Ո՞ր վիրուսներն են հանգեցնում լյարդի քաղցկեղի, ի՞նչ կապ ունեն ալկոհոլը, բորբոսնած սնունդը, գենետիկան
Լյարդը մեր օրգանիզմի ամենամեծ գեղձային օրգանն է։ Լյարդում կարող են զարգանալ քաղցկեղի մի շարք տեսակներ, որոնց մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ընդհանուր վիրաբույժ Ավետիք Պետրոսյանի հետ։
– Ի՞նչ ֆունկցիա է կատարում լյարդը, և ո՞ր դեպքում է զարգանում քաղցկեղ։
– Տարեցտարի լյարդի քաղցկեղի աճ է արձանագրվում։ Լյարդի քաղցկեղ ասելով՝ բժշկական ոլորտում հասկանում են լյարդի բջիջներից առաջացող լյարդաբջջային քաղցկեղը, սակայն հնարավոր է այլ, օրինակ, լեղուղիներից առաջացող քաղցկեղ։ Մեծ խումբ են կազմում նաև այլ օրգաններում առաջացող քաղցկեղները, որոնք տարածվում են դեպի լյարդ՝ մետաստազներ են։
Լյարդն այնպիսի օրգան է, որ ունի մեծ կոմպեսատոր հատկություններ, այսինքն՝ կարող է հիվանդությունը լինի, բայց ախտանշանները ուշ արտահայտվեն։
– Առաջնային քաղցկեղի հանգեցնո՞ւմ է լյարդի ցիռոզը։
– Այն հանդիսանում է նախաքաղցկեղային հիվանդություն, հատկապես, եթե առաջացել է վիրուսային հեպատիտների արդյունքում։ Վիրուսային հեպատիտ B-ն և C-ն հանդիսանում են լյարդի ցիռոզի առաջացման հիմնական պատճառ, և դրա արդյունքում տեղի է ունենում բջիջների չարորակացում և առաջանում է լյարդի քաղցկեղ։ Մյուս՝ ալկոհոլային ցիռոզը, լյարդի ճարպային դիստրոֆիան ևս կարող է հանգեցնել քաղցկեղի։
– Խոսքը բոլոր ալկոհոլային խմիչքների՞ն է վերաբերում, թե՞ միայն օղուն։
– Ալկոհոլային բոլոր խմիչքներն էլ ազդում են լյարդի վրա։ Լյարդի ֆունկցիան այնպիսին է, որ մաքրող դեր է կատարում օրգանիզմում, և ալկոհոլային խմիչքը, կոնսերվանտներով հարուստ սնունդն աղիներից ներծծվում և գնում է դեպի լյարդ, որտեղ կատարվում է այդ նյութերի մարսումն ու ֆիլտրումը։ Ամբողջ ծանրաբեռնվածությունը լյարդն իր վրա է վերցնում, ու արդյունքում՝ տարեցտարի կուտակվում են այդ թունավոր նյութերը, և, եթե խնդիրը միանգամից չի արտահայտվում, հնարավոր է՝ որոշ ժամանակ իրեն զգացնել տա։
– Բորբոսնած հացը կամ սնունդի, օրինակ, տոմատի մածուկի վրայից բորբոսը մաքրելն ու ուտելը և՞ս վնաս է։
– Բորբոսը ենթադրում է սնկերի առկայություն, որն էլ իր հերթին՝ թունավոր նյութ է, որն ավելի վնաս է տալիս լյարդին ու այդ պատճառով բորբոսի մեջ պարունակվող սնկերից առաջացած նյութը հավանաբար ավելի է վնասում լյարդի ֆունկցիան։
– Հայաստանում հիվանդությամբ տառապողների թիվը մե՞ծ է։
– Համաշխարհային վիճակագրությամբ լյարդի քաղցկեղը 6-րդ տեղում է։ Հայաստանում ևս այդ տեմպը պահպանվում է։
– Ո՞ր տարիքից սկսած է արտահայտվում հիվանդությունը։
– 45-ից բարձր, սակայն նրանք, ովքեր ունեն հեպատիտ C, որոշակի աստիճանի ցիռոզ, արդեն պետք է գտնվեն հսկողության ներքո, հետազոտվեն 3-6 ամիսը մեկ՝ հաշվի առնելով այն, որ ամեն պահի կարող է չարորակացում կոչվածն առաջանալ։
– Նախնական ի՞նչ ստուգումներ պետք է կատարեն մարդիկ, եթե նույնիսկ չգիտեն, որ հեպատիտով վարակված են։
– Նախնական ստուգումներն առանձնապես բարդ չեն։ Առաջին և պարզ միջոցը սոնոգրաֆիան է։ Այն լյարդի համար բավական ինֆորմատիվ հետազոտություն է։ Եթե օջախներ են հայտնաբերվում, նոր ավելի խորացնում ենք հետազոտությունները, ԿՏ, ՄՌՏ է արվում և այլն։ Արյան անալիզների միջոցով էլ հանրավոր է պարզել՝ արդյո՞ք հեպատիտ B-ով կամ C-ով վարակված է տվյալ մարդը։
Ապացուցված է, որ հեպատիտ B-ն և C-ն ու նրանց առաջացրած ցիռոզը հանդիսանում են լյարդաբջջային քաղցկեղի առաջացման պատճառ։
– Ուռուցքային բոլոր հիվանդությունների դեպքո՞ւմ է հնարավոր մետաստազների հայտնվելը լյարդում։
– Լյարդն արյուն մատակարարող օրգան է, և ցանկացած օրգանից հնարավոր է այդտեղ մետաստազներ առաջանան։ Հիմնականում, առաջին հերթին՝ որովայնային օրգաններից են տարածվում դեպի լյարդ՝ անատոմիական առանձնահատկությունների հետ կապված։ Սակայն ցանկացած օրգանից հնարավոր է մետաստազների առաջացում։
– Հիվանդությունն ունի՞ ժառանգական բնույթ։
– Իհարկե։ Լյարդաբջջային և ցանկացած քաղցկեղի հիմքում ընկած է ժառանգականությունը, գենետիկան։ Դեռ վերջնական պարզ չէ մեզ համար գենետիկայի դերը, բայց հետազոտություններն առաջ են գնացել, ու ինձ թվում է՝ առաջիկայում կհայտնաբերենք գենետիկ մեխանիզմների խանգարման պատճառը, որն առաջացնում է քաղցկեղներ։ Իմ կարծիքով՝ քաղցկեղի բուժումը թաքնված է գենետիկ մեխանիզմների, դրանց հետազոտման և կանխարգելման մեջ։
Եթե բարեկամների մեջ եղել է քաղցկեղ՝ պետք է ավելի ուշադիր ու զգոն լինել, հաճախ հետազոտվել։
– Բուժումը քանի՞ փուլով և ինչպե՞ս է իրականացվում։
– Լյարդի քաղցկեղի բուժումը բավական բարդ պրոցես է, ներառում է բժշկության մեջ հայտնի բոլոր մեթոդների կիրառումը։ Ամբողջ արսենալն անհրաժեշտ է կիրառել, որպեսզի արդյունքի հասնեն։ Բուժման միջոցներից է վիրահատությունը, ուռուցքների հեռացումը։ Հնարավոր է ուռուցքային օջախների այրումը, որոնք ենթակա չեն հեռացման։ Կիրառվում է նաև ներանոթային բուժում․ հասնում ենք այդ օջախը սնուցող զարկերակին և այդտեղ ներարկվում է դեղորայք կամ ուռուցքի սնուցումն է կտրվում։ Մեծ դեր ունի ներերակային քիմիոթերապիան, որոնք ստանում են հիվանդները։ Բուժման բոլոր միջոցները կիրառելով՝ հնարավոր է հասնել որոշակի արդյունքի, բայց դեռևս արդյունքներն այնքան գոհացուցիչ չեն, ինչքան կուզեինք, որ լինեին։
– Պատճառը ո՞րն է․ կրկին մարդը շարունակում է, օրինակ, ալկոհո՞լ օգտագործել, թե՞ բուժման մեթոդներն են քիչ։
– Ինձ թվում է՝ խնդիրը հայտնաբերելիության մեջ է։ Վաղ հայտնաբերված ուռուցքներն ավելի հեշտ են բուժվում, արդյունքն ավելի լավ է, քան ուշ հայտնաբերված, տարածված, մեծ չափերի հասնող, անոթների, հարակից օրգանների մեջ ներաճած ուռուցքները։
– Ճարպակալված լյարդը չբուժելու դեպքում հանգեցնո՞ւմ է ուռուցքի առաջացման։
– Լյարդի ճարպակալումը համարվում է ուռուցքի առաջացման նախապայման, սակայն միանշանակ ասել, որ հենց ուռուցքի առաջացման պատճառ է հանդիսանում՝ դժվար է։ Ամեն դեպքում, ճարպակալումը լյարդի հիվանդություն է և պահանջում է բուժում, որն այսօր իրականացվում է գաստրոէնտերոլոգների, լյարդաբանների կողմից։ Հայաստանում հիմնականում ուշացած են դիմում բժշկի, որը խնդիր է։
– Ինչպե՞ս մարդը հասկանա, որ ունի լյարդի ուռուցք․ կա՞ն ախտանշաններ։
– Իհարկե, բայց ավելի լավ է տարին մեկ անգամ գնալ, հետազոտվել՝ առանց ախտանշանների։ Հաճախ գանգատներ առաջանում են բարդացած դեպքերում։ Օրինակ՝ լյարդի ֆունկցիայի խանգարման հետ կապված գանգատներ են առաջանում, բերանում դառնություն, թուլություն, քաշի կորուստ, կարող է նկատվել մաշկի կամ աչքերի դեղնություն, մեզի գույնի մգացում, ախորժակի բացակայություն, ջերմության բարձրացում, բութ ցավ՝ որովայնի աջ կողմում։
– Ովքե՞ր են ռիսկի խմբում։
– Վիրուսային հեպատիտ B, C, լյարդի ճարպակալում, շաքարային դիաբետ, ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդներն են ռիսկի խմբում։
– Կանա՞յք, թե՞ տղամարդիկ են ավելի շատ հիվանդությամբ տառապում։
– Տղամարդկանց շրջանում հիվանդությունն ավելի շատ է։ Պատճառները դժվարանում եմ ասել, հավանաբար ալկոհոլի չարաշահումը կամ վիրուսային հեպատիտներն են։