Մենք հայ ենք, պետք է խեղճ չմնանք. Հիսուս Քրիստոսի արձանը ճանաչելիություն է տալու մեզ. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր առավոտյան հետևել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին։ Տեղում նա արձանի վրա աշխատող մասնագետներին մի քանի հանձնարարություն տվեց արձանն ավելի լավ տեսքի բերելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ արձանը պետք է ամբողջացվի, այնուհետև տեղափոխվի Հատիս լեռան գագաթին։
Գագիկ Ծառուկյանն արձանի ճարտարապետ Արմեն Սամվելյանի հետ զրույցում ասաց, որ արձանի մի կտորը նորմալ է, կսպասեն երկու կտորներին ևս, որպեսզի միացնեն ու տեղափոխեն Հատիս։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը խոսեց Հատիսի գագաթին Հիսուս Քիստոսի արձանը տեղադրելու գաղափարից՝ ասելով, որ այդ գաղափարի շուրջ երկար է մտածել ու այն քննարկել։
«Իմ ընտանիքի հետ եմ քննարկել, հետո՝ իմ ծանոթների, ընկերների, տարբեր ոլորտի մարդկանց հետ։ Երկար ժամանակ է պահանջվել՝ մոտ 1,5 տարի։ Իմ մեջ միտքը ծագել է, քանի որ մենք հայ ենք՝ առաջին քրիստոնյա ազգը, որ պետականորեն ընդունել ենք։ Մենք պետք է խեղճ չմնանք, ամբողջ աշխարհին պետք է ասենք, որ՝ քո կազմում կա ժողովուրդ, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Դա միայն մեզ ճանաչում ու հզորություն է տալիս, ուրիշ ոչ մի բան»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով արձանի տեղադրման հետ կապված բազմաթիվ քննադատություններին, ընդգծեց՝ դրանց նորմալ է վերաբերվում։
«Աշխարհում ինչ լավ ծրագիր էլ անեն, մեկ է՝ լինում են մարդիկ, որոնք քննադատում են, դեմ են, կողմ կամ ձեռնպահ։ Ամեն ինչի ապացույցը լինելու է ժամանակը։ Կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի ճանաչման, հզորացման հրաշալիքներից մեկը։ Ժամանակի ընթացքում ովքեր դեմ են արտահայտվում կամ ձեռնպահ, նրանք բոլորն էլ կհասկանան։ Այս ամենի մեջ ես չեմ ընդունում միայն չարախոսությունը։ Աշխարհում հզոր կառույցներ են եղել, օրինակ, Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակը, երբ կառուցում էին՝ բոլորը դեմ էին, բայց այսօր այն աշխարհի հրաշալիքներից մեկն է, և Փարիզը՝ որպես տուրիզմի կենտրոն, բոլորն էլ այդ աշտարակով հիանում են։ Այնպես որ, քննադատությունները նորմալ եմ ընդունում, այդպես էլ պետք է լինի»,- հավելեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը։
168.am-ը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս համաձայնության եկան Հայ Առաքելական եկեղեցու հետ, քանի որ եկեղեցին էլ էր քննադատում արձանի տեղադրման մտադրությունը, ինչպե՞ս է վերաբերվում եկեղեցու կողմից հնչող քննադատություններին։
Հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ հիմնականում քննադատություններ լինում են, բայց ամենակարևորը՝ հարցը քննարկվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արամ Առաջին կաթողիկոսի, Երուսաղեմի հոգևոր առաջնորդի հետ։
«Հարցեր են եղել, պատասխանել ենք։ Ես ոչ թե եկեղեցի եմ կառուցում, սա բոլորը պետք է հասկանան, այլ սա մշակութային կենտրոն է, որպես քրիստոնյա ազգ՝ պետք է բարձրաձայնենք, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Ես հավատավոր մարդ եմ, 7 եկեղեցի եմ կառուցել, նաև եկեղեցիներ եմ վերակառուցել»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը կունենա 33 մետր երկարություն և Հատիս լեռան գագաթին կտեղադրվի 44 մետր բարձրությամբ պատվանդանի վրա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում