Այս օրենքի բուն նպատակն ընդդիմադիրներին ճնշելն է, նրանց վերաբերյալ «կոմպրոմատներ» հավաքելը. Փաստաբան

Դեռևս հունիս ամսին ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ Ներքին գործերի նախարարության ներկայացրած՝ 50 քմ-ից մեծ օբյեկտների մուտքերի մոտ և հարակից հատվածներում տեսախցիկներ տեղադրելու մասին առաջարկը։

Ըստ այդմ, օրենքը սահմանում է, որ 50 քմ-ից մեծ օբյեկտների՝ սրճարանների, հյուրանոցների, դեղատների, ռեստորանների, բենզա-գազալցակայանների սեփականատերերը, շահագործողները պետք է տեսախցիկներ տեղադրեն։

Այս խնդրին բազմիցս անդրադարձել է անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ ՆԳՆ-ում բոլոր տեսախցիկները վերահսկելու համար ստեղծվելու է ՊՈԱԿ։

«Մարդիկ պետք է լավ պատկերացնեն, թե պետությունն ինչ վերահսկողական համակարգեր ունի։ Պետությունը միշտ փորձելու է վերահսկել»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ իշխանությունն իր այս քայլով կրկին փորձում է վերահսկողություն սահմանել քաղաքացիների անձնական կյանքի վրա։

«Մարդու անձնական, մասնավոր կյանքի պահպանությունը սահմանադրական արժեք է։ Յուրաքանչյուր դեպքում, երբ պետությունը փորձում է իր նպատակներին հասնել այս իրավունքների խախտման ճանապարհով, պետք է բերվի հիմնավոր պատճառաբանություններ։

Քրեական դատավարության ընթացքում նման միջամտություն թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ։ Հիմա պետությունը զանց է առել այդ հանգամանքը և որոշել է ինքնակամորեն միջամտել անձանց մասնավոր, անձնական կյանքը, այսինքն՝ խախտում է սահմանադրական արժեքը»,- 168.am հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը։

Ըստ նրա, պետությունն իր քաղաքացիների սահմանադրական արժեքը խախտելով, իր քայլը հիմնավորում է նրանով, որ  դրա հիմնական նպատակը հանցագործությունների նախականխումը, կանխումը և բացահայտումն է, և որպես այդպիսին՝ բերվում է Մեծ Բրիտանիայի, մասնավորապես՝ Լոնդոնի փորձը, որտեղ մի քանի տարի է՝ նման տեսախցիկներ տեղադրված են։

«Բայց այստեղ մեր իշխանությունը հաշվի չի առել մեկ շատ կարևոր հանգամանք, որ Մեծ Բրիտանիայում այդ օրենքի ընդունման նպատակը կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է՝ զինված բանդաների, խմբավորումների, որոնք զբաղվում էին պետական միջոցների, ռեսուրսների և պաշտոնյաների ներգրավմամբ հանցագործությունների կատարմամբ։

ՀՀ-ում թեպետ գրանցվել է հանցագործությունների աճ, բաց դրանք էպիզոդիկ, դրվագային հանցագործություններ են, եթե անգամ ծանր հանցագործություններ են։ ՀՀ-ում կազմակերպված հանցավորություն, որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար՝ միջազգային փորձի հիմնավորմամբ օրենքի ընդունումն արդեն իսկ իր ներսում հիմնավորումներ չունի, կիրառելիությունն անհիմն է։

Ի՞նչ է ասում օրենքը. եթե դու միջամտում ես անձի մասնավոր, ընտանեկան կյանքին, պետք է ձեռնարկես հնարավոր բոլոր միջոցները ու չհասնես արդյունքի, միայն դրանից հետո փորձես ոտնահարել այդ իրավունքը»,- հավելեց փաստաբանը։։

Որպես օրինակ մատնանշելով «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքը, փաստաբանն ասաց, որ դրանով նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են հանցագործությունների կանխմանն ու նախականխմանը, որոնք անելուց հետո, եթե հնարավոր չէ հասնել արդյունքի, դրանից հետո միայն պետք է միջամտեն անձնական կյանքին։

«Այս ամենը նշանակում է, որ ոստիկանությունը մատնվելու է անգործության, օպերատիվ հեռտախուզական որևէ միջոցառում անելն արդեն դառնալու է ինքնանպատակ և օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակցի գործառույթը հավասարվելու է զրոյի, որովհետև նստելու է իր սենյակում ու հետևելու է տեսախցիկների աշխատանքին։

Ինքս չեմ հավատում, որ այս օրենքի նպատակը հանցագործությունների նախականխումն է, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Չար աղբյուրը չի կարող բարի ջուր բխեցնել», իսկ մեր պետական ողջ ապարատի ու ոստիկանության ամբողջ գործունեությունն ուղղված է ընդդիմադիրներին ճնշելուն, նրանց վերաբերյալ «կոմպրոմատներ» հավաքելուն և ցանկացած ժամանակ օգտագործելուն։

Օրենքի բուն նպատակն անձանց մասին ապօրինաբար տեղեկատվություն հավաքելն է և պետք եղած ժամանակ, ըստ անհրաժեշտության՝ դա օգտագործելն է»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ եթե, օրինակ, ոստիկանությունն այլևս անելիք չի ունենա, մասնավորապես՝ Օպերատիվ հետախուզական ծառայությունը, այդ դեպքում ինչո՞ւ է օրեցօր ավելացվում ոստիկանների թիվը, Վահան Հովհաննիսյանը հարցով պատասխանեց.

«Ո՞վ է ասում, որ ոստիկանության թիվն ավելացնում են հանցագործությունների դեմ պայքարելու համար, ես դրա հետ համամիտ չեմ։ Ոստիկանության բարեփոխումները, ոստիկանական ուժերի ավելացումը միտված է մեկ բանի՝ իշխանությունը պահպանելուն։

Այս տարի մայիս-հունիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ժամանակ գրանցվել էր ծանր հանցագործությունների աճ, տեղի ունեցավ աղմկահարույց 3 սպանություն, հենց այդ ժամանակ ամբողջ ոստիկանությունը լծված էր այդ քաղաքական պայքարը կանխելուն։ Կրկնում եմ՝ ոստիկանական ուժերի ավելացումն ուղղված է իշխանության աթոռը պինդ պահելուն»։

Տեսանյութեր

Լրահոս