Հարց՝ իմանալով Ալիևի ոճը, որը կաշառք տալու որևէ խնդիր չունի և որ նման առաջարկ եղել է նախկինում, արդյո՞ք նման առաջարկներ արվում են այսօր. Արթուր Մարտիրոսյան

Օգոստոսի 31-ին իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով խաղաղության պայմանագրի մասին, ասել էր, որ խաղաղության պայմանագրում կա 17 հոդվածի նախագիծ, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ՝ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից, որի բառապաշարի մեծ մասը համաձայնեցված է։

«Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները և դա ստորագրել՝ որպես խաղաղության պայմանագիր։ Մենք սա հնարավոր ենք համարում, որովհետև այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է։

Այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց խաղաղության պայմանագրի մասին՝ առաջարկելով Ադրբեջանի հետ ստորագրել պայմանագրի արդեն համաձայնեցված տեքստը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ։

Կարդացեք նաև

Այս ամենին զուգահեռ, արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնում են, որ իշխանությունն իրենց թույլ չի տալիս ծանոթանալու խաղաղության պայմանագրի տեքստին, իսկ նախկին տեքստը, որին որոշ ժամանակ առաջ հնարավորություն ունեին ծանոթանալու՝ խիստ վտանգավոր կետեր է պարունակել Հայաստանի համար։ Նրանց բնորոշմամբ՝ այն նոր կապիտուլյացիոն փաստաթուղ է։

Բանակցային մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանի կարծիքով՝ բանակցային գործընթացքում միշտ չէ, որ ամեն ինչ պետք է հանրային քննարկել, բայց երբ ամեն ինչ է գաղտնի, իհարկե, դա արդեն հարցեր է առաջացնում։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, ստացվում է, որ ինքը ժողովրդից բան ունի թաքցնելու։ Ի՞նչ է թաքցնում, գուցե կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինքը չի՞ ցանկանում հանրայնացնել՝ լավ հասկանալով, որ դա կարող է լուրջ բողոք առաջացնել։ Դրա համար ուզում է ժողովրդին փաստի առաջ կանգնեցնել, սակայն ամենակարևոր խնդիրը, որ ինքն ուզում է լուծել՝ ինչ-որ փաստաթուղթ ստանա, որը կկոչվի խաղաղության փաստաթուղթ, և այն կօգտագործի Հայաստանի ներսում քաղաքական խնդիրները լուծելու համար»,168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Շարունակելով միտքը, մեր զրուցակիցն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է այդ փաստաթուղթը, որպեսզի դիմելով ժողովրդին՝ ասի՝ «ժողովուրդ, ես ձեզ խաղաղություն եմ բերել, սա է խաղաղությունը»։ Բայց այս պահին հստակ որևէ մեկը չի կարող պատասխանել՝ փաստաթուղթը խաղաղություն բերելո՞ւ է Հայաստանին, քանի որ որևէ մեկը չգիտի՝ ի՞նչ են պայմանավորվել կամ դեռ ի՞նչ չեն պայմանավորվել։

«Մենք չգիտենք՝ ինչ 3 կետերի մասին է խոսքը, որի վերաբերյալ դեռ համաձայնության չեն եկել։ Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ արտգործնախարարն ակնհայտ ցույց են տալիս, թե որքան են շահագրգռված, որպեսզի մի փաստաթուղթ ստանան։ Բայց խաղաղությունը դա փաստաթուղթ չէ, այլ ընթացք է, վստահություն և հարյուրավոր այլ հանգամանքներ, որոնք ստեղծում են այդ մթնոլորտը երկու կողմի մոտ, այլ ոչ թե՝ մեկ կողմի մոտ։

Կարծում եմ՝ Փաշինյանին ավելի շատ ներսի օգտագործման համար փաստաթուղթ է պետք։ Դա օգտագործելու է արդեն սկսված քարոզարշավում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նա ամենակարևոր թեզը, որն առաջ է մղելու՝ խաղաղությունն է։

Նա համոզված է, որ բնակչության մեծ մասը դա ընդունելու է, որովհետև որքան էլ իրեն չընդունեն, բոլորն էլ ուզում են, որ խաղաղություն լինի։ Սա սեփական խաբեությունն է լինելու, որովհետև խաղաղություն չի լինելու»,- հավելեց կոնֆլիկտաբանը։

Նա նաև նկատեց՝ դժվար է ասել, թե Ադրբեջանը երբ կգնա՞ պատերազմի, բայց մեկ բան հստակ է՝ կգնա այն ժամանակ, երբ Թուրքիան կամ այլ խաղացող որոշեն, որ ժամանակն է խնդրին վերջնական լուծում տալ. խոսքը վերաբերում է «միջանցք» ստանալուն։

Հարցին, թե ի՞նչ է տալու Հայաստանին առանց միջնորդների Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց, որ բանակցությունները փակ են ընթանում, և ժողովրդավար երկրում պատկերացում չունեն, թե ինչի մասին է բանակցում երկրի ղեկավարը։

«Հիշո՞ւմ եք, ժամանակին Լուկաշենկոն «ինֆորմացիոն ռումբ» գցեց դաշտ, որտեղ ասվում էր, թե ժամանակին՝ որպես միջնորդ, քննարկումներին մասնակցել է, և Ալիևի կողմից 5 մլրդ դոլար է առաջարկվել ՀՀ ղեկավարին՝ Արցախի շուրջ տարածքներն ազատելու համար։ Լուկաշենկոն միջնորդ էր, դրա մասին մեզ ասել է։

Հիմա հարց՝ իմանալով Ալիևի ոճը, որը կաշառք տալու որևէ խնդիր չունի, գիտենք եվրոպական բոլոր սկանդալները և որ նման առաջարկ եղել է նախկինում, արդյո՞ք նման առաջարկներ արվում են այսօր։

Չենք կարող պնդել, որ արվում են, նաև չենք կարող պնդել, որ չեն արվում։ Ինչո՞ւ են երկկողմ ամեն ինչ գաղտնի պահում, ինչի՞ մասին են բանակցում։ Իհարկե, փորձում են հանրությանը համոզել, որ ճիշտ ձևը սա է, երբ երկու կողմերն առանց միջնորդների կարող են գալ համաձայնության։ Լինում են դեպքեր, երբ կողմերն առանց միջնորդների կարող են գալ համաձայնության, բայց ցույց են տալիս ընթացքը, թե ինչն ինչի դիմաց են բանակցում։ Իհարկե, չեմ կարող պնդել, բայց հավանականությունը, որ կաշառք կարող է լինել, շատ մեծ է՝ կաշառքը չի կարող լինել զուտ գումարի տեսքով։ Կարող է լինել խոստում էներգետիկայի ոլորտում, ծրագրերում ընդգրկել ընկերություններին և այլն։ Այսինքն՝ երբ չկան միջնորդներ, նման առաջարկներ բանակցություններում անելն ավելի հեշտ է»,- եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս