
Կատարի բանակցողների հետ հանդիպելուց հետո Թրամփը չի հավատում Գազայի մասնակի համաձայնագրին

Կատարում հուլիսին բանակցություններին մասնակցած խմբի հետ հանդիպելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլևս չի հավատում Գազայի հատվածի վերաբերյալ մասնակի համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN-ին։
Հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի մասին ՀԱՄԱՍ-ի պատասխանը ստանալուց հետո հուլիսին Միացյալ Նահանգները և Իսրայելը հետ կանչեցին իրենց պատվիրակությունները Դոհայից, որտեղ տեղի էր ունենում Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցությունների փուլը։ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի պատասխանը չի վկայում կիսաէքսկլավում հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու ցանկության մասին։ ՀԱՄԱՍ-ը, ընդգծելով բոլոր խոչընդոտները հաղթահարելու իր ցանկությունը, միաժամանակ հայտարարել է, որ զարմացած է շարժման դիրքորոշման կապակցությամբ ամերիկացի բանագնացի բացասական հայտարարություններից։ Եգիպտոսը և Կատարը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլում որոշակի առաջընթաց է գրանցվել։
«Կատարում հուլիսին բանակցությունների վերջին փուլի ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից խոչընդոտներ ստեղծելուց հետո Թրամփը գործընթացի նկատմամբ կորցրել է համբերությունն ու վստահությունը և չի հավատում, որ ՀԱՄԱՍ-ը իսկապես համաձայնագիր է ցանկանում», – CNN-ին ասել է Իսրայելի բարձրաստիճան աղբյուրը։
Իսրայելական Ynet պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, օգոստոսի 14-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է համապարփակ համաձայնագրի՝ ակնկալելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։ Ynet-ը պնդում է՝ երկու երկրների իշխանությունները եզրակացրել են, որ մասնակի համաձայնագիրն այլևս կենսունակ չէ, և սեղանին մնացած միակ տարբերակը համապարփակ համաձայնագիրն է։
Հուլիսի վերջին Համասը հայտարարեց, որ պատրաստ է վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները, եթե Գազայում մարդասիրական ճգնաժամին ու սովին վերջ դրվի։