«Ապագան» այս մարդկանց համար էլ եկավ

Ժամանակին, երբ պետք է եղել, Նիկոլ Փաշինյանը շատերին է գայթակղիչ խոստումներ տվել, առիթը բաց չի թողել, չի զլացել ականջահաճո հայտարարություններ անել։ Հետո, իհարկե, «մոռացել» է այդ մասին, դրժել է խոստումները, հրաժարվել ասածներից, հակառակն է արել։

Հավանաբար շատերն են հիշում, թե ժամանակին ինչպես էր հաճոյանում տաքսու վարորդներին։ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական կաշառք էր բաժանում, հայտարարում էր, թե անհատ տաքսու վարորդները տաքսի ծառայություն մատուցելու համար ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, կարող են ազատ աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու, քանի որ ընտանիք պահելու խնդիր են լուծում:

Այսօր նույն տաքսու վարորդներին դրել են տուպիկի մեջ ու պահանջում են ոչ միայն վճարել, այլև պարտադրում են այնպիսի պայմաններ, որոնք վաղը շատերին պարզապես փաստի առաջ են կանգնեցնելու։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար նոր պայմաններ են գործելու, նոր կարգավորումներ են մտնելու, հարկային բեռն է ավելանալու։

Կարդացեք նաև

Թե ինչո՞ւ հենց սեպտեմբերի 1-ին, երբ տարեվերջին ընդամենը մի քանի ամիս ժամանակ է մնացել ու, ինչպես սովորաբար, նման փոփոխությունները կարող էին գործողության մեջ դնել հաջորդ տարվա սկզբից։ Բայց որոշել են օր առաջ անել. Բյուջեն ֆինանսական խնդիրներ ունի, որտեղից հնարավոր է՝ փորձում են փող քերել, որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ ստիպված լինեն իրենց զրկել ճոխություններից, շրջագայություններից, բյուջեի հաշվին զվարճանքներ ու ֆեստիվառներ, քեֆ-ուրախություններ կազմակերպելուց։

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները կգործեն այլ կարգավորումների դաշտում։ Ուղևորափոխադրումներ կկարողանան իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։

Թե քանի՞ տաքսիստ այսօր կարող է էլեկտրոնային հաշիվ դուրս գրել ու նաև էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել, դժվար չէ պատկերացնել։ Բայց դա ո՞ւմ է հետաքրքիր։ Իշխանություններին միայն փողն է հետաքրքրում։ Ու նրանք, ովքեր տաքսի ծառայություն կմատուցեն՝ խախտելով օրենքը, կենթարկվեն խիստ պատասխանատվության։

ՀԴՄ կտրոն չտրամադրելու յուրաքանչյուր դեպքում կտուգանվեն 200 հազար դրամի չափով։

Մարդիկ ամսական 200 հազար դրամ չեն վաստակում, բայց պատրաստվում են 200 հազար դրամի տուգանքի տակ դնել՝ ամեն խախտման համար։

Այս պահանջը կատարելու համար տաքսու վարորդները երևի պիտի սկսեն նաև հաշվապահություն սովորել, որպեսզի էլեկտրոնային հաշիվ կարողանան դուրս գրել, ՊԵԿ-ին հաշվետվություն ներկայացնել ու էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել։

Ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում, տուգանքն ավելի մեծ կլինի՝ 500 հազար դրամի չափով։ Այս ամենի նպատակը դժվար չէ հասկանալ. հսկել տաքսիների շարժը՝ հարկելու համար։

Սա բերելու է դաշտի կենտրոնացման։ Շատերը, հատկապես անհատները, դուրս կմնան։

Մի քանի ամիս տաքսիստները կվճարեն փոխադրման արժեքի 1,5-2 տոկոսը։ 1,5 տոկոս կլինի՝ անկանխիկի, 2 տոկոս՝ կանխիկ վճարելու դեպքում։

Հետո հարկային բեռն աստիճանաբար կբարձրանա։

Հաջորդ տարվա սկզբից՝ կանխիկի դեպքում՝ կլինի 3,5, անկանխիկի դեպքում՝ 2,5 տոկոս։ Մեկ տարի հետո կանխիկը կդառնա՝ 5, անկանխիկը՝ 4 տոկոս։

Դատելով իշխանությունների իրականացրած հարկային քաղաքականությունից, հարկային բեռի ծանրացումը, բնականաբար, սրանով էլ չի սահմանափակվի։ Հետո էլ հավանաբար կհարկեն ընդհանուր հարկային համակարգով, որի տակ քայլ առ քայլ մտցնում են բոլորին։

Հարկային բեռի ավելացումը, անկասկած, կբերի տաքսի ծառայության գների բարձրացման։ Թե ինչքա՞ն կթանկանա, ժամանակը ցույց կտա։

Բայց թանկացումը միայն փոխադրման վրա հարկ դնելով չի սահմանափակվի։

Էլեկտրոնային հարկային հաշիվ դուրս գրելու համար տաքսու վարորդներին անհրաժեշտ կլինի ունենալ մշտական ինտերնետ հասանելիություն։

Տաքսիստներին հարկելով՝ կառավարությունը ևս մեկ խորամանկ քայլ է կատարել։ Ոչ միայն պարտադրելու է բոլորին անցնել հարկային մամլիչի տակով ու շրջանառությունից հարկ վճարել, այլև պատրաստվում է սրանով հարկել նաև տաքսիստների եկամուտները։

Էլեկտրոնային հաշիվների դուրսգրումը թույլ կտա հարկային մարմիններին հետևել նրանց եկամուտներին ու այդ եկամուտներից 20 տոկոս եկամտային հարկ գանձել։ Ուղևորափոխադրումներից շրջանառության հարկ կգանձեն, կարևոր չէ, թե դա ինչպես կկոչեն, եկամուտներից՝ եկամտային հարկ։

Առցանց աշխատող տաքսի ծառայությունները ստիպված կլինեն ձեռք բերել ծառայության մատուցման իրավունք։ Իսկ ծառայության մատուցման իրավունքը փող արժե, սահմանված է տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով։

Այլ կերպ՝ 1 մլն դրամ։

Այս ամենը նշանակում է, որ տաքսի ծառայություն մատուցողների, այդ թվում՝ անհատ տաքսիստների համար, սկսվելու են մղձավանջային ժամանակները։ Ամեն քայլափոխի նրանք դառնալու են թիրախ հարկայինի համար։

Խոստանում էին, որ առանց որևէ վճարի կարող են ազատ աշխատել, այսօր կանգնեցրել են փաստի առաջ։ Ոչ միայն հարկային բեռ են դրել, այլև այնպիսի պայմաններ են պարտադրում, որոնց ապահովումը, թեկուզ տեխնիկապես՝ խնդիր է դառնալու։

Շատերը, որոնք օրվա հաց վաստակելու անհրաժեշտություն ունեն ու դա անում են տաքսի ծառայություն մատուցելով, ստիպված կլինեն հրաժարվել դրանից։

Ապագան, որն ասում էին՝ կա, փաստորեն այս մարդկանց համար էլ եկավ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս