
Կառավարությունը դեռ թաքցնելու բան ունի՞․ օգոստոսի 11-ին Արարատ Միրզոյանը կառավարության գրավոր քվեարկությանն է ներկայացրել գաղտնի հարց

Պաշտոնական Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին հանրայնացրին խաղաղության համաձայնագիրը, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել էին արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ։ Ու հետաքրքիր զուգադիպությամբ, հենց օգոստոսի 11-ին կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում հայտնվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ներկայացրած գաղտնի հարցը։
Պարզվում է՝ խաղաղության համաձայնագիրը հանրայնացնելուց հետո էլ իշխանությունները դեռ գաղտնիքներ ունեն «ՀՀ հպարտ քաղաքացիներից», «3 միլիոն վարչապետ»-ներից։
Ի դեպ, երբ օգոստոսի սկզբին հայաստանյան լրատվությունը ոչ պաշտոնական ինֆորմացիոն հոսքերից արդեն տեղեկացել էր Վաշինգտոնում սպասվող հանդիպման մասին, Կառավարության գրավոր քվեարկության հարցերում տեղ էր գտել մի այլ գաղտնի հարց, որն օգոստոսի 5-ին ներկայացրել էր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ Մնացական Սաֆարյանն այն պաշտոնյան է, որը չէր բացառել Սյունիքի ճանապարհի արտապատվիրակումը՝ սկզբունքների պահպանման դեպքում։
Հիշեցնենք նաև՝ ըստ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ «․․․եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտություն չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն»։