Սահմանադրական դատարանի դատավորների ծանր դիլեման՝ ծառայել Փաշինյանի՞ն, թե՞ պահել Հայաստան պետությունը

Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) մեկնարկում է «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը:

Այդ մասին որոշում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ստորագրել էր այս տարվա սեպտեմբերի 10-ին: Գործով զեկուցողներ են Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործի դատաքննությունն անցկացվում է գրավոր ընթացակարգով, իսկ ըստ ՍԴ կանոնակարգի՝ գրավոր ընթացակարգով գործի դատաքննությունը սկսվում է նիստը նախագահողի կողմից նիստի իրավազորությունը ստուգելով: Եթե նիստն իրավազոր է, ապա Սահմանադրական դատարանն անհապաղ անցնում է դռնփակ խորհրդակցության: Սա նշանակում է՝ Կանոնակարգի սահմանադրականությունը կքննվի առանց լրատվամիջոցների ներկայության, որոնց թիվը քիչ չէր Սահմանադրական դատարանի բակում:

Հենց նրանց հետ զրույցում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշել էր՝ եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, այն անպայման պետք է մտնի ՍԴ:

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը ևս մասնակցում է գործի քննությանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց՝ իր դիրքորոշումը կբարձրաձայնի խորհրդակցական սենյակում, հետո նոր դրանք կկիսի լրագրողների հետ:

Կարդացեք նաև

«Խնդիրներ, իհարկե, տեսնում եմ»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Ավելի ուշ վերջինս 168.am-ին տեղեկացրեց, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բանավոր քննության ժամանակ շատ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալն ավելի արդյունավետ կլինի, Դատարանին առաջարկել է անցնել գործի՝ բանավոր ընթացակարգով քննության, սակայն Դատարանը մերժել է:

Հրայր Թովմասյանն ասաց նաև, որ Դատարանն արդեն իսկ գտնվում է խորհրդակցական սենյակում, իսկ թե որքան կտևի որոշման հրապարակումը, ՍԴ դատավորը չհստակեցրեց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից։ Կառավարությունը սկսել է վավերացման գործընթացը՝ դիմելով ՍԴ։ Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ, մասնավորապես նշվում է, որ հնարավոր է՝ գործընթացը խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո այլ սկզբունքներով ընթանա։

Նշենք, սակայն, որ Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել «խաղաղության պայմանագիր» կնքել՝ հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը:

Կանոնակարգի 7 հոդվածներից 4-րդում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին, կամ, որ կողմերը կարող են դիտարկել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գերեզմանատների, մշակութային և պատմական ժառանգության պահպանության, ինժեներական, էներգետիկ, տրանսպորտային, այլ ենթակառուցվածքների գործունեության ապահովման հարցը։

Ըստ մասնագետների՝ դա նշանակում է, որ հանձնաժողովները կարող են որոշ չափով շեղվել խորհրդային վերջին քարտեզներից ՝ հաշվի առնելով տեղում առկա իրավիճակը։

Թե կողմերը կոնկրետ որ թվականի քարտեզներով են իրականացնելու սահմանազատումը, հրապարակված փաստաթղթում չի նշվում։

Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը, հնարավոր է, հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», – նշված է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 2-ին հրապարակած փաստաթղթում։

Նշենք նաև, որ Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:

Ըստ էության Սահմանադրական դատարանի 9 դատավորների՝ Արման Դիլանյանի, Վահե Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի և Արթուր Վաղարշյանի ուսերին դրվում է պետության լինելիության պատասխանատվությունը:

Հենց նրանց որոշումից է կախված՝ կլինի՞ Հայաստան պետություն, թե՞ Ադրբեջանին թույլ կտան այս անգամ արդեն օրենքով խժռել մեր պետությունը: Վստահաբար նրանք գիտակցում են՝ ինչ դիլեմայի առաջ են կանգնած՝ ծառայել Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ պահել պետությունը. Որոշումն իրենցն է, պատասխանը հայ մարդունը՝ աշխարհի որ ծագում էլ որ գտնվի:

Տեսանյութեր

Լրահոս