Ռուսաստանի ու Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններն ավարտվել են. Արմեն Բադալյան

Մոտ մեկ ամիս առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Այս հայտարարությանն անմիջապես հետևել էր Ադրբեջանի ԱԳ նախարարության արձագանքը. նախարարության խոսնակ Հաջիզադեն ասել էր, որ «Բաքուն միշտ պատրաստ է Հայաստանի հետ բանակցել ՌԴ-ում և այլ վայրերում»։

Հայկական կողմից մինչև այժմ պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել։

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս հայտնել էր, որ «ռուսական հարթակը Բաքվի համար ընդունելի է»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՀՀ-ում իշխանությունն ինքնուրույն չէ, ուստի նա չի կարող որոշել, թե որ հարթակն է ավելի ընդունելի հայկական շահի տեսանկյունից։

Կարդացեք նաև

«Հայկական կողմը՝ ի դեմս իշխանությունների, Արևմուտքի կողմից կառավարվող խամաճիկային սուբյեկտ է, ուստի դժվար է ասել, թե Հայաստանի համար որ հարթակն է ավելի ցանկալի։ Իսկ Արևմուտքի համար ռուսական հարթակը ցանկալի չէ։ Հետևաբար՝ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունն Արևմուտքի խամաճիկային սուբյեկտն է, ռուսական հարթակը մերժելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը վստահ է՝ քանի դեռ ՀՀ-ում կառավարման ղեկին օրվա իշխանությունն է, Հայաստանը բոլոր կողմերով  հաջողություններ չի ունենալու՝ հաջողության մասին նրանց օրոք պետք է մոռանալ։

Արմեն Բադալյանն այս համատեքստում անդրադարձավ նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ՀՀ իշխանությունները սաբոտաժի են ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը, որի փաստաթղթի տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ այս ամենը զավեշտալի է, երբ համաձայնագրի մի կողմը՝ Ադրբեջանը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվում է Արցախի Հանրապետության վրա, բռնի տեղահանում արցախահայերին, և Ռուսաստանը դա չի դատապարտում, իսկ ռուս խաղաղապահները, որոնք կոչված էին դա կանխելու՝ լուռ համաձայնությամբ դա թույլ են տալիս։ Եվ այսքանից հետո Ռուսաստանը դատապարտում է հայկական կողմին։

«Պետք է վերականգնվի 2023 թվականի սեպտեմբերի 18-ի իրավիճակը, այսինքն՝ երբ Արցախի մի հատվածը կար արցախահայերով, քանի դեռ այս վիճակը չի վերականգնվել, նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը համարվում է գոյություն չունեցող։ Այս պայմաններում սաբոտաժ անում են ռուս-ադրբեջանական կողմերը։ Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ իշխանությունը որքանով է խամաճիկային, չի կարող կյանքի կոչել այդ պայմանագիրը, որն իրականում գոյություն չունի այս պահին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Խոսելով Պուտինի՝ Բաքու կատարած այցի մասին, քաղտեխնոլոգը նկատեց՝ ցանկացած երկիր՝ լինի Մոսկվան թե այլ պետություն, առաջնորդվում է միայն ու միայն իր երկրի պետական շահով։

«Եթե այսօր Մոսկվային պետք է, որ գազ վաճառի Եվրոպային Բաքվի միջոցով, նա դա կանի։

Բաքվում Պուտինն այցելել է նաև շեհիդների պուրակ, որտեղ հուղարկավորված են այն զինվորները, որոնք Արցախում սպանել են հայ զինվորների։ Իսկ հայ զինվորները ՌԴ զինվորների դաշնակիցներն են ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Այս ամենը նշանակում է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, դադարել է գոյություն ունենալ։ Անկախ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից, ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարը չի կարող գնալ ու ծաղիկներ խոնարհել մի զինվորի գերեզմանին, ով սպանել է իր դաշնակցի զինվորին։ Պատկերացնո՞ւմ եք, Միացյալ Նահանգների նախագահը գնա ու Դոնեցկում կռված ու ուկրաինացի զինվորներին սպանած ռուսների գերեզմանին ծաղիկներ դնի։

Արևմուտքը հարգում է իր սկզբունքները, իսկ ՌԴ-ն՝ ոչ։

Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններն ավարտվել են»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս