British Airways-ը մտնում է վրացական ավիաշուկա
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ British Airways-ը վրացական ավիաշուկա կմտնի 2025 թվականից: Ավիաընկերությունը Լոնդոն-Թբիլիսի ուղիղ չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Վրաստանի կառավարության, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարության մի քանի տարվա ակտիվ աշխատանքի արդյունքում 2025 թվականից կսկսվեն ուղիղ չվերթները Մեծ Բրիտանիայից Վրաստան։
Նշենք, որ British Airways-ը շատ լավ կապի մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Լոնդոնի և Թբիլիսիի միջև ուղիղ չվերթների մեկնարկով կբարելավվի կապը ինչպես Բրիտանիայի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ, քանի որ ծրագրված թռիչքների չվացուցակը հարմարեցված է Ամերիկայի տարանցիկ թռիչքներին:
British Airways-ի մուտքը Վրաստան կնպաստի Բրիտանիայից զբոսաշրջային հոսքերի աճին։ Բացի այդ, Բրիտանիան Վրաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, հետևաբար ուղիղ ավիաչվերթների նշանակումը կնպաստի մեր երկրների մերձեցմանը տնտեսության տարբեր ճյուղերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ այս պահին Վրաստանում գործում է ավելի քան 60 ավիաընկերություն, որոնք ավելի քան 100 կանոնավոր չվերթ են իրականացնում աշխարհի ավելի քան 30 երկրով։