Բաժիններ՝

«Թատրոնում միակ օտարազգին ես եմ, ռեժիսորն ասում է՝ հրաշալի գերմաներեն ես խոսում, Ավստրիայի քաղաքացի ես, ուրեմն՝ ավստրիացի ես, բայց ես հայ եմ». Արինե Ռաֆայելյան

Արինե Ռաֆայելյանը երկար տարիներ է՝ ապրում է Ավստրիայում՝ Վիեննայում, մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն երբևէ մասնագիտությամբ չի աշխատել։ Նա Վիեննայում գործող թատրոնի դերասանուհի է, նկարահանվել է նաև ֆիլմերում, գովազդային հոլովակներում։ Մի անգամ Վիեննայի մետրոյում նրան լուսանկարահանել է մոդելային գործակալներից մեկը, և այդ լուսանկարները նրա համար դարձել են ճակատագրական։

168.amի հետ զրույցում Արինեն պատմել է այդ ճակատագրական օրվա, Վիեննայում ծավալած գործունեության և Հայաստան վերադառնալու նպատակների մասին։

– Արինե, կպատմե՞ք, ե՞րբ եք Հայաստանից տեղափոխվել Ավստրիա, և Ձեր մուտքը թատրոն ու կինո ինչպե՞ս եղավ։

– Ավստրիա տեղափոխվել եմ ընտանիքիս հետ, երբ 9 տարեկան էի: 17 տարեկան էի, երբ շվեյցարացի մոդելային գործակալ Մայք Դեյվիսը պատահական հանդիպման ժամանակ առաջարկեց ինձ լուսանկարել: Օրեր անց տվեց լուսանկարներս և ասաց, որ դրանք ես կարող եմ կա՛մ օգտագործել և դառնալ հայտնի մարդ, կա՛մ կարող եմ պահել դարակում ու թողնել, որ փոշոտվեն: Ես երկար ժամանակ հետևեցի երկրորդ տարբերակին, թողեցի, որ այդ լուսանկարները փոշոտվեն դարակում: Այդ ընթացքում ստացա տնտեսագիտական կրթություն, որը երբեք ինձ պետք չեկավ փաստորեն: 25 տարեկան էի, երբ վճռեցի իմ մեջ փնտրել դերասանուհուն և ֆոտոմոդելին:

Կարդացեք նաև

2016-ին մեկնեցի Մյունխեն՝ մասնակցելու Curvy model մրցույթին: Դա ուղղակի մեկնարկ էր ինձ համար: Այնուհետև աշխատեցի պրոֆեսիոնալ լուսանկարիչների հետ և լուսանկարներս ուղարկեցի տարբեր կինոգործակալությունների: Անկեղծ ասած՝ որևէ արձագանքի չէի սպասում, և շատ զարմացա, որ 2017-ից սկսած՝ ֆիլմերում, հեռուստաշոուներում, գովազդներում նկարահանվելու առաջարկություններ եղան: Իհարկե, էպիզոդներում էի նկարվում, բայց կինոյի աշխարհում հայտնվելն ինքնին՝ ասես ոչ մի տեղից, արդեն ինձ համար մեծ իրադարձություն էր: Ի տարբերություն կինոյի, 2023-ին թատրոն ոտք դնելուն պես ստացա գլխավոր դեր՝ թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Չառլի Ռաաբի «Չինացիք գալիս են» կատակերգությունում: Դա Վիեննայի 35 տարվա պատմություն ունեցող «Rampenlicht»՝  «Լուսարձակ» թատրոնն է, որը մասնավոր կամերային թատրոն է, գտնվում է քաղաքի էլիտար թաղամասում և ունի իր կայուն հանդիսատեսը:

– Առհասարակ հե՞շտ է մուտք գործել ավստրիական կինո և թատրոն, հատկապես, եթե օտարազգի ես։

– Ո՛չ, հեշտ չէ: Նախ՝ կինոինդուստրիան Ավստրիայում շատ չի կարևորվում, և իրենց կինոյի համար նրանք չեն փնտրում օտարազգիների: Այդ պատճառով էլ ես ավելի շատ նկարվել եմ Ավստրիայում նկարահանվող ոչ ավստրիական ֆիլմերում, ոչ ավստրիացի ռեժիսորների մոտ, օրինակ՝ Բիլե Աուգուստի, Անդրեաս Շմիդի, Քրիստինե Ռոգոլի: Իհարկե, նաև ավստրիացի անվանի ռեժիսորներ են ինձ նկարել՝ Ուլրիխ Զայդըլը, Ջեսիկա Հաուսները, Ռոբերտ Դորնհելմը: Ավստրիական կինո և, առհասարակ, ավստրիական ցանկացած միջավայր մուտք գործելու համար վճռորոշ է իրենց լեզվի լավ իմացությունը: Քանի որ ես այս հարցում խնդիր չունեմ, ինձ ընդունում են՝ իբրև յուրայինի: Թատրոնում, օրինակ, ես միակ օտարազգին եմ, և երբ ես իրենց հիշեցնում եմ իմ՝ ավստրիացի չլինելու մասին, ռեժիսորը հակադարձում է՝ ասելով, որ ես հրաշալի խոսում եմ գերմաներեն, որ Ավստրիայի քաղաքացի եմ, ուրեմն ավստրիացի եմ: Բայց ես ինձ երբեք ավստրիացի չեմ զգում: Ես հայ եմ, և վերջ:

– Այս ընթացքում ի՞նչ դերեր եք կատարել, ո՞րն եք համարում Ձեր այցեքարտը։

– Իմ այցեքարտը նախ և առաջ թատրոնում խաղացած դերերն են: Բայց կարևոր եմ համարում նաև գովազդային հոլովակներում ու պաստառներում նկարվելը, որոնք նպաստում են, որ դերասանը ճանաչվի: Օրինակ՝ «Նեանդերթալցին» գովազդային հոլովակը, Ավստրիայի դաշնային երկաթուղու գովազային պաստառներն ինձ ուղղակի հետապնդում էին ամենուր, քանի որ փակցված էին Վիեննայի բոլոր նկատելի հատվածներում և հեռարձակվում էին տարբեր ալիքներով: Ավստրիական հեռուստասերիալներում, չգիտես՝ ինչու, ինձ հաճախ նկարել են ոստիկանուհու դերում, թեև ես էությամբ որևէ առնչություն չունեմ ոստիկանության հետ: Այդուհանդերձ, այդ դերով են ինձ առավել հաճախ ճանաչում մարդիկ ու իրենց վերաբերմունքն արտահայտում:

Հանդես եք գալիս և՛ թատրոնում, և՛ կինոյում, թատրոնի բեմն այլ բան է պահանջում, կինոյինը՝ այլ, որտե՞ղ եք ձեզ ավելի լավ զգում, թե՞ ձեզ համար էական տարբերություն չկա։

– Երևի թե՝ էական տարբերություն չկա: Թատրոնում պատասխանատվությունս ավելի մեծ է, որովհետև էպիզոդիկ դերերում չեմ հանդես գալիս, ինչպես կինոյում: Մի բան է՝ երևալ կինոկադրի ինչ-որ երկրորդական պլանում, ունենալ մի քանի դուբլի հնարավորություն, այլ բան է՝ լինել բեմում, խաղալ գլխավոր հերոսուհու՝ կենդանի հանդիսատեսի առաջ, և ունենալ ներկայանալու ընդամենը մեկ հնարավորություն: Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ աճին, ապա դրա հնարավորությունն անհամեմատ ավելի մեծ է թատրոնում:

Ես չունեմ դերասանական կրթություն՝ չհաշված պրոֆեսիոնալների մոտ մասնավոր դասերը: Երբ Չառլի Ռաաբին ասացի, որ նպատակ ունեմ ընդունվելու Actors Akademie՝ «Դերասանների ակադեմիա», նա ասաց, որ դրա կարիքը ես չունեմ, որ այնտեղ ինձ «կփչացնեն», որ այդ հաստատությունը տարեկան մեծ թվով շրջանավարտներ է տալիս, որոնք մնում են անգործ, և, որ թատրոնն ամենալավ դպրոցն է դերասանի համար: Ես որոշեցի հարգել այդ տեսակետը, մանավանդ, որ նման կրթություն ստանալը շատ թանկ հաճույք է Ավստրիայում:

– Այսօր հավանաբար դուք միակ հայուհին եք, ով Վիեննայում հանդես է գալիս՝ որպես թատրոնի և կինոյի դերասանուհի, Ձեզ սա պարտավորեցնո՞ւմ է, չէ՞ որ այս պահին դուք եք, որ ներկայացնում եք Հայաստանը։

– Հայաստանը ներկայացնելն ինձ համար մշտապես պարտավորեցնող է՝ անկախ նրանից՝ կինոյո՞ւմ եմ, թե՞ ոչ: Իսկ Վիեննայում հայերը, այո՛, կինոյում բացակայում են: Թեև փոքր տարիքի հայ երեխաներ կան, որ հիմա ինչ-ինչ քայլեր անում են այդ ոլորտում: Ի դեպ, նրանցից մեկն էլ իմ դուստրն է՝ Էլինան, որը նկարահանվում է 4  տարեկանից:

