Կենտրոնական բանկն ահազանգում է  

Մինչ Նիկոլ Փաշինյանը, որպես կառավարության մեծագույն ձեռքբերում՝ պարբերաբար հայտարարում է գրանցված աշխատողների թվի ավելացման և հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին, վերջին շրջանում գործազրկությունը Հայաստանում կտրուկ ավելացել է։

Այս տարօրինակությունը փորձել է բացահայտել Կենտրոնական բանկը։

Գործազրկության աճի պայմաններում գրանցված աշխատողների ավելացումը ԿԲ-ն պայմանավորել է ոչ թե նոր ստեղծվող աշխատատեղերով, ինչի մասին պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, այլ աշխատանքի պայմանների խստացմամբ և գործող աշխատատեղերի ֆորմալացմամբ։

Այլ կերպ՝ ստվերից դուրս գալով։

Կարդացեք նաև

Հայտնի է, որ աշխատատեղերի ստեղծումն ու ստվերից դուրս գալը բոլորովին տարբեր բաներ են, չնայած դա չի խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի խեղաթյուրել աշխատաշուկայի իրական դրսևորումները և տարիներ շարունակ եղած, բայց ստվերում գտնվող աշխատատեղերի ստեղծումը վերագրել իրեն։

Կենտրոնական բանկի գնահատումներով, աշխատանքի շուկայի պայմանները Հայաստանում թուլացել են ու վերջին ամիսներին շարունակում են թուլանալ։

Դա արտահայատվել է՝ ինչպես գործազրկության ավելացմամբ,  այնպես էլ՝ մասնավոր հատվածի աշխատավարձերի աճի շարունակական դանդաղումով։

«Ըստ տնային տնտեսությունների աշխատուժի վերաբերյալ 2024թ. առաջին եռամսյակում անցկացված հետազոտության արդյունքների, գործազրկության մակարդակն աճել է՝ կազմելով 15,5 տոկոս։ Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել վերջինից բխող հնարավոր սցենարային հետևանքները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացում և ճշգրտման գործոն, հաշվի առնելով, որ գործազրկության մակարդակի մեծացումը տեղի է ունեցել ոչ թե աշխատուժի առաջարկի էական ավելացման, այլ զբաղվածների նվազման հաշվին։

Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը (ըստ ՊԵԿ-ի տվյալների բազայի) շարունակել է աճել։ Սա կարող է վկայել տնտեսությունում աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին՝ տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների համեմատությամբ։

Այս համետեքստում, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և ֆորմալ զբաղվածության աճ»,- արձանագրել է Կենտրոնական բանկը՝ դրամավարկային քաղաքականության օրերս հրապարակված հաղորդագրության մեջ։

Վերջին ամիսներին մասնավոր հատվածի աշխատավարձերի աճի շարունակական դանդաղումը ևս Կենտրոնական բանկը համարում է տնտեսությունում աշխատանքի շուկայի պայմանների թուլացման կարևոր ազդակ։

Հուլիսին մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը դանդաղել է և կազմել 4,1 տոկոս։

Նվազել է նաև ոչ ռեզիդենտ կամ այլ երկրների քաղաքացիների զբաղվածությունը։

«Նմանատիպ միտումների պահպանումը կամ արագացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ՝է ինչպես տնտեսությունում աշխատուժի առաջարկի, այնպես էլ ներուժային ՀՆԱ վրա»,- ահազանգում է Կենտրոնական բանկը։

Որքան էլ տարօրինակ է, գործազրկությունը Հայաստանում ավելացել է այս տարի արձանագրվող ոչ պակաս բարձր տնտեսական աճերի պայմաններում։ Տնային տնտեսությունների շրջանում անցկացված վերջին հետազոտության արդյունքներով, երկրում ավելի քան 204 հազար աշխատունակ մարդ զրկված է աշխատանքից։

Նախորդ տարի գործազուրկների քանակը անհամեմատ ավելի քիչ էր՝ չէր հասնում 180 հազարի։

Մեկ տարվա ընթացքում գործազուրկների քանակը գրեթե 25 հազարով ավելացել է։

Հայտարարավում է, թե իբր Հայաստանում տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվում, բայց այդ պայմաններում վերջին շրջանում գործազրկության մակարդակը թռիչքային աճել է՝ նախորդ տարվա 13,7-ից հասնելով 15,5 տոկոսի։

Վերջին անգամ սրանից ավելի վատ է եղել 2021թ.։ Այն ժամանակ գործազրկության մակարդակը 16,7 տոկոս էր։

Իրավիճակը փոխվեց անսպասելի ու իշխանությունների կամքից անկախ, այն բանից հետո, երբ մի շարք գործոններով պայմանավորված՝ արտաքին ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա ակտիվացան։ Դա նպաստեց նաև գործազրկության կրճատմանը։ Սակայն, ինչպես վկայում են այս տարվա սկզբի միտումները, այդ ազդեցությունները սկսել են թուլանալ թե՛ ընդհանրապես տնտեսության, և թե՛ աշխատաշուկայի վրա։

Այդ հանգամանքն էլ բերել է գործազրկության ավելացման ու աշխատավարձերի աճի թուլացման։

Աշխատանքի շուկայում տեղի ունեցող այս դրսևորումները լավ նշան չեն, հատկապես, եթե շարունակեն պահպանվել։ Դա բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել, և ոչ ամենևին՝ միայն սոցիալական առումով։ Դրանք պակաս վտանգավոր չեն լինի նաև տնտեսության ու ֆինանսական հատվածի համար։

Իսկ այն, որ գրանցվող աշխատատեղերը Հայաստանում շարունակում են ավելանալ, դա դեռ չի նշանակում, թե այդքան նոր աշխատատեղեր են բացվում՝ նպաստելով մարդկանց եկամուտների ավելացմանը։ Եթե ոչ ամբողջությամբ, ապա դրանց մեծ մասը շարունակում են լինել նախկինից եղած աշխատատեղերը, որոնք ժամանակի ու վարչարարության արդյունքում աստիճանաբար դուրս են գալիս ստվերից։

Արդյունքում՝ ֆորմալ առումով գրանցվող աշխատատեղերը մեր երկրում ավելանում են, բայց դրանից զբաղվածության պատկերը, տեսնում ենք, թե ինչպես է փոխվում։

Ավելին՝ այս տարվա սկզբին գործազրկության մակարդակով Հայաստանը գտնվել է վերջին երեք տարիների ամենավատ վիճակում։ Գործազրկությունը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է, չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է գրանցված աշխատողների թվի ու աշխատատեղերի հազարներով ու տասնյակ-հազարներով ավելացման մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս