ԱՄՆ-ում համաձայնության են եկել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման շուրջ՝ կանխելու հնարավոր շաթդաունը
ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարները հայտարարել են, որ համաձայնության են եկել դաշնային գործակալությունների կարճաժամկետ ֆինանսավորման օրինագծի շուրջ, ինչը կօգնի կանխել կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը՝ շաթդաունը, երբ հոկտեմբերի 1-ին սկսվի նոր ֆինանսական տարին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Կառավարությունը կֆինանսավորվի երեք ամսով, մինչև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո վերջնական որոշումներ կկայացվեն։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, որի առաջարկը կառավարության ֆինանսավորումը վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ ավելի վաղ արգելափակվել էր, նշել է, որ նախագահական ընտրություններից առաջ կառավարության փակումը «անփութություն» կլիներ։
«Թեև սա այն լուծումը չէ, որը մեզանից որևէ մեկը նախընտրում է, բայց դա ներկա հանգամանքներում առաջընթացի ամենախելամիտ ճանապարհն է», – մեջբերել է ABC հեռուստաալիքը կոնգրեսականներին ուղղված Ջոնսոնի նամակից:
Իր հերթին The Hill-ը նշում է, որ առաջարկվող օրինագիծը «Ներկայացուցիչների պալատում և Սենատում երկկուսակցական բանակցությունների արդյունքն է»:
Ակնկալվում է, որ առաջարկվող օրինագծի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում կկայանա սեպտեմբերի 25-ին. դրա հաստատման դեպքում այն կդրվի Սենատի քննարկմանը:Ընթացիկ բյուջեի գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։ Եթե Կոնգրեսը չընդունի այն ժամանակավորապես երկարաձգելու մասին օրինագիծը, ապա կսկսվի շաթդաուն: