«Խաննա» վեպի հակառակ կողմը
2020 թվականին լույս տեսավ Աննա Դավթյանի «Խաննա» վեպը: Վեպը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն ստեղծագործողներին և հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Վեպը բարձր գնահատականի է արժանացել ժամանակակից մի շարք հայ գրողների, գրականագետների, ինչպես նաև ընթերցողների կողմից: Հեղինակն ինքը ևս վեպը համարել է իր լավագույն և ուշագրավ ստեղծագործությունը: (Տե՛ս Աննա Դավթյան – Վիքիպեդիա (wikipedia.org)): Վեպին բարձր գնահատական է տվել նաև սփյուռքահայ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանյանը: Նշանյանը վեպի մասին իր կարծիքը հայտնել է հեղինակին՝ նամակի տեսքով, որը հանրայնացվել է: (Տե՛ս՝ Տեքստ՝ առանց ուղեկցող տեքստի․ լույս է տեսել Աննա Դավթյանի «Խաննա» վեպը (hetq.am)):
Վեպը մի կնոջ անձնական պատմություն է, որը մասամբ ծավալվում է նաև անձնականի սահմաններից դուրս, սակայն ամբողջությամբ պտտվում է կնոջ անձնականի տարածքում: Իր հարցազրույցներից մեկում հեղինակը վեպի գլխավոր կերպարի մասին նշում է. «….Ինքը ոչ թե դեմ ա գնում, որ դեմ գնա: Դա չի նպատակը: Ուղղակի իրա կյանք մտնում են բաներ, որոնք քանդում են նախ իրա կյանքի սահմանները, և դրանց տուրք տալով` ինքը քանդում ա հասարակության սահմաններ»: (Տե՛ս՝ Ինչու՞ «Խ» և այլ Խնդիրներ. Աննա Դավթյանի «Խաննա»-ի երկԽոսային գրաԽոսական – EVN Report):
Տպավորություն է ստեղծվում, որ նմանատիպ վեպի ստեղծման հիմքում ինչ-որ սկանդալային թեմայով ստեղծագործություն գրելն է: Վեպի գլխավոր կերպար Խաննան կին է, ով ամուսնացած է, չունի երեխա: Ամուսնու և իր միջև գրեթե չկան սիրային հարաբերություններ, ինչի մասին հստակ ընդգծվում է վեպում: (Տե՛ս՝ Աննա Դավթյան, «Խաննա», Մետրո հրատ., Երևան, 2020, էջ 18, 29, 44, 58, 167): Խաննան իր կյանքում ունի մեկ այլ տղամարդ, ում հետ հիմնականում զբաղվում է սեռական հարաբերությամբ, բացի այդ, սիրահարված է իր քեռու տղային՝ եղբորը: Ի վերջո, վեպում գլխավոր կերպարի ձգտումներից մեկը, եթե ոչ իհարկե գլխավոր ձգտումը, քեռու տղայի հետ սիրային, սեռական հարաբերություն ունենալն է: Խաննան հասնում է իր նպատակին: Վեպի վերջում նրան գրավում է նաև կնոջ հետ մարմնական հարաբերությունը: Նա պարբերաբար տեսնում է երազներ, որոնցում հաճախակի կա՛մ զբաղվում է սեռական հարաբերությամբ, կա՛մ ցանկանում է զբաղվել սեռական հարաբերությամբ: Խաննայի հոգում, սրտում և մտքում ամեն բան գրեթե պտտվում է բացառապես անձնական սեռական անառողջ և առողջ աշխարհի շուրջ:
Ընթերցողի համար գուցե տպավորություն ստեղծվի, թե կնոջ «ազատականացման» ցանկության հիմքում հոգեբանական խնդիրներն են և ծանր կյանքը, սակայն դա վեպում դրված ոչ համոզիչ պատճառ է, որը հիմնավորելու համար կբերենք օրինակներ: Վեպում առկա է գյուղ-քաղաք մաթևոսյանական գեղարվեստական-գաղափարական մոդելի կիրառություն: Հեղինակն ինքը կարծես թե միտում ունի հաղթահարելու Հրանտ Մաթևոսյանին, ինչի մասին բարձրաձայնում է նաև իր հարցազրույցներից մեկում: (Տե՛ս՝ Ա-երով զրույց․ Աննա Դավթյան (youtube.com)): Գործողությունները հիմնականում տեղի են ունենում քաղաքում և գյուղում, իսկ ժամանակաշրջանը անընդհատ պտտվում է անցյալի և ներկայի միջև: Անցյալին ու իրականությանը պարբերաբար փոխարինում է երազը: Եթե փորձենք վեպից դուրս թողնել սեռական քիչ առողջ և անառողջ սյուժետային, գաղափարական գծերը, պատկերները, ապա վեպի գաղափարական համակարգը կփլուզվի: Քանի որ գլխավոր կերպարի և հասարակության «սահմանները փլվում են» հենց այդ կետերում: Գլխավոր կերպարի աշխարհը պտտվում է այդ հարցերի շուրջ, և ներկայացվում են խնդիրներ, որոնցով փորձ է կատարվում գլխավոր կերպարի սեռական, մարդկային չարության, մարդկային անառողջ, անբարո դրսևորումները դարձնել տրամաբանական: Վեպում ինչ-որ պահի պատմվում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին: (Տե՛ս՝ Աննա Դավթյան, «Խաննա», էջ 147-148):
Սյուժետային ընթացքից ակնհայտ կտրված այս հատվածում գլխավոր կերպարը՝ Խաննան, հանկարծ բացասական է տրամադրվում, խորը ցավ է ապրում, երբ իմանում է, որ իր քեռու տղան՝ Աքսելը, ապրիլյան պատերազմի ժամանակ սպանել է ադրբեջանցի զինվորների. «Գեներալի պատմությունը չի, որ հուզել է նրան, այլ չի կարող ընդունել այն բառերը, որ Աքսելն ի վերջո սպանել է, որ ստիպված է եղել սպանել, որ ապրելու է այդ բեռով, որ ինքը չի կարողանալու այլևս նայել նրան այնպես, ինչպես առաջ էր նայում»: (Նույն տեղում՝ էջ 148): Թշնամու նկատմամբ մարդասիրական նկրտումներ ունեցող կերպարի այս վարքագիծը հեղինակը թեև փորձում է քողարկել հետագա էջերում, երբ նշում է, որ չի կարող հանդուրժել նաև եղբոր կողմից կենդանի մորթելը (Նույն տեղում՝ էջ՝ 150): Ադրբեջանցիների նկատմամբ Խաննայի համակրության մեկ հատված ևս կա վեպում: Այդ մասին խոսվում է Խաննայի Գերմանիա ճանապարհորդության հատվածում: Գերմանիայում նա հանդիպում է տարբեր երկրների ներկայացուցիչների, սակայն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում ադրբեջանցի Օրխանի նկատմամբ: (Նույն տեղում՝ էջ 161-165). «Խաննան առանձնահատուկ ուշադիր էր Ադրբեջանից եկած Օրխանի հանդեպ, որը բարակ, կարճ տղա էր, հետն էլ տաք շոր չէր բերել: ……Երբ հասցնում էին որևէ տեղ հացի նստել, Խաննան աչքի պոչով հետևում էր՝ Օրխանը կերա՞վ արդյոք, թե՞ սոված մնաց:….Մոր հոգատարություն էր ձեռք բերել երկու օրվա ընթացքում, որը կապված էր Օրխանի փոքր ու փխրուն անձի հետ, ու Օրխանն հենց աչքին էր ընկնում, ձեռքերով հարցնում էր՝ հաց կերե՞լ ես»: (Նույն տեղում՝ էջ 162):
Հարկ է նշել, որ այստեղ ևս հեղինակը շտապում է արդարացնել Խաննայի կողմից Օրխանի նկատմամբ զգացմունքն ու մայրական հոգատարության մղումը՝ ընդգծելով, որ այս ամենը բացառապես ՀԿ-ական մտայնությունների հետ կապ չունի: (Նույն տեղում՝ էջ 162): Եղբայրը՝ Աքսելը, դառնում է անընդունելի, քանի որ հայրենիքը պաշտպանելիս թշնամու է սպանել, իսկ ահա թշնամի երկրի ներկայացուցչի՝ Օրխանի նկատմամբ առաջանում է մոր հոգատարություն: Թերևս Խաննայի մայրական մեծ սրտի դրսևորումն ադրբեջանցու նկատմամբ ընթերցողի և քննադատի համար հավաստի կլինեին, եթե վեպում չլիներ նաև սեփական պտղի ոչնչացման դրվագը, որտեղ սեփական երեխայի, պտղի նկատմամբ բացակայում է այն տրամաբանական մայրական բնազդը, որը սակայն դրսևորվում է երկու օրվա ծանոթի հանդեպ: Դա լավագույն կերպով երևում է պտղի վիժման դրվագում.
«Հերթական անգամ սողաց զուգարան, չռռացող արյան մեջ տեսավ զուգարանակոնքի մեջ ընկնող սաղմը, կարծես զանազանեց անգամ մեծ գլուխն ու պոչը մարմինը: Այդպես թվաց: Ոչ մի ափսոսանք, ոչ մի մեղքի զգացում, ոչ մի կորստի ցավ»: (Նույն տեղում՝ էջ՝ 245): Խաննայի մոտ սեփական պտղի նկատմամբ զրոյացած մայրական բնազդից բացի, չարություն կա նաև այլ մայրերի նկատմամբ ևս. «Առավոտյան Էրեբունիում միայնակ նստեց հղիների հերթում, որ ճառագում էին խանդավառությունից ու, ամուսինների վրա ճկռած, քարշ էին տալիս հսկայական փորերը: Երանության այդ մարաթոնը, որ ծաղր էր իր զզվանքին, սկսվում էր միջանցքի մի ծայրից ու հասնում մինչև բժշկի սենյակը: Իրեն կով էր զգում: Ներսից բառաչում էր: Ուզում էր դաշույնով թափել այդ լցված փորերը, որ պարտություն էին»: (Նույն տեղում՝ էջ 242): Խաննայի մոտ մարդասիրությունն արթնանում է եղբոր կողմից պատերազմի ժամանակ թշնամու սպանության մասին պատմությունը լսելիս, սակայն զուգահեռաբար վերանում է հիվանդանոցում մայրանալու փաստից երջանկացած հղիներ տեսնելիս: Խաննայի մոտ մայրական բնազդն առաջանում է ադրբեջանցի Օրխանի մասին հոգ տանելիս, և վերանում իր իսկ գրեթե ձևավորված պտղին զուգարանակոնքում տեսնելիս: Հարց է ծագում․ Սա գլխավոր կերպարի հոգեբանական անհամաձայնությո՞ւնն է, թե՞ անձամբ հեղինակի գաղափարական համոզմունքները: Բոլոր դեպքերում էլ Խաննան՝ ըստ հեղինակի, «կոտրում է իր և հասարակության սահմանները»: Նմանատիպ հատվածներ շատ կան վեպում, մենք սահմանափակվենք այս 1-2 օրինակներով: Վեպի լեզուն ժամանակակից փողոցային, ցածրակարգ խոսակցական լեզուն է, որը «համեմված է» հայհոյախոսություններով և օտարաբանություններով:
Հարկ է նշել, որ վեպում սեռական տեսարանների նկարագրությունները չունեն գեղագիտական արժեք: Այստեղ կարելի է ընդգծել հատկապես Զորայր Խալափյանի «Մեռնող հառնող» ստեղծագործությունը, որում կան սեռական տեսարանների նկարագրություններ, սակայն հեղինակը կարողանում է դրանք ներկայացնել այնպես, որ կարդալով՝ ընթերցողը զգում է թե՛ լեզվական, և թե՛ գեղարվեստական պատկերի կերտման գեղագիտությունը: Գրական արևելահայերենը տալիս է այդպես գրելու բոլոր հնարավորությունները: Թերևս վեպի դրական միակ կողմերից է հեղինակի նկարագրական որոշակի վարպետությունը, պատկերները նկարագրվում են տեսախցիկի պատկերային տեսողության մոդելով, ինչը փաստում է հեղինակի լուսանկարչության հանդեպ սիրո մասին: Նմանատիպ մոդել կիրառել է նաև Զորայր Խալափյանն իր վերոնշյալ ստեղծագործությունում:
Օգտագործված է նաև Ալեն Ռոբ Գրիեյի նոր վեպի մոդելը: (Տե՛ս՝ Ալեն Ռոբ Գրիե, «Խանդը», Երևան «Ակտուալ ա», 2014): Վեպի գրախոսության վերջում հարկ ենք համարում անդրադառնալ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանյանին, ում՝ վեպի մասին խանդավառված դրական կարծիքը հեղինակը շատ է սիրում մեջբերել հարցազրույցներում, որով փորձ է կատարում գուցե ընդգծել, որ «Եթե Մարկ Նշանյանը խանդավառված է վեպով, ուրեմն ես լավ վեպ եմ գրել»: Մարկ Նշանյանն իր նամակում առանձնացնում է վեպի մի շարք իր համար կարևոր դրույթներ:
Նա Աննա Դավթյանին համարում է արևելահայ գրական իրականության մեջ առաջին կին վիպագիր: Սակայն վեպ գրել դեռ չի նշանակում՝ ստեղծել արժեքավոր գրականություն: Այս վեպն ունի չափազանց ցածր և գաղափարապես վտանգավոր, անառողջ գեղարվեստական պատկերում: Վեպի ժանրի օգտագործումը ևս բացառիկ չի դարձնում Աննա Դավթյանին:
Զուգահեռաբար հարկ է նշել մեր ժամանակներում ապրող կին գրողների անուններ, որոնք կիրառել են վեպի ժանրային բոլոր առանձնահատկությունները և ստեղծել գործեր, որոնք անկասկած մեծ գրական արժեք ունեն և համեմատելի չեն Աննա Դավթյանի վեպի հետ (Սուսաննա Հարությունյան, «Անհաշտ վեպեր», Երևան, 2018, Դիանա Համբարձումյան, «Աստծո բնակեցրած երկրում», Երևան, 2010, Նարինե Կռոյան, «Դանիելի գիրքը», Երևան, 2018): Իսկ եթե խոսքը վեպի վերստեղծման մասին է, Զորայր Խալափյանը («Մեռնող հառնող», Երևան, 1975) և Ռուբեն Հովսեփյանը («Ծիրանի ծառերի տակ», Երևան, 2006) ստեղծեցին վեպի յուրահատուկ նոր մոդելներ:
Պարո՛ն Նշանյան, Աննա Դավթյանի վեպի Ձեր չհասկացած բառերը Հայաստանի հայերենը չէ, դա Հայաստանի փողոցային, ցածրակարգ խոսակցական լեզուն է՝ «համեմված» թուրքերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներից ձևափոխված փոխառություններով, իսկ բարբառային բառերի համար մենք ունենք ստեղծված բարբառային բառարաններ: Խիզախորեն գրել ինչ-որ բանի մասին՝ չի երաշխավորում, որ դա արդեն իսկ լավ գրականություն է: Մեր օրերի Հայաստանում մարդիկ ազատ գրում են այն, ինչ ցանկանում են: Հետևաբար՝ սա խիզախություն չէ, իսկ մերկապարանոց խիզախությունը բարձրարժեք գրականություն չէ:
Հայաստանում ապրող հայ կնոջ ցավը բնավ սա չէ. Հեղինակը ընտանեկան անառողջ հարաբերությունները, արտաամուսնական կապը, սեռական կապը եղբոր հետ՝ տատիկի թաղման օրը, սեռական կապը մերկապարուհու հետ, սեռական ցանկություններով ողողված երազները, սեփական պտուղը կորցնելու հանդեպ անտարբերությունը, հղիներին սպանելու ցանկությունը, թշնամու նկատմամբ սերն ու մայրական բնազդը փորձում է պատճառաբանել մարդկանց, ազգի, ժամանակաշրջանի մեղավորությամբ։ Եթե ցանկանում եք իմանալ, թե որն էր նախքան 2020 թվականի և մեր օրերի Հայաստանում ապրող հայ կնոջ ցավը, երբ գաք Հայաստան, կապ հաստատեք ինձ հետ, և ես Ձեզ ցույց կտամ տարբեր տարիների պատերազմներում որդուն, ամուսնուն, եղբորը և նրանց գերեզմանը կորցրած կնոջը, սահմանում ապրող կնոջը, սեփական որդու մասունքները չգտած և համացանցում իր որդու խոշտանգման կադրերը ամեն օր տեսնող կնոջը, հիսուն տարեկանում ծննդաբերող և իր նորածին զավակին զոհված որդու անունը դնող կնոջը:
Նրանք կան, նրանք ցավալիորեն շատացել են, շատանում են, սակայն այդ ամենի հետ մեկտեղ՝ չեն կորցնում իրենց մարդկային, կանացի, բարոյական և բնական տեսակը: Նրանց բոլորի սահմանները քանդվել և քանդվում են ամեն օր: Հենց Հայաստանում ապրող այդ հայ կանանց մոտ է գտնվում՝ ինչպես Դուք եք գրել՝ «Կիներուն ցաւը, խօսքը, ներկայութիւնը, ուժը, նրբութիւնը»:
Գրախոս՝ Արա Զարգարյան