Լեզուն զսպողը կյանքն է սիրում
«Խրատներ հայրերից» բաժնի «Լեզվի մասին» ենթաբաժինը միտում ունի մեզ հեռու պահելու լեզվի «հիվանդություններից»՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից, սուտ երդումից, դատարկաբանությունից, ծաղրից, անեծքից, տրտունջից, դժգոհությունից և բամբասանքից, ինչպես նաև միտում ունի բուժելու արդեն «հիվանդությունից» առաջ եկած «վերքերը»:
«Լռությունը ոսկի է», «Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է», «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա». խորիմաստ են հայ ժողովրդի մտածումները այս և շատ ու շատ առածներում:
Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին կարևորում է այն, որ «Որքան լուռ քննես միտքդ, այնքան կպարզես այն», խոսքի մեջ զգուշանալ, քանի որ «Լեզուն հեշտությամբ է սայթաքում և սխալվում», իսկ խոսելուց առաջ «Յոթն անգամ խորհի՛ր, մեկ անգամ խոսի՛ր»:
Թե՛ փիլիսոփաները, թե՛ տարբեր ժողովուրդները և թե՛ եկեղեցու հայրերը իրենց խրատներով, առածներով, ուսուցումներով բազմիցս հորդորում են ուշադիր և զգոն լինել այն ամեն մի խոսքին, որ դուրս է գալիս մեր բերանից:
Ժամանակին անտիկ փիլիսոփայությունը ունեցել է լռակեցության սկզբունքը: Արիստոտելի մոտ մի աշակերտի են բերում, ով մի քանի ժամ խոսում է, հետո հարցնում, թե ինչքա՞ն պետք է վճարի ուսման համար: Փիլիսոփան նրան պատասխանում է, որ ի տարբերություն մյուս ուսանողների կրկնակի, քանի որ ինքը կրկնակի աշխատանք պետք է կատարի, բացի խոսելու արվեստից, նաև լռելու արվեստը պետք է սովորեցնի:
«Ով խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ողջ մարմինը» (Հակոբոս 3.2): Այդ պատճառով էլ Հակոբոս առաքյալը նաև պատվիրում է, որ ամեն մարդ ծանր լինի խոսելու մեջ (Հակոբոս 1.19): Սուրբ Սարգիս Շնորհալի վարդապետը աստվածաշնչյան այս հատվածի հետ կապված մեկնում է. «Սա ասելով՝ չի արգելում խոսելն ընդհանրապես, ինչպես որ երկրում շրջող անբան կենդանիները չեն խոսում, այլ խրատում է ամեն ինչ մտածված խոսել, որովհետև թեկուզ բարի լինեն խոսքերը կամ Աստծո պատվիրանները, նախ մտածի՛ր, ընտրի՛ր տեղը, լսողին պատշաճ ժամանակը և ապա՛ խոսիր: Սա է խոսելու մեջ ծանր լինելը»:
«Լեզուն մի փոքրիկ անդամ է, բայց մեծ-մեծ բաներ է խոսում: Ահա մի փոքր կրակը ինչպիսի՜ անտառներ է հրդեհում: Լեզուն էլ է կրակ, անիրավության մի աշխարհ…» (Հակոբոս 3.2,56):
Մեր լեզուն՝ «այդ փոքրիկ անդամը», գործածելիս մեծ զգուշության ու զգոնության կարիք ունենք: Քանի որ մարդու օրգանիզմի մեծ մասը ջրից է բաղկացած և գիտնականների բացահայտմամբ ջուրը հիշողություն ունի, հիշում է և՛ լավը, և՛ վատը, ուստի խոսքը կարող է և՛ վերքեր բուժել, և՛ վիրավորել, կենդանացնել և սպանել, մարդկանց դեպի առաքինությունները մղել կամ դեպի մեղքը գայթակղեցնել:
Լեզուն ինքնագլուխ՝ առանց հոգուն հնազանդվելու, չի գործում, ինչպես Տեր Հիսուսն է ասում. «Բերանը սրտի լիությունից է խոսում: Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարն է հանում: Ասո՛ւմ եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն դատարկ խոսքի համար պատասխան պիտի տան դատաստանի օրը, որովհետև քո խոսքերո՛վ ես արդարանալու և քո խոսքերո՛վ դատապարտվելու» (Մատթեոս 12.34-37):