– Երբ Ձեր շրջապատում հետաքրքրվում են Հայաստանի մասին, առաջին նախադասությունը, որով ներկայացնում եք Հայաստանը, ո՞րն է, Հայաստանն ավելի շատ բնորոշող ի՞նչ բառերով եք ներկայացնում։

– Քանի որ մուսուլմանները շատ են Ավստրիայում, Հայաստանը ներկայացնելիս՝ նախ ասում եմ, որ մենք առաջին քրիստոնյաներն ենք, որ մենք խորը արմատներ ունեցող ազգ ենք՝ հայեր: Հայաստանի մասին խոսելիս հաճախ գործածվող բնորոշումներն են՝ տաք երկիր, արևի երկիր, հյուրընկալ երկիր: Ես այնքան եմ սիրում Հայաստանը, որ իմ բնորոշումները միայն դրական ու հիացական են:

Բացի այդ՝ սովորաբար կրում եմ հայկական աքսեսուարներով հագուստ, զարդեր, պայուսակներ, տանս կենցաղային իրերն են տեղով մեկ հայկական գովազդ: Ծանոթներիս այցելելիս անպայման հետս տանում եմ հայկական Marlenka՝ մեր մեղրով տորթը, օգտագործում Kurkdjian ապրանքանիշի օծանելիք:

Այս ամենը առիթ է դառնում, որ օտարները հետաքրքրվեն մեզանով, և, բնականաբար, խոսակցությունը հագուստից, կենցաղային իրերից, թխվածքից, օծանելիքից սահուն տեղափոխվում է ավելի լուրջ ու կարևոր ոլորտ՝ Հայաստան, հայություն, ազգային ինքնության տարրեր, իհարկե՝ նաև խնդիրներ:

Հաճախ հարցնում են՝ հայկական տարազ կրո՞ւմ եմ, թե՞ ոչ: Իհարկե, առօրյայում չեմ կրում, բայց երբեմն ֆոտոսեսիաներ եմ անում Հայաստանում մեր տարազով և ցույց տալիս լուսանկարներս իմ ավստրիացի ընկերներին. դա ևս իմ հայրենիքը ներկայացնելու լավ առիթ է դառնում, ըստ իս:

– Արինե, Հայաստան տեղափոխվելու և այստեղ Ձեր կարիերան շարունակելու մտադրություններ ունե՞ք, Ձեզ Հայաստանի բեմերում պատկերացնո՞ւմ եք։

– Հայաստան տեղափոխվելը ոչ թե սոսկ մտադրություն է, այլ գործնական նպատակ: Թե երբ դա կհաջողվի, չգիտեմ: Եվ չգիտեմ, թե որքանով ես պետք կլինեմ Հայաստանին՝ իբրև դերասանուհի:

– Այս ընթացքում հայ ռեժիսորներից, բեմադրիչներից որևէ հրավեր ստացե՞լ եք։

– Ո՛չ, որևէ հրավեր չեմ ստացել, որովհետև ինձ ոչ մի հայ ռեժիսոր չի ճանաչում՝ չհաշված մեկ-երկու ակնթարթային շփումները «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին: Փոխարենը՝ առաջարկություն է ստացել և հիմա մի ֆիլմի գլխավոր դերում է նկարվում դուստրս՝ Էլինա Ռաֆայելյանը:

– Եթե հետևում եք, ապա ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում կինոոլորտի և թատրոնի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, զարգացում տեսնո՞ւմ եք։

– Ցավոք, ես շատ տեղյակ չեմ հայկական կինոյից և թատրոնից: Իհարկե, որոշ ֆիլմեր դիտել եմ, որոշ ներկայացումներ՝ նույնպես, բայց չեմ համարձակվի ընդհանուր բնորոշում տալ տեսածիս: Եվ այնուամենայնիվ, կրկնեմ՝ ամենայն հայկականն ինձ համար սիրելի է, ընդունելի և հարազատ:

– Յուրաքանչյուր տարի ամռանը գալիս եք Հայաստան, հայրենիք գալը Ձեզ մոտիվացնո՞ւմ է։

– Ես ամբողջ տարին ապրում եմ՝ Հայաստան գալուս օրերը հաշվելով: Դրանից ավելի մեծ մոտիվացիա չի կարող լինել:

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, կա՞ն նկարահանումների հրավերներ։

– Առաջիկա ծրագիրը կապված է Rampenlicht թատրոնի հետ. պատրաստվում է նոր մանկական ներկայացում՝ ըստ Անդերսենի հեքիաթների, որում ես և Էլինան խաղալու ենք Մեծ Աստղի և Փոքր Աստղի դերերը: Կինոյից նույնպես կան առաջարկություններ, շուտով կվերադառնամ Վիեննա, և տեղում արդեն կքննարկենք բոլոր այդ նախագծերը։

Տեսանյութեր

Լրահոս