Նիկոլն էս երկիրը սարքել է «միս կոմբինատ», քանի կարողանա՝ ձգելու է, զիջելու է, չկարողացավ՝ թռնելու է. ժողովրդի գլխի տակ «փափուկ բարձ» է դնում. Աշոտ Սևյան
Ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանի մոտ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան միայն բանակցություններով», պարզապես ծիծաղ է առաջացնում։
Ըստ նրա՝ կա՛մ մարդը պետք է անհեռատես լինի՝ նման հայտարարություն անելու համար, կա՛մ էլ թշնամու շահերը սպասարկող։
«Նիկոլի այս հայտարարությունից հասկացա, որ Ալիևին մեղանչում էր, ասում էր՝ «գրուզիտ» մի արեք, թողեք տեսնեմ՝ ինչ եմ անում։ Ադրբեջանն իր գծած «կարմիր գիծը» չի խախտում՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք որևէ «կարմիր գիծ» չունեն: Մինչև այսօր Ադրբեջանն իր գծած պլանով, սցենարով ու ռազմական ճանապարհով առաջ է գնում՝ կրկնելով՝ որտեղ ադրբեջանցի զինվորը կանգնած է, այնտեղ էլ իր սահմանն է։ Իսկ ի՞նչ է անում մեր երկրի օրվա իշխանությունը՝ «փափուկ բարձ» է դնում ժողովրդի գլխի տակ, դեօկուպացված տարածքների հարցով կբանակցի ու հետ կբերի։ Գիտե՞ք՝ Նիկոլն Ադրբեջանից լավագույն դեպքում ինչ է ստանալու՝ ոչի՛նչ, մի բան, որը մեր սերունդները երբեք չեն տեսնելու։ Եթե ժողովուրդն ընկավ Նիկոլի խելքին՝ մոռանալու ենք Հայաստանի մասին, ինչպես Կարսը հետ բերեցին, այնպես էլ Ջերմուկի, Սյունիքի ու Վարդենիսի կեսը հետ կբերեն բանակցություններով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։
Շարունակելով միտքը՝ ազատամարտիկն ասաց, որ այսօր Հայաստանը որևէ ասպարեզում չկա՝ ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական, քանի որ օրվա իշխանությունները բոլոր ոլորտներում ձախողել են։ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մատը մատին չի տվել բանակը զինելու համար, հետևաբար, եթե նույնիսկ Հայաստանին տան ամենահզոր զենքը, միևնույն է՝ իշխանությունն այն չի օգտագործի, քանի որ որդեգրել է զիջելու քաղաքականություն։
«Տեսեք, Նիկոլ Փաշինյանը օրենք ընդունեց, որ փողով մարդուն կարող են ազատել բանակից, հետո ասուլիս է տալիս ու հայտարարում, թե մարդիկ իրենց տղաներին հանում են երկրից, որ չծառայեն… Դուք հասկանո՞ւմ եք՝ այս մարդն ինչ է անում, սա հայն է անում, սա էլ հո թուրքը չի՞ անում։ Մեր մեջքը թշնամին չի կոտրում, այլ այն, որ երկրի ղեկավարը հայտարարում է, թե ժողովուրդը բանակում չծառայելու համար երկրից փախնում է։ Այսինքն՝ մեր երկրի ղեկավարն ի՞նչ է ասում, ասում է՝ «ունևորի տղան թող կյանքը վայելի, չունևորի տղան՝ գնա ծառայի ու մեռնի»։ Կոպիտ եմ ասում, բայց Նիկոլն էս երկիրը սարքել է «միս կոմբինատ»։ Սա մարդկանց իր ընդունած օրենքներով ասում է՝ գնացեք էս երկրից։ 35 տարի ես իմ առողջությունը, կյանքը, ամեն ինչ տվել եմ երկրին, սա եկավ, գրչի մի հարվածով ամեն ինչ ջնջեց՝ անհետ»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Նա նաև ասաց՝ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հայտարարություններով ասում է՝ «տալու եմ ու շարունակելու եմ տալ և չեմ պատրաստվում կռվել». եթե երկրի ղեկավարը նման հայտարարություն է անում, նրա կառավարած երկրի ժողովրդից ի՞նչ է պետք սպասել։
«Միշտ հիշեք, ինչպես օրվա իշխանությունն է, այնպես էլ ժողովուրդն է։ Եթե լիներ կամքով իշխանություն, ժողովուրդը ևս կամք կունենար։
Ես իմ ծննդավայրը, հորս գերեզմանն եմ թողել Արցախում, եթե Նիկոլը հաշտվել է թշնամու հետ, ես չեմ կարող հաշտվել, որովհետև քանի դեռ կա Ադրբեջանի այս քաղաքականությունը, խաղաղություն չի լինելու, Նիկոլի ասած խաղաղությունն իլյուզիա է։ Ադրբեջանը մանկապարտեզից իր քաղաքացիներին սովորեցնում է, որ իրենց «դուշմանը» հայն է, իսկ մեր ԿԳՄՍ նախարարն ասում է՝ «դե, Նժդեհը ֆաշիստ է». վերլուծեք այս տարբերությունը, ու կտեսնենք, թե ինչո՞ւ ենք այս օրին։ Հիմա Նիկոլը քանի կարողանա՝ ձգելու է, քերելու է, զիջելու է, երբ չկարողացավ, թռնելու է։ Իսկ ժողովուրդն էլ նստած սրան հավատում է, ես այս ժողովրդին չգիտեմ արդեն ինչ բնորոշում տամ»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հնչեցրած «մեղադրանքներն» անարդար էր համարել՝ կապված Հայաստանի վերազինման հետ։
«Ցանկացած երկիր ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի, և այդ իրավունքը որևէ կերպ չի կարող վիճարկվել, որովհետև միջազգային իրավունքում նաև հանրահայտ պարտավորություն կա պետությունների համար՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունը։ Այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ զինված ուժերում, ունեն միայն ու միայն այդ նպատակը։ Ավելին ասեմ, դուք գիտեք, այդ թվում՝ ընդդիմությունը մեզ քննադատում է և քննադատել է այն փաստի բերումով և պատճառով, որ ՀՀ ինքնիշխան, ավելի քան 240 քկմ տարածքն օկուպացված է։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ասեմ, որ այդ տարածքները, Հայաստանի 29.743 քկմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չեն։ Մյուս կողմից՝ մենք այսօր, վաղը և մյուս օրը խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել»,- ասել էր նա։
Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի օգտագործում թշնամի բառը, չի նշում, որ թշնամին է մեր այդ տարածքներն օկուպացրել և դուրս չի գալիս մեր տարածքներից: Ավելին, Փաշինյանը չի էլ պատրաստվում թշնամուն հանել Հայաստանի տարածքից: