Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ շարունակել զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններով: Երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսության ու առևտրի բնագավառում համագործակցության ծավալների ընդլայնման նպատակով լրացուցիչ համատեղ ջանքերի կարևորությունը։

Նախարարներն անդրադարձել են նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացման պայմանավորվածության կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մասին որոշումը փաստացի կայացվեց ԵՄ խորհրդում Հունգարիայի ընթացիկ նախագահության ժամանակ՝ հույս հայտնելով, որ նախագահության հաջորդ ամիսների ընթացքում ևս հաջողությամբ կընթանան ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ընդլայնման, համապատասխան փաստաթղթի հաստատման ուղղությամբ բանակցությունները:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում հայկական կողմի մոտեցումը, որն արտացոլվել է խաղաղության պայմանագրի կնքման առաջարկում, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը միտված՝ «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգում:

Տեսանյութեր

Լրահոս