Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Երևան, արևմտյան հետախույզների այցերը Բաքու․ ինչից են անհանգստացած Արևմուտքում
Երկօրյա այցով Հայաստանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն: Նախօրեին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի ՀՀ այցի օրակարգը սկսվել է այցով Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապա կրկին նախօրեին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
«Նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում ծրագրի ռազմավարական նշանակությունը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
Այսօր Սեժուրնեն ՀՀ ԱԳՆ-ում՝ առանձնազրույց, ապա՝ ընդլայնված կազմով հանդիպում ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ Կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ ԱԳՆ-ում նախարարները կարճ ասուլիս ունեցան, որի ընթացքում ֆրանսիական կողմը մի շարք ուշագրավ շեշտադրումներ արեց։
Նախարար Սեժուրնեն յուրահատուկ շեշտադրությամբ խոսեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր զգացողությունների, ինչպես նաև հիշողության համար պայքարի մասին մի երկրում, որի իշխանություններն այդ հիշողության մասին վաղուց չեն խոսում, կենտրոնանալով, այսպես կոչված, իրական Հայաստան փաշինյանական կոնցեպտի վրա։
Նա ասաց, որ նախօրեին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և բուռն հույզեր է ապրել։
«Հայոց ցեղասպանությունը մի բան է, որը մեծ դեր է խաղացել մեր երկրների պատմության մեջ»,- նշեց Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, հուշահամալիրի ճանապարհին ինքը հանդիպել է բազմաթիվ ֆրանսիացիների, ինչը երկու ժողովուրդների խորը հարաբերությունների ևս մեկ վկայություն է։ «Երբ պատմական ռևիզիոնիզմն օգտագործվում է պատմական հանցագործություններն արդարացնելու համար, անհրաժեշտ է պայքարել հանուն հիշողության և ընդդեմ ստի»,- ասաց Սեժուրնեն: Որպես ընդհանուր պատմության օրինակ՝ նա բերեց դիմադրության մարտիկներ Միսաք և Մելինե Մանուշյաններին, որոնց աճյունը վերջերս վերաթաղվեց Պանթեոնում:
Նա նշեց, որ Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ և ցանկանում է ճնշել Հայաստանին, իսկ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին մշտապես։ Սեժուրնեն ասաց, որ Ֆրանսիան կողմ է, որպեսզի ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը շուտ ստորագրվի։
Նրա խոսքով, Ադրբեջանը կարող է խաղաղության իր ձգտումը ցույց տալ մինչ COP29-ը, ստորագրելով համաձայնագիրը։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև շարունակեց, որ ՀՀ-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը կշարունակվի հանուն ՀՀ անվտանգության և պաշտպանության։
«Ֆրանսիան ամեն ինչ արել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանան ու խորանան: Օրինակ՝ վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ն ու Հայաստանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկեցին երկխոսությունը: Սա, կարծում եմ՝ կարևոր առաջընթաց է՝ հօգուտ մեր ժողովուրդների մերձեցման»,- նկատեց Սեժուրնեն: Նա նշեց, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին նաև մարդասիրական բնագավառում՝ 29 մլն եվրո տրամադրելով ԼՂ-ից փախստականների աջակցությանը:
Ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը գտնում է, որ Ֆրանսիայի քաղաքականությունը վերջին երկու տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել համաշխարհային քաղաքականության գլոբալ փոփոխությունների ֆոնին։
Ըստ նրա, այդ փոփոխությունները ցայտուն են՝ ինչպես ներեվրոպական քաղաքականության հարցում, այնպես էլ՝ Ուկրաինայի և Հարավային Կովկասի հարցում։ Ուստի, նրա խոսքով, այս այցը, հնչած մեկնաբանությունները չեն զարմացնում։
«Սակայն Երևանում դրանց սկեպտիկորեն պետք է վերաբերվեն՝ հաշվի առնելով Ֆրանսիայի սահմանափակ դիվանագիտական, ինչպես նաև քաղաքական, տնտեսական ռեսուրսները, երբ խոսքը վերաբերում է ՀՀ-ին աջակցելու, գուցե՝ պաշտպանելու մասին։ Այստեղ պոպուլիզմի տարրեր կան, ուստի իրականությունը պետք է տարանջատել հայտարարություններից։ Սակայն ընդհանուր առմամբ Ֆրանսիան դիրքավորվում է՝ որպես հայամետ երկիր, զուգահեռաբար՝ նաև հայաստանյան օրակարգով թիրախավորելով Ռուսաստանին, որ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ՝ Հայաստանում Ռուսաստանը սպառնում է, ճնշում։ Կարծում եմ՝ այցը որոշակիորեն կապ ունի նաև տարածաշրջանային տարանցիկ ճանապարհների հարցով ակտիվ ռեգիոնալ քննարկումների հետ, որոնք ծավալվում են նաև ՌԴ-Իրան-Թուրքիա մասնակցությամբ։ Սա չի կարող Արևմուտքին անտարբեր թողնել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց նա։
Նրա կարծիքով, հետաքրքիր զուգահեռ է նաև այն, որ Բաքուն վերջին օրերի ընթացքում հյուրընկալեց արևմտյան հետախույզների՝ բրիտանական MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրին, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության նախարարության Եվրոպական-եվրասիական հետախուզության կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորին։
«Կարծում եմ՝ այս ամենը սկսվեց ՌԴ նախագահի Բաքու կատարած վերջին այցից հետո, երբ բարձրացավ ՌԴ-ի միջնորդության հնարավորության հարցը հետագա կոնֆիգուրացիաներով։ Ակնհայտորեն Արևմուտքը որևէ պարագայում չի ցանկանում Ռուսաստանին գործընթացին մոտ թողնել, թեև հստակ չէ նույնիսկ այդ հարցը։ Սակայն համաձայնագրի չստորագրման հարցն արդեն ազդանշան է, ամենայն հավանականությամբ, որ գործընթացը կարող է ընթանալ անկանխատեսելի հունով»,- ասաց նա։ Վերջինս ուշադրություն հրավիրեց թե Երևանից հնչող հռետորաբանության փոքր-ինչ մեղմացման, թե Բաքվի քաղաքականության որոշակի փոփոխության վրա։
«ԲՐԻԿՍ-ի առաջիկա հանդիպմանն այս երկրների մասնակցությունը, 3+3-ի ակտիվ քննարկումը, Վրաստանում սպասվող ընտրությունները և հնարավոր ելքերը մտահոգության առարկա են Արևմուտքի համար»,- ասաց նա։