
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հանդիպել է Պուտինի հետ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քուրթուլմուշն ընդգծել է, որ Ռուսաստանում ունեցած իր բոլոր հանդիպումների ժամանակ շեշտվել է երկու երկրների լավ համագործակցությունն առևտրի, էներգետիկայի, ռազմարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում։
Թուրքական պետության օրենսդիրի ղեկավարը նշել է, որ ՌԴ-ն և Թուրքիան գլոբալ խնդիրների հարցում նմանատիպ մոտեցումներ ունեն։ Այս համատեքստում Քուրթուլմուշն նաև ուշադրություն է հրավիրել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ ունեցած ընդհանուր մոտեցումների վրա։
Նա նաև անդրադարձել է երկու երկրներում առկա ընտանեկան արժեքներին և նշել, որ այս հարցում ևս մոտեցումները մոտ են միմյանց։
Անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցներին՝ Քուրթուլմուշը նշել է, որ դրանք երբեք ընդունելի չեն եղել և այժմ էլ ընդունելի չեն Թուրքիայի համար։
«Դրանք ծառայում են միայն էմբարգո սահմանողների նպատակներին և բանտարկում ժողովուրդներին»։
Հանդիպման բաց մասին հաջորդել է լրագրողների համար դռնփակ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը եռօրյա պաշտոնական այցով սեպտեմբերի 23-ին մեկնել էր ՌԴ։