Վերելակային բանավոր պայմանավորվածություններով խեղաթյուրեց բանակցությունները. Հերմինե Մխիթարյան

«ՀՀ իշխանությունների վարած զրոյացնող արտաքին քաղաքականությունը, զրոյացնող օրակարգը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ անդրադարձավ բանակցային գործընթացի վրա բացասական առումով»,-այս մասին «Բանակցային գործընթացի վայրիվերումները 2018-ից մինչև 44-օրյա պատերազմ» թեմայով իր զեկույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը՝ հանդես գալով ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» վերտառությամբ համաժողովում։

Հերմինե Մխիթարյանն ասաց, որ իշխանության գալով՝ ներկայիս իշխանությունները տևական ժամանակ պնդում էին, որ բանակցություններ չկան, որ իրենք, իրենց իսկ ձևակերպմամբ, մտքերի փոխանակում են իրականացնում, իսկ այդ մտքերի փոխանակում կոչվածը հետագայում շատ լուրջ ազդեցություն ունեցավ իրական պրոցեսների վրա։ Նրա խոսքով, զավեշտալի էր նաև այն, որ այդ ամբողջ ընթացքում հնչում էին նաև խոստովանություններ այն մասին, որ բանակցային գործընթացի պատմությանը Փաշինյանը ծանոթանում է Ալիևի օգնությամբ։

«Բանակցային գործընթացում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո առաջին շփումները տեղի ունեցան 2019-ի մարտի 29-ին Վիեննայում. սրանից առաջ էլ Փաշինյանը փորձում էր ներկայացնել, թե չկա բանակցային օրակարգ, որ պետք է հստակեցվի ձևաչափը, քանի որ ինքը ներկայացնում է ՀՀ-ն, ոչ՝ Արցախը, սակայն արդյունքում՝ թե՛ ադրբեջանական կողմը, թե՛միջնորդներն արդեն հստակեցրին, որ խոսքը այլ որևէ բանի մասին չի կարող լինել, քան բուն բանակցային պաշտոնական գործընթացը։ Սրա հետ կապված՝ ՌԴ ԱԳ նախարարը մեկ տարի անց՝ 2020 թվականին, արեց հետաքրքիր պարզաբանում, որ 2019 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կողմերին շատ կոնկրետ առաջարկներ են ներկայացվել, խոսքն այս դեպքում փուլային առաջարկների մասին է»,-ասաց Մխիթարյանը։

Ըստ նրա՝ այդ փուլում արվում էին հայտարարություններ, որոնք էական հարված էին հասցնում հայկական կողմերի դիրքերին, հարվածում էին տասնամյակներով կուտակված կապիտալին, խեղաթյուրում էին բանակցային տրամաբանությունը, հետագայում ևս ականատես եղանք դրանց բացասական հետևանքներին։ Նա թվարկեց Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունները Փաշինյանի պաշտոնավարումից ամիսներ անց՝ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Դուշանբեի վերելակում պայմանավորվածություններ ձեռքբերեցին երեք կետերի շուրջ՝ սահմանային իրավիճակի լարվածության նվազեցում, հավատարմություն բանակցային գործընթացով խնդրի կարգավորմանը, օպերատիվ կապի ձևավորում։ «Այդ պայմանավորվածությունները որոշակի դրական կողմեր ունեին՝ ղեկավարների միջև կապի, երկխոսության հաստատման տեսանկյունից»,-ասաց Մխիթարյանը՝ շարունակելով, որ բացասականը, իհարկե, շատ էր։

Կարդացեք նաև

Նա արձանագրեց, որ բանակցային օրակարգից դուրսմղվեցին Վիեննայի, ՍանկտՊետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները, որոնք ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերված պայմանավորվածություններ էին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս