմնակի էֆեկտ, այլ օրգանների կարո՞ղ է վնասել։

– Կախված է նրանից, թե ի՞նչ տարբերակով են օգտագործում։ Բերանացի օգտագործվող դեղորայքը միանշանակ ունի։ Պետք է օգտագործել միայն բժշկի խորհրդով։

– Հիվանդությունը բուժելու համար տնային պայմաններում օգտագործում են թեյի ծառի յուղ, ալոէ, սոդա…

Կան միջոցներ, որոնք ունեն թույլ հակասնկային ազդեցություն, բայց չունեն բուժիչ ազդեցություն, այլապես դեղ կհամարվեին ու ազատ չէին վաճառվի։ Պրոֆիլակտիկ նպատակով կարելի է օգտագործել։

Հայաստանում ամեն ինչ փորձում են․ հարևաններին ի՞նչն է օգնել, ի՞նչը չի օգնել, ու գալիս են շատ վատ վիճակում՝ 25 տարվա խնդրով, ասելով, թե՝ բուժեք մեկ օրում։

– Ավելի շատ ինչի՞ց կամ որտեղի՞ց են վարակվում։

– Հաճախ երևի ուրիշի հողաթափեր հագնելուց, լողավազան, մարզասրահ գնալուց, որտեղ ոտաբոբիկ են։ Թեկուզև կոշիկ փորձելուց կարող է խնդիր առաջանալ։ Բայց մենակ ինչ-որ մեկի հողաթափ հագնելուց սունկը չի սկսի զարգանալ, որովհետև պետք են որոշակի պայմաններ, ռիսկի գործոններ, որոնք նպաստելու են, որ շուտ զարգանա․ դրանք են՝ շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի որոշակի խնդիրները, վարիկոզը։

Խանութում տասնյակ մարդիկ կոշիկ են փորձում, վարակվելուց խուսափել հնարավո՞ր է։

– Որոշ խանութներում տալիս են մեկանգամյա օգտագործման գուլպաներ։ Կան ախտահանող միջոցներ, որոնք կարելի է կիրառել, եթե որևէ կոշիկ եք գնել։ Մեզ մոտ չկա կուլտուրան, որ չի կարելի հյուրին տան հողաթափերն առաջարկել, դա հիգիենիկ չէ։ Եթե մարդը ոտաբոբիկ է՝ գուլպայով կարող է ման գալ, կամ սեփական կոշիկներով։ Առողջարար է, եթե քայլեք ձեր տանը, որն ինքներդ եք մաքրել։ Սա լավ է ոտնաթաթի կամարները ձևավորելու, հարթաթաթությունից խուսափելու համար։ Մարզասրահներում խստիվ արգելվում է ոտաբոբիկ քայլելը, քանի որ շատ ինֆեկցիաներ կան։ Պարբերաբար կարող են ծովի աղով կամ սոդայաջրի մեջ ոտքերը դնել, որը թեթևակի հակասնկային ազդեցություն կունենա։

Եթե ոտքերը հաճախ են քրտնում, կարո՞ղ է սնկային հիվանդություն զարգանալ։

– Այո։ Ավելանում է խոնավության ֆակտորը ու ռիսկը բարձրանում է։

Սնկի պես աճում են գեղեցկության սրահները։ Վնասակա՞ր են ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լույսերը։

– Ոչ, նույնիսկ որոշակի հակասնկային էֆեկտ ունեն։ Բայց մեծ բաց ունենք՝ չի հսկվում մատնահարդարման ոլորտը։ Մատնահարդարող անձը տեղյակ էլ չէ, թե ինչպես պետք է ախտահանել գործիքները։ Շատ բուժառուներ ասում են, որ գնացել են մատնահարդարի մոտ, ամեն ինչ լավ էր, սակայն դրանից հետո եղունգների ախտահարում սկսվեց։ Մարդիկ ոչ միայն սնկային հիվանդությամբ են վարակվում, այլև մեծ խնդիր ունենք հեպատիտ B-ի, C-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի փոխանցման առումով։ Եթե հեպատիտ B-ով վարակվածի արյան մի փոքրիկ կաթիլը հայտնվեց գործիքի վրա, կարող է պահպանվել 6 ամիս։ Դրա համար առնվազն 45 րոպե պետք է ախտահանել գործիքը։ Պետք է պահանջել, որ ցույց տան, թե ինչպե՞ս են կատարում ախտահանումը, ինչպիսի՞ նյութեր, սարք է օգտագործվում։

Պատկերացնո՞ւմ եք՝ հաճախորդն ինչ-որ բան պահանջի, ու այդ պահին գեղեցկության սրահի տնօրենի կամ աշխատակցի դեմքի արտահայտությունն ու վերաբերմունքը ինչպիսին կլինի։

– Ցավոք, մեզ մոտ այդ կուլտուրան չկա։ Փակ շղթա է ստեղծվում, ու սնկերը, բակտերիաները տարածվում են։ Հենց մատնահարդարման արդյունքում շատ են հեպատիտ B-ի, C-ի վարակները։

Շիլլաքը վնասո՞ւմ է եղունգը։

– Արդյունքը շատ գեղեցիկ է, սակայն ի՞նչ է կատարվում եղունգի տակ։ Արտաքին մակերեսը տաշվում է, կատարվում է լաքապատում, որոշակի քիմիական նյութեր ներթափանցում են օրգանիզմ։ Դրանք անհայտ ծագման նյութեր են՝ հիմնականում Չինաստանից։ Չգիտես՝ ի՞նչ նյութեր են, բայց հոտից էլ զգացվում է, որ մի բան այն չէ։ Կարող է օգտագործվող նյութերի հետևանքով քիմիական այրվածք առաջանալ, բակտերիալ ինֆեկցիոն պրոցես սկսվել։

Նշեմ, որ գելլաքը չի կարելի երկար թողնել ոտքերի եղունգներին, հատկապես, եթե փակ կոշիկ են կրում, լաքապատված եղունգներ չպետք է լինեն։ Նախ՝ եղունգները բարակում են, դառնում թղթի նման, որ վախենում ես դիպչել։ Մասնագետը, հետապնդելով իր շահը, լռում է։ Բայց եղունգի հատվածում ևս կարող է լինել մելանոմա։ Եթե ունեք եղունգի ամբողջ ուղղությամբ գնացող սև, շագանակագույն գծավորում, որը համասեռ չէ, դա կարող է նաև մելանոմայի հետևանք լինել։ Հաճախ նպաստող գործոնը ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպն է։ Չպետք է մոռանանք, որ մուգ շագանակագույն երանգ լինում է նաև հարվածի դեպքում։

Կարևոր է, երբ մատնահարդարը տեսնում է եղունգի փոփոխություն՝ մարդուն ուղարկի բժշկի, ոչ թե փորձի «տակից դուրս գալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս