
«Փաստորեն առաջին անգամ է հայտնի դառնում, կամ առնվազն՝ հայտարարվում, որ կայծակի հարվածի հետեւանքով միացել է հայկական ատոմակայանի անվտանգության համակարգը». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հաղորդագրությունը, որ տարածվեց օգոստոսի 30-ի երեկոյան, բնականորեն արժանացել է մեծ ուշադրության, քանի որ փաստորեն առաջին անգամ է հայտնի դառնում, կամ առնվազն՝ հայտարարվում, որ կայծակի հարվածի հետեւանքով միացել է հայկական ատոմակայանի անվտանգության համակարգը եւ ատոմակայանը անվտանգության նկատառումով անջատվել է էներգահամակարգից:
Այս տեղեկությունը տվել է նաեւ այսպես ասած քաղաքական, խորհրդապահական վարկածների առիթ:
Մասնագետները հայտնում են, որ կայծակի հարվածից ատոմակայանների աշխատանքի դադարեցումը՝ անվտանգության համակարգի միացման պատճառով, ամենեւին այսպես ասած անոմալ երեւույթ չէ ատոմակայանների գործունեության ընթացքում:
Ավելին, անվտանգության համակարգերը մշակվում են հենց այնպես, որ կայծակը չդառնա ավելի մեծ վթարների ու խափանումների պատճառ:
Ես բնականաբար չեմ կարող ասել, մեր դեպքում կա՞ որեւէ քաղաքականություն կամ խորհրդապահականություն, դավադրապաշտության առիթ եւ այլն: Այսօր մենք ապրում ենք այնպսիի միջազգային իրադրության ու նաեւ լրահեղեղի պայմաններում, որ մարդիկ կարող են դիտարկել ու հավատալ ցանկացած վարկած: Այսօրվա տեղեկատվական միջավայրում սպառում է ապահովված անգամ խելացնոր, անհեթեթ եզրակացությունների կամ ենթադրությունների համար:
Աներկբա է մի բան, որ առկա իրավիճակում Հայաստանի կառավարությունը պետք է կազմակերպի բավականին համակարգված եւ հետեւողական տեղեկատվական արշավ՝ գերազանցապես մասնագետների մասնակցությամբ, ներգրավվածությամբ, որոնք իրենց մասնագիտական կարծիքով կհիմնավորեն, կփաստարկեն, որ տեղի ունեցածը խոսում է Հայաստանի ատոմակայանի անվտանգության համակարգի հուսալիության մասին, որ տեղի ունեցածը վկայում է ոչ թե ինչ որ դավադրապաշտական զարգացումների, այլ ընդամենը բնական ռիսկերի հանդեպ ատոմակայանի անվտանգության համակարգի արդյունավետ արձագանքի, հետեւաբար՝ հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բարձր մակարդակի մասին:
Միաժամանակ, ըստ իս ավելորդ չի լինի տարբեր ներքին եւ արտաքին շահարկումներից խուսփելու համար անել հայտարարություն, որ Հայաստանը հրավիրում է ՄԱԳԱՏԵ պատվիրակություն, հայկական ատոմակայանը դիտարկելու եւ անվտանգության հարցում համոզվելու համար»: