Կտեսնեք՝ ՍԴ-ն ինչ է անելու առաջիկայում. ինձ հետ կապված պրոցեսն ի սկզբանե դրա հետ էր կապված. Թովմասյան

«Այս դատաքննության գոնե վերջին հատվածը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ: Այն շտապողականությունը, մյուս բաները, որ ցուցաբերում էր դատարանը, ինձ համար միանշանակ էր միակ ելքը: Բայց ես մինչև վերջ դատարանին հնարավորություն էի տվել իրականում արդարադատություն իրականացնել: Սա, կրկնում եմ, իմ դատավճիռը չէ, սա մեր երկրի արդարադատության հիմքից ևս մեկ քայլ հանելու ճանապարհ էր»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց իր վերաբերյալ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից կայացված մեղադրական դատական ակտից հետո ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, գործող դատավոր Հրայր Թովմասյանը:

Վերջինս պնդեց՝ այս դատարանում արդարադատություն չի իրականացվել:

«Այս դատավորը կեղծ դատավոր էր՝ իր ամբողջ էությամբ: Եվ երբ որ դատավորը նիստում սկսում է քնել, ապա «Մոտավորապես քնած էլ կարող եմ այսպիսի վճիռ կայացնել»: Մոտավորապես կարող ենք այդ պնդումն անել: Անհաղորդ էր ամբողջ պրոցեսին. Իրեն պրոցեսը չէր հետաքրքրում, ինքն ի սկզբանե գիտեր՝ ինչ վճիռ է կայացնելու: Տասնյակ իրավունքների խախտումը, երկար, հիմնավոր ճառերը, ժամը 9:00-ին նիստեր դնելը, առավոտից իրիկուն նիստեր անելը, բոլոր փաստարկները խոսում էին հենց այն մասին, որ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի Սահմանադրական դատարանը: Ուրիշ բանի մասին չէ սա»,- ասաց ՍԴ նախկին նախագահը:

Հարցին՝ ի՞նչ է լինելու, Հրայր Թովմասյանն ասաց՝ առաջիկայում բոլորդ կտեսնեք:

Կարդացեք նաև

«Ես սրա մասին խոսել եմ դեռևս 2020թ.: Առաջիկայում կերևա՝ ինչ է լինելու: Կտեսնեք, թե ՍԴ-ն ինչ է անելու: Ընդհանրապես ինձ հետ կապված ամեն ինչ հենց դրանով է պայմանավորված»,- ասաց նա:

ՍԴ դատավորն ասաց՝ բնականաբար, բողոքարկելու են վճիռը և՛ Վերաքննիչ, և՛ Վճռաբեկ դատարաններում՝ ըստ անհրաժեշտության:

«Մեր մասնակցությամբ տասնյակ միջազգային դատարանների որոշումներին, որոնք ես մատնանշում էի, դատարանն անհաղորդ էր: Դատարանը քնած էր և չէր լսում: Եթե վերջին իրադարձություններին հետևեք, իրականացան հենց «168 ժամի» կանխատեսումները. գործի բաժանումը, այս քննության արագացումը խոսում են միայն մի բանի մասին, որ դատավորը չէր որոշում՝ ինչ աներ: Վերջին նիստին 5 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի դատախազը ճշտի՝ էն մյուս նիստին գնո՞ւմ է, թե՞ չէ, և վերադարձավ 35 րոպե հետո: Միանշանակ է ինձ համար, որ բոլոր մնացած նիստերը հետաձգելը, հանրային պաշտպան ներգրավելը խոսում են այն մասին, որ ես իրենց համար թիրախավորված էի»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Վերջինս կրկին պնդեց՝ ինքը որևէ հանցավոր արարք ոչ միայն չի կատարել, այլև  ամբողջ դատավարության ընթացքում իրեն որևէ հանցավոր արարք չի էլ վերագրվել:

«Էն ենթադրությունների, կանացի բամբասանքների, խորոված սարքող Արտաշի, հիվանդ Վոլոդյայի երևակայության արդյունքներով՝ դատարանը որոշեց դրանց վրա հիմնվել: Ինձ համար միանշանակ է՝ մի տարի հետո, 6 ամիս թե 2 կամ 5 տարի հետո այս բովանդակությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունենալու»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս